Հայերեն   English   Русский  

Պատժամիջոցների վերացումը նոր որակ կապահովի հայ-իրանական հարաբերություններին


  
դիտումներ: 990

Իրանի և «Վեցնյակի» երկրների հարաբերությունների կարգավորումը մեծ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա: Իրանը, ամենայն հավանականությամբ, կվերականգնի իր դիրքերը տարածաշրջանում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:

Ըստ իրանագետ Գոհար Իսկանդարյանի՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստեցին բանակցությունների զարգացմանը. նախ՝ ուկրաինական ճգնաժամը, ինչի պատճառով ռուսական գազը չէր հասնում Եվրոպա, և եվրոպացիները դժվարությունների առաջ էին կանգնում: Նրանք իրանական գազի կարիքն ունեն:

«Երկրորդ` տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ է. թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան հասկանում են, որ այս խնդիրները լավագույն կերպով լուծելու ունակ պետությունն Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Այդ պատճառով պետք է Իրանի հետ բանակցել և բերել նրան ավելի ընկալելի դաշտ, որպեսզի կարողանան ապավինել նրա աջակցությանը: Անգամ ամենաբարդ պահերին Իրանը և ԱՄՆ-ն համագործակցեցին իրար հետ, ինչպես Աֆղանստանում թալիբների դեմ»,- «Անկախի» հետ զրույցում ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը դրական երևույթ է շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար:

Պատժամիջոցների թուլացումն առաջին հերթին տնտեսական առումով դրական ազդեցություն կունենա: Իրանագետի խոսքով՝ ունենալով ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ՝ Իրանը կավարտի այն ծրագրերը, որոնք սկսել էր իրականացնել. օրինակ` Մեղրիի հէկ-ի կառուցումը:

«Սակայն չպետք է սպասել, որ նրանք պատժամիջոցների վերացումից հետո կուտակվող գումարը կվատնեն Հայաստանի վրա. նրանք նույնպես ունեն լուրջ խնդիրներ, որոնք այս տարիների ընթացքում կարոտ են մնացել լուծման»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում մատնանշեց այն առավելությունները, որ Հայաստանը ձեռք կբերի արդեն պատժամիջոցներից ազատված երկրի հետ հարաբերությունների արդյունքում. «Հայաստան-Իրան հարաբերություններում մենք առաջին հերթին ունենք առևտրային շահեր: Արտահանման տեսանկյունից նա Հայաստանի Հանրապետության 4-րդ գործընկերն է: Այս ցուցանիշները բարձրացնելու հնարավորություն և կամք կա: Իրանը Հայաստանի համար տուրիստներ ապահովող երկիր է: Եթե Իրանում ավելի լավ ապրեն, դեպի Հայաստան հոսքը կմեծանա և տուրիզմին հատկացվող նրանց գումարները ևս կմեծանան: Հյուսիս-Հարավ ճանապարհի պատրաստ լինելու դեպքում Իրանից եկող տարանցիկ փոխադրումները և բեռնափոխադրումները դեպի Վրաստան, Եվրոպա մեծ աճ կունենան: Հայաստանը ստանալու է մեծ առավելություն և կարողանալու է Իրանի ներուժն օգտագործել»:

Տնտեսագետը շեշտեց, որ Իրանը բավական լուրջ պոտենցիալ ունի և՛ ինժեներական, և՛ ինովացիոն առումներով: Բավական զարգացած տնտեսություն ունի, որից շատ բան ունենք սովորելու:

Ստեղծված հնարավորությունից առավելագույն օգուտներ քաղելու համար մեծ աշխատանքներ պետք է տանեն հայաստանցի մասնագետները: Թեև տարածաշրջանում Իրանը ՀՀ կարևորագույն դաշնակիցն է, նրա հետ հարաբերություններում բացթողումներ կան: Նախատեսվում էր, որ մեկ միլիարդ դոլարի պետք է հասներ ապրանքաշրջանառությունը, բայց 300 միլիոն դոլարից չի անցնում: Իրանը 22 տարի է` հարաբերվում է Հայաստանի հետ, բայց մինչ օրս արտոնյալ սակագների մասին համաձայնագիր չկա: Եթե Հայաստանի և Իրանի միջև նաև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր կնքվի, ապա կկարողանանք օգնել նաև զբոսաշրջության աճին: Այս խնդիրը մատնացույց է արել ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Մոհամմադ Ռեյիսին:

Այս տեսանկյունից ամենաշատ հուզող թեման հայ-իրանական երկաթգծի կառուցումն է: Սա պատահական չէ. եթե այս ծրագիրը հնարավոր լինի իրականացնել, Հայաստանը փաստացի դուրս կգա շրջափակումից: Հայաստանն այլևս կախված չի լինի Վրաստանից: Սակայն երկաթգծի կառուցումը դեռևս միայն խոչընդոտների է հանդիպում, որոնցից առաջինը ֆինանսական հարցն է: Իրանը պատրաստ է կառուցել միայն իր տարածքում գտնվող 60 կմ-ը. «Խոշոր ատյաններում հաճախ է քննարկվում երկաթգծի կառուցման հարցը: Եթե կարողանան պայմանավորվածության գալ, եթե մեր դիվանագիտությունը կարողանա ներգրավել հետաքրքրված ուժեր և երկրներ, սա բավական կնպաստի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս քայլով Հայաստանի մեկուսացումը պատության գիրկը կանցնի»,- կարծում է Գոհար Իսկանդարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: