Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել
«Նման զենքերի օգտագործումն անընդունելի լարվածություն է առաջացնում հակամարտությունում։ Մենք մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ միջազգային սահմանի և շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ։ Մենք հնարավոր ամենավճռական ձևով կողմերին կոչ ենք անում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից: Կողմերը պարտավորություն ունեն Ժնևի կոնվենցիայով պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի համանախագահներն ափսոսանքն են հայտնել, որ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախաշեմին և հույս են հայտնել, որ նախարարները լուրջ քննարկում կունենան բռնության սրման և բանակցային կարգավորման վերաբերյալ առկա խնդիրների շուրջ։
«Այս պահին մենք չենք կարող հստակ հասկանալ, թե ինչպես է ծագել բռնությունը, քանի որ յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում, ուստի կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները»,- նշված է հայտարարության մեջ:
Համանախագահները նշել են նաև, որ կշարունակեն իրենց աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ լարվածությունը թուլացնելոււ և տևական ու խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։