Ադրբեջանում խուզարկել են լրագրողի բնակարանը՝ առգրավելով նկարահանող սարքավորումները
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության աշխատակիցները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող լրագրող Իսլամ Շիհալիի վարձակալած բնակարան՝ խուզարկում իրականացնելով այնտեղ: Լրագրողն այդ ընթացքում տանը չի եղել:
Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատավականը, խուզարկությունը տևել է 3 ժամ: Խուզարկությունից առաջ դատախազության աշխատակիցների հետ բնակարան են ներխուժել նաև Ներքին գործերի նախարարության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչները, սակայն նախքան խուզարկությունը նրանք հեռացել են:
«Խուզարկության ժամանակ բնակարանում եղել է իմ ընկեր Օրհան Ռուստամզադեն: Առգրավել են նկարահանմանն առնչվող բոլոր սարքավորումները՝ համակարգիչը, տեսախցիկը, եռոտանին, միկրոֆոնը, հիշողության քարտը, հեռախոսը, ինչպես նաև՝ փաստաթղթերը: Մնացած բոլոր իրերս սենյակով մեկ նետված են եղել»,-ասել է Շիհալին:
Ընդ որում, լրագրողի գործընկերոջը՝ Օրհան Ռուստամզադեին, տարել են դատախազություն և Meydan TV, Շիհալիի աշխատանքի վերաբերյալ հարցաքննել: Նրա միջոցով Շիհալիին տեղեկացրել են, որ պետք է ներկայանա քննչական վարչություն:
Ավելի վաղ իրավապահները խուզարկել էին Meydan TV-ի հետ համագործակցող մեկ այլ լրագրող Ջավիդ Աբդուլլաևի վարձակալած բնակարանը: