Կետ առ կետ համեմատվելու են Պերմյակովի ցուցմունքներն ու առկա ապացույցները
Գործընթացին ներսում հետևող փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ ծանոթացել են ռուսական կողմի կատարած փորձաքննությունների եզրակացություններին, և հենց այդ շրջանակներում է, որ այս փորձաքննությունն անցկացնելու միջնորդություն է ներկայացվել:
ՙԿան նոր տվյալներ, որոնք հետագա գործողությունների տեղիք են տալիս: Բայց հիմնական արդյունքը այսօրվա դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություններից է, դրանց ստացումից հետո մենք կամփոփենք ամբողջ իրականությունը: Այսօր մեզ համար բավական էական հանգամանքներ կային. գուցե մինչ այս պահը որոշ հանգամանքներ այլ կերպ էինք ընկալում, այսօր մեզ համար ավելի նոր վարկածների կամ տեսակետների տեղիք տրվեց՚, - նշեց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի փոխանցմամբ, թեև դեռ չունեն այս փորձաքննությունների եզրակացությունները, սակայն միայն գործընթացին մասնակից լինելով, բավական հետաքրքիր տվյալներ են ձեռք բերել. ՙԻհարկե, որոշակի հակասություններ ու համընկնումներ կան, բայց որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտանք, ճիշտ կլինի ամբողջովին ուսումնասիրենք, կետ առ կետ համեմատենք նրա ցուցմունքը դեպքի այն հանգամանքների հետ, որոնք օբյեկտիվ ինչ-որ ապացույցներով կարողացել ենք հաստատել՝ դեպքի վայրի զննություն, փորձաքննություններ... Այս ուսումնասիրությունների արդյունքում նոր կկարողանանք միանշանակորեն կարծիք կազմել և ասել, թե որքանով են նրա ցուցմունքներն արժանահավատ՚:
Իսկ այսօր կատարված դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները երբ պարզ կլինեն հարցին, փաստաբանները չկարողացան պատասխանում ժամկետներ նշել: