Հայերեն   English   Русский  

Իշխանության շանսերը կախված են «հրաշալի քառյակի» որոշումների՞ց


  
դիտումներ: 1353

Քաղաքական զարգացումների ընթացքը վերջին օրերին մի փոքր շեղվեց, երբ ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ իշխող քաղաքական ուժին լքում է կոալիցիոն ամենահավատարիմ գործընկերը` «Օրինաց երկիր» կուսակցությունը: Սա թերևս ավելի անսպասելի էր, քան դրանից առաջ տեղի ունեցած ոչ պակաս շոկային իրադարձությունը` Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Իսկ շեղումը մեծ չէր, որովհետև, ըստ էության, ՕԵԿ-ը` որպես քաղաքական ուժ, վաղուց արդեն զուգորդվում էր քաղաքական կցորդի հետ և եղանակ չէր փոխում քաղաքական դաշտում:
Այնուամենայնիվ, այս հարցը հետաքրքրեց շատերին, հատկապես` իշխանության ներսում իրականացվող ներխոհանոցային խմորումների տեսանկյունից:
Այս փոփոխություններն ո՞ւմ սցենարով են կազմակերպված և ի՞նչ են նախանշում. հնչեցին հակասական կարծիքներ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը, Ռոբերտ Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունները համարում է Սերժ Սարգսյանի թուլացման նշան:
Այն տեսակետին, թե հենց Սերժ Սարգսյանն էլ Արթուր Բաղդասարյանին «գործուղել» է ընդդիմություն, Լևոն Զուրաբյանը պատասխանում է. «Եթե անգամ այդպես է, ապա դա էլ է իշխանության թուլացման նշան: Իսկ ինչո՞ւ առաջ չէր գործուղում: Սա նշանակում է, որ նման անհրաժեշտություն կա: Իսկ եթե դա արվել է ԲՀԿ-ին թուլացնելու համար, ապա կրկին նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը թուլացել է»:

Խոսելով կոալիցիայի մասին` Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ ընդհանրապես ժողովրդավարական երկրներում կոալիցիա կազմվում է միայն այն դեպքում, երբ որևէ կուսակցություն անհրաժեշտ թվով մանդատներ չի ունենում խորհրդարանում. «Կոալիցիան ընդհանրապես իշխանության թուլությունն է ցույց տալիս, և գալիս է նրանից, որ որևէ կուսակցություն չի կարող ինքնուրույն իր խնդիրները լուծել: Եթե կարող է, ապա բացառվում է, որ լինի կոալիցիա»:
Այդ դեպքում ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունը, որն ունի բացարձակ մեծամասնություն, ձգտում կոալիցիայի: «Որովհետև իրենք էլ գիտեն, որ իրենց մեծամասնությունը կեղծ մեծամասնություն է, փորձում են իրենց լեգիտիմության պակասը լրացնել կոալիցիաներ ստեղծելով»,- պատասխանում է նա:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ շատ կարևոր է, որ երկրում ծավալվում է քաղաքական գործընթաց, որին մասնակից են դառնում նաև հանրությունն ու քաղաքացիական կառույցները, և իշխանությունները գոնե հաշվի են նստում ընդդիմության ու քաղաքացիների պահանջների հետ. «Թեկուզ այն, որ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ստիպված նահանջեց և հայտարարեց պարտադիր բաղադրիչի ժամանակավոր կասեցման մասին, նույնպես քառյակի, հանրության, քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ հաղթանակն է: Հիմա մենք սկսել ենք տանել փոքր հաղթանակներ, բայց իհարկե, դրանց վրա չի կարելի կանգնել, որովհետև հենց որ իշխանությունն ամրապնդի իր դիրքերը` կխլի այդ հաղթանակները»:

Ըստ Զուրաբյանի` իշխանության շանսերը հիմա կախված են քառյակի որոշումներից. «Եթե քառյակը հապաղի, իշխանությանը շանսեր կտա»:

Բայց ինչպես երևում է, հրաշալի քառյակը հապաղում է. «Այս պահին քառյակում դեռևս քննարկումները գնում են, և պետք է հանգենք նույն օրակարգին»,- ասում է Զուրաբյանը` անուղղակիորեն խոստովանելով, որ իրենց համար գլխավոր հարցի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ համախմբումն այդպես էլ չի ստացվում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը համարում է սովորական քաղաքական գործընթաց, որտեղ չպետք է դավադրությունների տեսություն փնտրել: «Կարող եք հիշել, թե այս ընթացքում որ քաղաքական ուժերը որ ժամանակահատվածում որ դաշտում են եղել, քաղաքական բնականոն գործընթաց է տեղի ունենում»:

Նա նաև կարծում է, որ որևէ ուժ չպետք է իրեն իրավունք վերապահի ասելու, թե ով է ընդիմադիր, ով ոչ. «Դա ընթացքը ցույց կտա, բոլոր դեպքերում քառյակի օրակարգում ՕԵԿ-ին մեր շարքերն ընդունելու հարց չկա, որովհետև նման հարցադրում էլ չկա»:

Այն վարկածին, որ ՕԵԿ-ին ընդդիմություն է «գործուղել» Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանում է. «Գնահատականներ կտամ միայն կոնկրետ գործունեության հետ կապված: Իսկ թե հետագայում ՕԵԿ-ն ինչ քաղաքական կուրս կորդեգրի` դա իր իրավունքն է»:

Այնուամենայնիվ, ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են հերթական նիստին, որտեղ քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում նաև պարտադիր կուտակայինի հետ կապված հարցը, արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված հարցերը և իհարկե ներքաղաքական հարցեր: Հնարավոր է` հանդես գան որոշակի ընդհանուր հայտարարությամբ:

Իսկ ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով` պատասխանելով մի շարք հարցերի, որոնք ամենայն հավանականությամբ ոչ թե պարզաբանում կմտցնեն իրավիճակի մեջ, այլ կառաջացնեն նորանոր հարցեր, իսկ գլխավոր հարցը, թե ինչու ՀՀԿ-ի հետ նույն նավին գտնվող ՕԵԿ-ը որոշեց փոխել իր նավը և նավարկել բոլորովին հակառակ ուղղությամբ, այդպես էլ կմնա դավադրությունների տեսության ոլորտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: