Հայերեն   English   Русский  

​Բուսակերներն ու հումակերները վտանգում են առողջությունը


  
դիտումներ: 2274

Ամեն ինչի նորաձևություն լինում է: Այսօր վատ սովորույթներից ձերբազատման նորաձևության շրջանն է: Մարզադահլիճ ու լողավազան հաճախելն ինչ-որ տեղ իմիջի հարց է դարձել, իսկ սննդի մեջ միայն բնական, ոչ մսային կամ էլ հում մթերքներ գործածելն էլ նաև կամքի արտահայտություն է:

Տարվում ենք նորաձևությամբ, առանց խորանալու դրա համապատասխանության մեջ:

Մասնագետները խորհուրդ են տալիս` մինչև հումակերության կամ էլ բուսակերության անցնելը, պետք է մի քանի բան իմանալ այդ սննդակարգերի մասին: Պետք է իմանալ օրգանիզմի առանձնահատկություններն ու սննդի ազդեցության մասին: Ծանրութեթև անել հակացուցումները, մի լավ խորհել, ապա նոր ինչ-որ իմաստով` ճակատագրական որոշում կայացնել:

Իսկապես էլ, մթերքը եփելիս քայքայվում է վիտամինների մի մասը, հատկապես` ասկորբինաթթուն` 60-100%: Քայքայվում են կենսաբանական ակտիվ այն նյութերը, որոնք մեզ պաշտպանում են ուռուցքային հիվանդություններից:

Բայց, եթե մարդը ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ ունի (դուոդենիտ, գաստրիտ, էնտերիտ, կոլիտներ ևն), ապա հումակերության դեպքում կոշտ բուսական բջջանքը կարող է հանգեցնել տրակտի լորձաթաղանթի վնասմանն ու այդ հիվանդությունների սրմանը: Մեր օրգանիզմի վրա նման սթրեսային ազդեցություն է ունենում նաև բուսական սննդակարգը:

Իսկ կարելի՞ է արդյոք ժամանակ առ ժամանակ, սակայն ոչ տևական ընթացքով անցնել նման սննդակարգերի:

Մասնագետներն ասում են, որ եթե առողջական խնդիրներ չկան, ապա կարելի է ժամանակավորապես անցնել բուսական սննդակարգի, ասենք` պահքի շրջանում, ու դա կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն եթե կամենում եք լրիվ փոխել սնվելու համակարգը, ապա պետք է իմանալ, որ թե՛ բուսակերության և թե՛ հումակերության դեպքում մեծ ռիսկեր կան: Բուսական սնունդ նախընտրողները պետք է գիտենան, որ չեն ստանում այն անփոխարինելի ամինաթթուները, որոնք պարունակվում են կաթի, մսի ու ձկան մեջ: Դա շատ վտանգավոր է երեխաների ու դեռահասների, ինչպես նաև հղիների ու կերակրող մայրերի համար: Դրանից կարող են խանգարվել երեխայի աճի ու զարգացման տեմպը: Բացի այդ, կենդանական ծագման սպիտակուցներն ավելի հեշտ են յուրացվում, քան բուսականը: Նման սննդակարգերը վտանգավոր են կանանց, հատկապես հղիների համար, որովհետև, բուսական սննդի մեջ հեշտ յուրացվող երկաթի ու արյունաստեղծ В12-ի բացակայությունը կարող է հանգեցնել սակավարյունության (անեմիա) զարգացման:

Կենդանական սննդի բացառումը կարող է ցինկի, հեշտ յուրացվող կալցիումի (կաթնամթերքում է պարունակվում), ռետինոլի (վիտամին А) պակասի հանգեցնել, իսկ որոշ վիտամինների անբավարարությունը հղի է ռախիտի ու հասակի աճի կանգով:

Երդվյալ բուսակերների մոտ կարնիտինի անբավարարության զարգացման հավանականություն է առաջանում. դա վիտամինանման նյութ է, որն անաբոլիկ ու ընդհանուր առողջարարական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա ու այն նույնպես միայն կենդանական մթերքներում կա (միս, կաթ): Ավելին, մեթիոնինն ու լիզինը (կարնիտինի սինթեզի համար անհրաժեշտ ամինաթթուները) նույնպես բուսական մթերքներում բավարար քանակությամբ չեն պարունակվում: Իսկ իրականում, կարնիտինն անհրաժեշտ է մարդուն, քանի որ այն նպաստում է ճարպի նվազմանը, պաշտպանում սիրտը իշեմիայից, ապահովում օրգանիզմի էներգամատակարարումը, ֆիզիկական ու մտավոր աշխատունակությունը: Դրա համար էլ, նա ով տևական ժամանակ չի օգտագործում կենդանական սնունդ, կարնիտինի անբավարարություն ունենալու հավանականության է մատնում իրեն, ինչի հետևանքը գերհոգնածությունն է, մկանային թուլությունը, գիրանալու հակումը:

Ի դեպ, կարնիտինի անբավարարության նկատմամբ տղամարդիկ ավելի զգայուն են:

Իսկ եթե երբեմն նաև միս, ձու ու ձուկ սննդաբաժնում հայտնվի, ապա դա կարելի է առողջ սննդակարգ համարել:

Այս ամենից բացի, հարկ է նշել, որ որոշ բուսամթերքներ արտահայտված ալերգիկ ազդեցություն են ունենում, օրինակ` գետնանուշը, սոյան, պնդուկը, ելակը, մորին ու մոշը, խաղողը ևն:

Եթե դուք ալերգիա ունեք, ասենք` ելակից, ուրեմն պետք է օրգանիզմի նման ռեակցիա սպասեք նաև մոշի ու ազնվամորու դեպքում, եթե գազարից` ապա կունենաք նաև մաղադանոսից ու նեխուրից:

Պետք է մի լավ ծանրութեթև անել այս կամ այն սննդակարգին անցնելուց կամ ինչ-որ բան բացառելուց առաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: