Հայերեն   English   Русский  

​Դեպի Իրան


  
դիտումներ: 948

Մեր երկրի անկախացումից ի վեր, հատկապես` արցախյան պատերազմի ժամանակ, Հայաստանում ապրանքների խիստ կարիք էր զգացվում: Մեզանում պահանջարկ կար, իսկ իրանցիներին պետք էր իրենց ապրանքներն ինչ-որ տեղ սպառել: Ու այդ առումով Հայաստանը Իրանի համար բավական լավ շուկա էր: Հայաստանի անկախացումից ի վեր մենք, և ոչ միայն մենք, սովոր ենք տեսնել, ընկալել ու նաև մտածել, որ Իրանի համար Հայաստանը սպառման շուկա է: Բայց արդեն իրավիճակը փոխվել է, և այդ «ամրագրված» մոտեցումը փոխելու ժամանակն է:

«Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ իրանցի գործարարները հասկանան ու Հայաստանը սկսեն դիտարկել ոչ թե որպես սպառողական շուկա, որովհետև 90-ականներից նրանք իրենց ապրանքները սկսեցին ներմուծել ու սպառել Հայաստանում, ինչի համար մենք նրանց շատ շնորհակալ ենք, որ օգնեցին մեզ հաղթահարելու մեր ապրանքային սովը, բայց արդեն պետք է սկսեն դիտարկել որպես ներդրումային դաշտ` իր լայն հնարավորություններով… Կարծում եմ` նրանք դա շատ լավ հասկանում են»,-ասում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Տարածաշրջանում ստեղծվել են քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական ու արտաքին տնտեսական նոր իրավիճակներ: Նախ` Արևմուտք-Իրան հարաբերությունները որոշակիորեն ջերմացել են, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները էապես մեղմացել են և մոտ ապագայում իսպառ կվերանան, եթե դեպքերն այլ զարգացում չունենան: Մյուս կողմից` Հայաստանն այս տարվանից անդամակցում է ԵՏՄ-ին` բոլոր հետևանքներով ու հնարավորություններով հանդերձ: Այսինքն` արդեն իսկական ժամանակն է, որ ընկալումներն ու մոտեցումները փոխվեն:

Ինչևիցե, հոկտեմբերի 15-ին իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ժամանեց Հայաստան` իր հետ բերելով տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող 100-ից ավելի գործարարների, ու Երևանում գործարար համաժողով հրավիրվեց ևս 250 հայ գործարարների մասնակցությամբ: Հենց այդ ժամանակ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձեց ներկայացնել մեր հնարավորություններն ու նշեց, որ մեր կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել է և իրականացնում է բաց դռների քաղաքականություն` չկիրառելով որևէ սահմանափակում ներդրումային գործունեության համար:

«ՀՀ-ն վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և առևտրի արտոնյալ ռեժիմներ ունի բազմաթիվ երկրների հետ: Հայաստանում գործունեություն ծավալելով` հիշյալ արտոնություններից կարող են օգտվել նաև իրանցի մեր գործընկերները: Համագործակցության հարթակ կարող են լինել նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Իրանցի գործարարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին»,- համաժողովի ժամանակ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Ի դեպ, Իրանի փոխնախագահն էլ իր հերթին իրանցի գործարարներին խորհուրդ տվեց Հայաստանը դիտարկել որպես ներդրումային դաշտ` նշելով, որ Իրանի կողմից Հայաստանը դիտվում է որպես միակ երկիրը, որն անդամ է ԵՏՄ-ին ու կարող է հարմար հարթակ դառնալ, որպեսզի իրանական ընկերությունները Հայաստանի միջոցով իրենց արտադրած ապրանքն արտահանեն դեպի ԵՏՄ երկրներ: Եվ դա հնարավորություն կստեղծի, որ իրանցի արդյունաբերողներն իրենց արտադրանքի մի մասն արտադրեն Իրանում, իսկ մյուս մասը` Հայաստանում և այն արտահանեն դեպի ԵՏՄ շուկաներ:

«Նկատի ունենալով, որ հայ առևտրականները լավագույնս ծանոթ են Ռուսաստանի և ԵՏՄ երկրների շուկաներին, կարող են օգնել, որ իրանցի գործարարները կարողանան իրենց արտադրանքը արտահանել այդ երկրներ: Մյուս կողմից` Իրանը կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի Հանրապետության համար որպես արտահանումների հիմնական տարանցիկ երկիր և գոտի»,- Երևանում հայտարարեց Էսհաղ Ջահանգիրին:

Հիմա նայենք, թե ինչը կարող է գրավել իրանցի ներդրողներին Հայաստանում և հայ գործարարներին` Իրանում: Այս տարվանից Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, դա նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց մաքսային ձևակերպումների և վարչարարական այլ խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել ԵՏՄ անդամ երկրների սպառողական շուկա: Հայաստանն ունի նաև ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծ մասի հետ: Միաժամանակ Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի արտոնությունների ընդհանրացված համակարգ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա: Բացի այդ, Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվել է GSP+ կոչված առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը ԵՄ անդամ երկրներ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Պատահական չէ, որ Իրանի փոխնախագահը խորհուրդ էր տալիս իր երկրի ներդրողներին օգտվել Հայաստանի այս հնարավորություններից, քանի որ բավականին երկար տարիներ պատժամիջոցների պայմաններում գործելուց հետո Իրանի համար այժմ իսկապես կարևոր է սպառողական շուկաներ նվաճելը, ընդ որում` այնպիսի արտոնյալ պայմաններով, ինչպիսիք ունի Հայաստանը:

«Հայաստանում համատեղ ձեռնարկությունների տեսքով ապրանքներ ու հումք բերել, վերարտադրել, վերապիտակավորել և հանել շուկաներ, որտեղ մենք ունենք արտոնյալ կարգավիճակ. և՛ ԵՏմ տարածքում, և՛ GSP+ համակարգի միջոցով Եվրոպայում, որը խիստ կարևոր է: Այսօր, երբ Իրանի հանդեպ սանկցիաները մեղմանում և հունվարից պետք է վերանան, համագործակցության դաշտը նոր տեսք է ընդունում: Մենք էլ հավակնում ենք, որ եվրոպական շատ ապրանքներ, արտադրանքներ պետք է Հայաստանով իրանական շուկա տանել, և մեր տարանցիկ դերը լինի երկկողմանի. ինչպես Բանդար Աբաս-Մեղրի տարածքն ենք օգտագործում, այնպես էլ Փոթի-Բաթումի-Հայաստան-Իրանը ներկրման և արտահանման համար տարանցիկ ճանապարհ դառնա»,- ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Այսինքն` Հայաստանի համար էլ Իրանի շուկան է չափազանց գրավիչ հենց նույն պատճառով, տարիներ շարունակ փակ լինելուց հետո այնտեղ արտասահմանյան ապրանքների ու ծառայությունների կարիք է զգացվում: Համագործակցության լուրջ հնարավորություններ կան տրանսպորտային փոխադարձ փոխադրումների, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծերի ոլորտներում: Չափազանց կարևոր բաղադրիչ են նաև էներգետիկայի բնագավառում մեր համատեղ ծրագրերը` Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը: Բավական լուրջ ներուժ կա զբոսաշրջության ու ծառայությունների մատուցման ոլորտներում: Եվ երկու երկրների գործարարները հիմա հիանալի առիթ ունեն իրենց պոտենցիալին համապատասխան գործընկեր գտնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: