Բժշկական սխալ. ով և ումից պետք է արդարություն պահանջի
Սակայն դժվար է տարանջատել բժշկական սխալ կամ բժշկական հանցանք հասկացությունները: Օրինակ՝ մեր երկրում «բժշկական սխալը» հստակ կարգավորում չունի: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի` բժշկական սխալը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելն է կամ ոչ պատշաճ կատարելը, և նախատեսվում է մինչև 6 տարի ազատազրկում, այն դեպքում, երբ բժշկական հանցանք համարվող բժշկական գաղտնիքի հրապարակումը կամ հիվանդին օգնություն ցույց չտալը ենթադրում է առավելագույնը 4 և 3 տարի ազատազրկում (ՀՀ քր. օր., հոդվ. 145 և 129):
Ուստի դժվար է ապացուցել բժշկի մեղավորության աստիճանը այն դեպքում, երբ մեր երկրում չկա բժշկական սխալի հստակ կանոնակարգում, չկան համապատասխան մեխանիզմներ: ԱՄՆ-ում բժշկական սխալի հետևանքով մահացությունները տարեկան հասնում են մինչև 80 հազարի: Հայաստանում բժշկական սխալի հետևանքով տուժած անձանց կրած վնասի չափի և մահացության թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն չկա: Սովորաբար դրա մասին պատկան մարմինները նախընտրում են չբարձրաձայնել՝ բժշկությունը որակելով բարդագույն ու անշնորհակալ մասնագիտություն:
Հայաստանում բժշկական սխալ միջամտության կամ ոչ պատշաճ ծառայության հետևանքով տուժած քաղաքացիներ կան, որոնք իրենց իրավունքներն ու նյութական վնասները վերականգնելու համար դիմում են դատարան: Օրինակ՝ փաստաբան Մուրադ Ասրյանն արդեն կարողացել է մեկ տուժածի գործով հաջողություն ունենալ: Նախորդ գործերին չի ցանկանում անդրադառնալ, քանի որ դրանք վաղուց փակված են: Այս պահին մեկ տուժածի գործ է քննում: Մեզ հետ զրույցում Մուրադ Ասրյանը պատմեց, թե ինչ բնույթի բողոքներ են եղել և ինչքանով է քաղաքացիներին հաջողվել ապացուցել բժշկի մեղավորությունը:
Փաստաբանն առանձնացրեց այն դեպքերը, որոնք վերաբերում են «Ռ և Պ Սկենառ» առողջապահական վերականգնողական կենտրոնի գործունեությանն ու Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտին: «Ինչ վերաբերում է «Ռ և Պ Սկենառ» ԱՎԿ-ին, ապա ասեմ, որ քաղաքացին ինձ դիմել է այն խնդրով, որ իր աղջկան տարել է «Ռ և Պ Սկենառ» ԱՎԿ աղջկա ականջը բուժելու նպատակով: Աղջիկ երեխան 3 տարեկան էր և դժվարալսություն ուներ: Կենտրոնը պարտավորվել է բուժել և վերականգնել լսողությունը, սակայն, ինչպես երևում է բժշկական փաստաթղթերից, բուժումն արդյունք չի տվել: Հարուցվել է վարչական վարույթ, և «Ռ և Պ Սկենառ» առողջապահական վերականգնողական կենտրոնում իրականացվել են համապատասխան զննումներ: Արդյունքում պարզվել է, որ տվյալ բուժհաստատությունը գործունեություն է ծավալել ոչ համապատասխան լիցենզիայի շրջանակներում՝ մատուցելով մասնագիտացված բժշկական օգնություն առաջնային բուժօգնության և ախտորոշման ծառայություններ մատուցելու փոխարեն: 2014 թ. դեկտեմբերին կասեցվել է բուժհաստատության գործունեությունը», - տեղեկացրեց փաստաբանը:
Փաստորեն, տվյալ բժշկական կենտրոնը գործունեության լիցենզիա է ստացել բոլորովին այլ ծառայություններ մատուցելու համար` ախտորոշման և խորհդատվության, սակայն այլ հասցեում գործող մասնաճյուղում իրականացրել է նաև մասնագիտական բուժում` առանց համապատասխան լիցենզավորման:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ինչպես նաև ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք իրենց մեղքով մարդու առողջությանը հասցված վնասի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն օրենքի 6-րդ հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայցը լուծվել է՝ հոգուտ տուժածի
«Ռ և Պ Սկենառ» ԱՎԿ-ն զրկվել է լիցենզիայից մեկ այլ քաղաքացու պահանջով, որը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան: Տուժողը ՀՀ քաղաքացի Մարինե Ջամալյանն է, ՛որը գանգատվել է ողնաշարային ցավերից: «Նա ունեցել է շատ սուր պարանոցային ցավեր, չի կարողացել ինքնուրույն քայլել, բժիշկը պարտավորվել է բուժել, սակայն, ինչպես երևում է բժշկական փաստաթղթերից, բուժումից հետո հիվանդը գնացել է այլ բուժկենտրոն: Նույն խնդիրները պահպանվել էին, ավելին` այլ խնդիրներ էին առաջացել» :
Առաջին ատյանի դատարանում հարցը լուծվել է Մարինե Ջամալյանի օգտին, և վճարված գումարը ենթակա է բռնագանձման: Սակայն վճիռը ընկերության ղեկավարի կողմից բողոքարկվելուց հետո ենթակա է վերադարձման:
Անմեղ մեղավորներ, երբ փաստերն այլ բան են վկայում
Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնի վիրաբույժներից մեկի վիրահատական միջամտության հետևանքով տուժածը 52-ամյա Հսյրապետ Բաբայանն է, որի հայցադիմումն արդեն մեկ տարի է` փաստաբանի քննության տակ է:
Հիվանդը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ենթարկվել է վիրահատության երիկամների քարը հեռացնելու նպատակով: Ապաքինվելուց և բուժհիմնարկից դուրս գրվելուց հետո տուժողը մեկնել է Գերմանիա, ուր մեկ ամիս անց նորից սուր ցավեր է զգացել: Ենթարկելով բուժզննության` օտարերկրյա մասնագետները երիկամներում նորից քար են հայտնաբերել: Գերմանիայում Հայրապետ Բաբայանը ստիպված է եղել նորից վիրահատվել՝ վճարելով 3500 եվրո: Գերմանիայում վիրահատվելուց հետո հիվանդն այլևս գանգատներ չի ունեցել: Օտարեկրյա բժիշկները փորձաքննության ընթացքում հիվանդին հարկ են համարել տեղյակ պահել, որ նախորդ վիրահատության ժամանակ երիկամներում առկա քարերն ամբողջությամբ չեն մաքրվել, մինչդեռ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում խնդիրն այլ կերպ են մեկնաբանել: Ըստ մեր մասնագետների` վիրահատությունը լիարժեք է ընթացել, պարզապես արդյունքները ցույց են տվել, որ հիվանդի օրգանիզմը քար արտադրելու հակում ունի, հետևաբար, երիկամներում կարող էին պարբերաբար քարեր առաջանալ:
Տուժածի իրավապաշտպան Մուրադ Ասրյանն այս տեսակետն անհեթեթ է համարում և համոզված է, որ դատարանում հայցը լուծվելու է հօգուտ Հայրապետ Բաբայանի:
Տուժածը պահանջել է վերադարձնել ոչ միայն Հայաստանում վիրահատության դիմաց վճարած 450 հազար դրամը, այլև այն գումարը, որը ստիպված է եղել վիրահատության դիմաց վճարել Գերմանիայի կլինիկայում:
Ի դեպ, վիրաբուժը, որի անունն այդպես էլ չցանկացան հրապարակել, դեռ շարունակում է աշխատել տվյալ բուժհաստատությունում` հավանաբար համոզված, որ հերթական տուժողի հայցը սառույցի վրա է գրվելու:
Լ. Ն