Հայերեն   English   Русский  

​«Իսլամական պետությունն» աշխարհին մտահոգության նոր առիթ է «նվիրել»


  
դիտումներ: 2134

Մերձավոր Արևելքում ընդհանուր ճգնաժամը շարունակվում է, բայց «Իսլամական պետության» ի հայտ գալը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել:

Արաբական գարնան անվան տակ ակտիվացած իսլամական ծայրահեղական կրոնա-քաղաքական խմբավորումները, որոնք, նախկինում ունենալով գերտերությունների ու տարածաշրջանի ուժային կենտրոնների աջակցությունը, կարողացան, ինչ-որ ժամանակից սկսած, ավելի անկախ գործել ու որոշակի ժամանակահատվածում լուրջ ֆինանսական, նյութա-տեխնիկական և այլ ռեսուրսներ ձեռք բերել: Փաստորեն, ռազմա-քաղաքական խմբավորումները սկսել են դառնալ առանձին ուժային կենտրոն:

«Իսլամական պետությունն» օրեցօր նոր հաջողություններ է գրանցում: Ընդամենը 2-3 ամիս առաջ, ինչպես նշում են մասնագետները, այս կազմակերպությունն ուներ ընդամենը 20 հազար զինյալ, իսկ ներկայումս զինյալների թիվն անցնում է 50 հազարից: Ըստ միջազգային լուրերի` այս կազմակերպությունն արդեն օրական մոտ 2-3 միլիոն դոլարի նավթ է արդյունահանում ու վաճառում, եթե չհաշվենք Սիրիայի ու Իրաքի կառավարական ուժերից խլած զենք-զինամթերքը, նյութական ռեսուրսները: Մեկ ամիս առաջ արդեն իսկ նշվում էր, որ կազմակերպության կարողությունն անցնում է 2 մլրդ դոլարից: Այս ամենը, ինչ խոսք, լուրջ նյութական բազա է` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Ամենախնդրահարույց երևույթը մերձավորարևելյան զարգացումներում հենց «Իսլամական պետության» ֆինանսապես ու նյութապես ավելի անկախ ու ինքնաբավ դառնալն է: Որովհետև դրանով այն, ըստ էության, դառնում է անվերահսկելի կառույց: Սա տարածաշրջանի համար նոր վտանգներ է ստեղծում, որովհետև նման ուժերը, ունենալով ծավալապաշտական քաղաքականություն, որոշակի մարտահրավեր են պետությունների ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Մյուս կողմից` այս կառույցի ռազմական հաջող գործողություններն ավելի ու ավելի գայթակղիչ են դառնում մոլեռանդ մուսուլմանների համար ամբողջ աշխարհում:
«Նշենք, որ կառույցն ունի փիարով զբաղվող հատուկ մասնագետների խումբ, որը կարողանում է կառույցի գործունեությունը տեսանելի դարձնել համայն աշխարհի համար: Իսկ սա լուրջ խթան է մոլեռանդ մուսուլման երիտասարդներին դեպի Իրաք ու Սիրիա բերելու և կառույցի շարքերը համալրելու հարցում: Սա ամենամեծ վտանգն է, որ սպառնում է ոչ միայն բուն տարածաշրջանին, այլև համաշխարհային հանրությանը, քանի որ մուսուլմանական ծայրահեղական գաղափարների վերելք է կանխանշում, և այդ երիտասարդությանը բերելով տարածաշրջան` վարակիչ է դառնում ամբողջ աշխարհում»,- նշում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Կազմակերպությունը, ըստ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի, իսկապես շատ վտանգավոր երևույթ է, որը դեռ նոր է ծնվում, բայց արդեն կարծես ձևավորվում է որպես պետություն: Պետություն, որի ախորժակը շատ մեծ է,

Արմեն Պետրոսյան

որը աչք ունի մի շարք պետությունների տարածքների վրա, առաջին հերթին` պայմանականորեն իսլամի հողեր կամ իսլամի տարածքներ կոչվող երկրների: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե նրանք մտադիր են սահմանափակվել միայն այդ երկրների նկատմամբ հավակնություններով: «Նրանք արդեն հրապարակում են քարտեզներ, որտեղ իրենց հավակնություններն են ներկայացնում: Այնտեղ Իսպանիայի հարավն է մտնում, Ղրիմն է, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և այլն: Այսօր մենք կարծես անսպասելիորեն հայտնված լինենք VII դարում, երբ արաբական խալիֆայությունը դեռ նոր էր ծնվել որպես պետություն և ընդամենը մի քանի տասնյակ տարում դարձել էր աշխարհի ամենամեծ պետությունը»,- այս կապակցությամբ ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Սուննի իսլամական աշխարհն անընդհատ համալրում է «Իսլամական խալիֆաթի» բանակը, աշխարհի բոլոր անկյուններից այնտեղ անընդհատ նորանոր կամավորականներ են գալիս: Ու եթե ամեն օր նրանցից զոհվում են մի քանի հարյուր գրոհայիններ, ապա շատ ավելի մեծ թվով նոր գրոհայիններ են գալիս: Մերձավոր Արևելքն այսպիսով XXI դարում ապրում է իր պատմության ամենածանր, դժվար կանխատեսելի և վտանգավոր ժամանակաշրջաններից մեկը:
«Իսլամական պետությունն» արդեն թելադրում է նոր աշխարհաքաղաքական օրակարգ, որը գիտակցելու համար պետք է հասկանալ մի բան. այսօր նրանց հսկողության տակ գտնվող տարածքն ավելի մեծ է, քան Մեծ Բրիտանիայինը: Եվ դա արդեն նոր օրակարգ է, քանի որ խախտվել են այն պետությունների սահմանները, որտեղ գործում է կազմակերպությունը: Այսինքն` օրակարգում դրվում են պետությունների նոր սահմանները, նոր բաժանումը:
Այս առումով մերձավորարևելյան զարգացումների ոսպնյակը կենտրոնացած է Իրաքի և Սիրիայի վրա, քանի որ հենց այս երկրներում է հիմնականում «Իսլամական պետությունը» ակտիվ գործունեություն ծավալում: Փորձագետների կարծիքով` միջազգային հանրությունն արդեն պետք է իր ջանքերը կենտրոնացնի «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ: Ու այստեղ մի հակադրություն է առաջանում. մի կողմից` Արևմուտքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ, օրինակ` Իրաքում խմբավորմանը օդային կամ կետային հարվածներ հասցնելով: Բայց մյուս կողմից էլ պայքարում է Սիրիայում նույն այդ խմբավորման դեմ իրական պայքար մղող սիրիական իշխանությունների դեմ:
«Ընդամենն առաջին հայացքից է թվում, թե Արևմուտքը «Իսլամական պետության» դեմ է պայքարում: Իրականում այդպիսի բան չկա, չեմ կարծում, թե նրանք իրապես պայքարում են: Գուցե ինչ-որ պայքարի իմիտացիա ստեղծելու նպատակով ինչ-որ հարվածներ են հասցնում կազմակերպությանը, բայց շատ-շատ ճանապարհներ կան, օրինակ` նրանց բլոկադայի մեջ պահելու համար «Իսլամական պետության» աղբյուրները սառեցնելու և ալն: Այսինքն` փորձագիտական հանրության համար դեռևս անհասկանալի է իրական պայքարի հարցը»,- նշում է արաբագետ Արաքս Փաշայանը:
Եվ իրոք, դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս է, որ Ռուսաստանի դեմ ամբողջ Արևմուտքը կարողանում է քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել, սառեցնել ռուս պաշտոնյաների ու գործարարների հաշիվները, բայց, օրինակ` «Իսլամական պետության» ներկայացուցիչների կամ կազմակերպության հաշիվներին ոչինչ չի սպառնում: Կամ ինչպե՞ս է կարողանում կազմակերպությունը միջազգային շուկաներում ազատ նավթ վաճառել: Հարցերը շատ են:

Լևոն Մելիք-Շահնազարյան

Այս առումով քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը շեշտում է. «Արևմտյան քաղաքականությունն այսօր Սիրիայի հանդեպ վարվում է ամենաապուշ ձևով, քան կարելի էր պատկերացնել: Որովհետև այսօր Սիրիան միակ պետությունն է, որն ուղղակիորեն կռվում է այդ համաշխարհային հրեշի դեմ: Եվ եթե Արևմուտքը, առաջին հերթին` ԱՄՆ-ն, փորձում է Սիրիայի տարածք մտցնել ու զինել ավելի մեղմ իսլամիստներին` ոչ «Իսլամական խալիֆաթի» ներկայացուցիչներին, դա ամենասխալ քայլն է, որովհետև այդպիսով Ասադին թուլացնում է և ջարդում այն վահանը, որն այսօր կանգնած է եվրոպայի ու իսլամական աշխարհի միջև: Եթե այդ վահանը կոտրվի… Իսկ դրա նշանները կան, քանի որ հնարավոր չէ անընդհատ ու անդադար կռվել ամբողջ աշխարհից անընդհատ եկած նոր ու թարմ ուժերի դեմ: Ասադը, իհարկե, մեծ հարգանք է վայելում Սիրիայի բնակչության շրջանում, բայց բնակիչները սովորական մարդիկ են, նրանք հոգնում ու կոտրվում են»:
Այսինքն` ենթադրվում է, որ Արևմուտքին այս փուլում ձեռնտու չէ Ասադի ռեժիմի թուլացումը Սիրիայում: Արդարության համար նշենք, որ Ասադի վարչակարգը կարողացավ ապացուցել, որ իրականում իրենք ուժեղ են, որ իրականում պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ, և նրա դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին: Բայց Արևմուտքը չի հրաժարվում Ասադի ռեժիմից ազատվելու նպատակից: Ու հարց է, թե ինչ ուժեր կներդնի ծայրահեղական ուժերի ոչնչացման համար:
Արաքս Փաշայանն էլ կարծիք ունի, թե սա հենց Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի ձեռագիրն է. չթողնել, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի, միշտ պահել հակամարտությունների օջախն ու այդ վիճակն առավելագույնս ծառայեցնել սեփական շահերին:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: