Հայերեն   English   Русский  

Այսօր սուրճի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 2143

Սուրճի ազգային տոնը նշվում է աշխարհի մի շարք երկրներում: Ընդ որում, սուրճի օրը նշողների թվում ընդգրկված են ոչ միայն այն երկրները, որոնք սուրճ են աճեցնում կամ արտահանում, այլ նաև այն երկրներում, որոնք աշխարհում հայտնի են որպես այդ ըմպելիքի գլխավոր սպառողներ:

Սովորաբար, այդ օրը տոնող երկրներում տարբեր փառատոններ են անցկացվում, ինչպես նաև հնարավորինս հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում տեղական սրճարաններում:

Ինչ վերաբերում է հենց միջազգային օրվա տոնմանը, ապա Սուրճի միակ համաշխարհային օր որպես այդպիսին դեռևս չկա: Շատ երկրներում հայտնի դարձել են ապրիլի 17-ը և սեպտեմբերի 29-ը:

Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:

Այսօր այն աշխարի ամենատարածված ըմպելիքներից է: Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին:

Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։

Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգաում է դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։

Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։ Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։

Արաբիկային բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 %-ը, Ռոբուստոյին՝ մոտ 30 %-ը։ Մյուս երկուսը՝ Coffea Liberica–ն, Coffea Excelsa–ն, հազվադեպ են օգտագործվում սուրճի արտադրության մեջ։

1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ, թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»:

Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր. օրինակ` Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։

Իսկ Կորեացի գիտնականների արձանագրած արդյունքները ցույց են տալիս, որ օրական 1 բաժակից քիչ սուրճ օգտագործողների մոտ կալցիումի մակարդակը կազմել է 0.77 տոկոս, 1-3 բաժակ օգտագործողների մոտ՝ 0.59 տոկոս եւ 0.81 տոկոս` օրական միջինը հինգ բաժակ սուրճ օգտագործողների մոտ:

Հետեւաբար, հենց 3-5 բաժակ չափաբաժնով սուրճի օգտագործումն է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը:

Այնուամենայնիվ մենք սիրում ենք առավոտյան ըմպել մեկ գավաթ տաք սուրճ եւ բարի լույս մաղթել մարդկանց, այնպես որ շնորհավոր:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: