Հայերեն   English   Русский  

​Մի կյանքի պատմություն. մատաղ սերունդը կրթվում է հերոս հայորդու օրինակով


  
դիտումներ: 1920

Մարտունեցի պատանիները կրթվում են հերոս հայորդիների օրինակով: Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ գիտի, թե ինչպիսին պետք է լինի հայրենիքի իրական նվիրյալ զավակը: Նրանք իրենց աչքի առջև ունեն ազատամարտիկ Տիգրան Աբրահամյանի անցած ուղին, որի անունով էլ 2000 թվականից անվանակոչվել է դպրոցը:

Տիգրան Աբրահամյանի մասին խոսելիս նրա մայրը` Անահիտ Անտոնյանը, որդուն բնորոշում է որպես չափազանց արդարամիտ, ազնիվ ու բարի մարդու: «Վրայի շապիկն էլ կտար կարիքավորին»,- ասում է մայրը:

Մանկավարժների ընտանիքում ծնված Տիգրանին ծնողները տեսնում էին գիտության մեջ: Բոլոր նախադրյալներն էլ կային. դպրոց սկսել էր հաճախել դեռ 6 տարին չբոլորած, դասարանի գերազանցիկն էր, դպրոցն էլ ոսկե մեդալով էր ավարտել: Մայրը հիշում է, որ արդեն բարձր դասարաններում որդին հատկապես հայոց լեզվի, հայոց պատմության ու քիմիայի դասերին մասնագիտական գրքերով էր պատրաստվում, դասագրքերն այլևս բավարար չէին: Գերազանց աշակերտ լինելուն զուգահեռ նաև վարպետորեն շախմատ էր խաղում, դաշնամուր, կիթառ ու ակորդեոն նվագում: Ուզում էր բժիշկ դառնալ, սակայն անսալով հոր առաջարկին` 1985-ին ընդունվում է Լենինգրադի ինժեներա-շինարարական ինստիտուտի ավտոտրանսպորտի շահագործման ֆակուլտետ: Այստեղ ևս գերազանց է սովորում ու ավարտելուց հետո գործուղվում Կալինինգրադ:

Տիգրանը, սակայն, չուզենալով ապրել հայրենիքից հեռու, Հայաստան է վերադառնում ու աշխատանքի անցնում ավտոտրանսպորտի նախարարությունում: Շուտով նաև գտնում է իր սերը ու ընտանիք կազմում: Լեյտենանտի զինվորական աստիճան ունեցող հայորդին, սակայն, չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ճակատագրի նկատմամբ ու հանգիստ ապրել: 1993-ին նա կամավոր զինվորագրվում է ու անցնում ծառայության մայրաքաղաքային գնդում: Նշանակվում է հետախուզության վաշտի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ:

«Նշանված էր, դեռ չէր զինվորագրվել: Մի անգամ մտախոհ ասաց` մամ, տեսնես վերջում քեզ ո՞վ տեր կկանգնի: Զարմացած ասացի` դու, բալես: Ասաց` է՜է՜: Երևի մի բան գիտեր, կանխազգում էր»,- արցունքն աչքերին պատմում է մայրը` հավելելով, որ երբեք մտքով չէր կարող անցկացնել, որ իր որդին զինվորական կարող է լինել: Ասում է, որ հայրական կողմի գեներն են խոսել: Զոլաքարի դպրոցում, որտեղից են Աբրահամյանները ծնունդով, փակցված են Աբրահամյանների մի քանի սերունդների` որպես պատերազմի հերոսների լուսանկարները:

«Հայրենասեր էր: Դեռ դպրոցական շարադրություններում անընդհատ գրում էր, որ կյանքը կտա հանուն հայրենիքի: Այդպես էլ արեց»,- ասում է մայրը:

1994-ի հունվարի 2-ին տագնապ է հասնում, որ ադրբեջանցիներն Օմարի լեռնանցքում հարձակման են անցել ու շարժվում են Վարդենիսի ուղղությամբ: Վաշտը, որտեղ նաև Տիգրանն էր ծառայում, հանձնարարություն է ստանում կանխելու հակառակորդի առաջխաղացումը Կարագյոլի ուղղությամբ: «Հանձնարարվեց առաջին օրը մարտի տանել միայն կամավորներին: Առաջինը շարքից դուրս եկավ Տիգրանը, իսկ նրա հետևից`ամբողջ վաշտը: Ես հասկացա, որ դա նրա ձեռագիրն է, որի համար ստացավ բանավոր շնորհակալություն»,- Տիգրանի մարտական ուղին ներկայացնելիս գրել է նրա հրամանատար Միշա Ապրեսյանը:

Հարկավոր էր հետախուզել թշնամու դիրքը, ուժերը: Տեղանքը, սակայն, բարդ էր հետախուզության համար: Ապրեսյանը պատմում է, որ Տիգրանի ու ևս 4 հետախույզների հետ գործի են անցել, սակայն վերադարձին շրջափակման մեջ են հայտնվել: «Մարտը միանգամից ընդունելը խելամիտ չէր, հարկավոր էր ելք գտնել: Տիգրանն առաջարկեց «բանակցել» թշնամու հետ պարսկերենով»,- հիշում է Ապրեսյանը:

Իսկ պարսկերեն նա սովորել էր հանրակացարանի իր սենյակակցից, որն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ էր եղել: Տիգրանը ներկայանում է որպես ադրբեջանական ուժերը համալրող ջոկատի հրամանատար: Ու մինչ «բանակցություններն» ընթացքի մեջ էին, հայ հետախույզները կրակահերթի միջոցով անակնկալի են բերում թշնամուն ու անկորուստ դուրս գալիս շրջափակումից:

«Տիգրանի համարձակությունն ու հնարամտությունը ոչ միայն փրկեց հետախույզներիս կյանքը, այլև թշնամուն պատճառեց կենդանի ուժի զգալի կորուստ»,- նշում է Ապրեսյանը:

Հունվարի 17-18-ը թշնամին սկսում է կիրառել ականանետներ ու գործի է դնում դիպուկահարներին: 1994-ի հունվարի 18-ին` թեժ մարտերի ժամանակ, դիպուկահարի կրակից մահացու խոցվում է Տիգրան Աբրահամյանը` դեռ 25 տարին չբոլորած քաջարի հայորդին:

Նրան հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում:

Տիգրանի մահվանից 3 ամիս անց ծնվում է նրա որդին` Գոռը: Մարտի գնալուց առաջ Տիգրանն էր կնոջը պատվիրել` եթե հանկարծ չվերադառնա, որդուն Գոռ կոչել: Արտաքինով, բնավորությամբ ու գերազանցությամբ հորը նմանվող Գոռն ապագա բժիշկ է, սովորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում:

Անահիտ Անտոնյանը` Տիգրանի մայրը, պատմում է, որ թոռն էլ է իր որդու պես կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հաղթող դարձել ու ընտրել բժշկի ուղին, որին ժամանակին նաև հայրը` Տիգրանն էր ձգտում:

2000 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Իսկ 2007-ին Բերձորի Աղանոս համայնքում Տիգրան Աբրահամյանի անունով խաչքար է բացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: