Մենք ուղղակի փոխարինում ենք մեր մի տխրությունը մի այլ տխրությամբ
Լևոն Աթոյան
Մի քանի խոսք աշխատանքային ռեժիմի մասին: Առավոտյան ժամը 7-ին պետք է նստած լինեիր քո աշխատատեղում, դա նշանակում է վեր կենալ ժամը 5-ին, որ հասցնես: Սենյակում, որտեղ մենք աշխատում էինք, տեղադրված էր երկու տեսախցիկ, թույլատրված էր երեք ընդմիջում`երկու 15 րոպեանոց և մեկ կեսժամանոց: Եթե հանկարծ ստամոքսի կամ միզապարկի հետ կապված խնդիրներ ունես և սահմանված կարգից դուրս մեկ կամ երկու անգամ ավելի եսգնում զուգարան, ապա անխուսափելիորեն կլսես ամենազոր տիրոջ ձայնը.
- էս ի՞նչ ա, քո համար լազարե՞տ ա, եկել ես էստեղ դատարկվելո՞ւ, թե՞ գործ անելու:
Տուն վերադառնալով` էլ չէի կարողանում նստած հաց ուտել, արագ ոտքի վրա մի կտոր հաց բերանս գցելուց հետո վազում էի դուրս` քայլելու, թմրած ոտքերս բացելու: Յուրաքանչյուր ուրբաթ աշխատավարձ ստանալուց հետո տերը կանչում էր իր մոտ և խուլիգանական տհաճ ոճով, ծամոնը բերանում ասում.
- «Ի՞նչ է welfare (նպաստ ցածր եկամուտ ունեցողների համար) ես ստանո՞ւմ, էս ինչո՞ւ գործ չես անում»:
Դժվար չէ ուրեմն պատկերացնել այն մարդու վիճակը, որը տասնյակ տարիներ համալսարանում աշխատելու ընթացքում երբեք նման վերաբերմունք ոչ մեկից չէր տեսել:
Լավ վիճակում չէին նաև կանայք` մոտ 20 հոգի: Նրանք աշխատում էին հարևան սենյակում, կաղապարների մեջ հալած մոմ էին լցնում. միապաղաղ ու անհետաքրքիր աշխատանք: Հաճախ այնտեղից լսվում էր տիրոջ ձայնը.
- Ի՞նչ է, ծերանո՞ց եմ բացել ձեզ համար, գործ արեք, անբաններ:
Նրանց մեջ կային շատ պատկառելի կանայք: Կարելի էր մտածել, որ այդ ֆիրման, որտեղ աշխատում էի, միակն է, և մյուս ֆիրմաներում մթնոլորտն ավելի լավն է: Ավաղ, ոչ: Ամենուր նույնն էր, ինչի մասին տեղեկացա շատ այլ ֆիրմաներում աշխատող մեր հայրենակիցներից: Հաճախ նրանց մի հարց էի տալիս. «Կգայի՞ք Ամերիկա, եթե նախապես տեղյակ լինեիք, թե ինչ է ձեզ սպասում այստեղ»: Ճնշող մեծամասնությունը, ավելի ճիշտ` համարյա բոլորը պատասխանում էին` ոչ, երբեք: «Այո» ասողները մեծ մասամբ նրանցից էին, որոնց համար կատարվել էր զուգահեռ տեղափոխություն: Ի՞նչ նկատի ունեմ` այս մաթեմատիկական տերմինն օգտագործելով. կոշկակար Հայաստանում, կոշկակար` այստեղ, դոցենտ այնտեղ, դոցենտ` այստեղ, որ քիչ հավանական տարբերակ է: Կարծում եմ` պարզ է, քանի որ կոշկակարը մեզ մոտ լավ տուն, լավ մեքենա չունի, անանաս չի ուտում, խորոված և քյաբաբ նույնպես հաճախ չի ճաշակում: Իսկ այստեղ այդ ամենը հասանելի է: Իհարկե, եթե լավ կոշկակար ես և աշխատում ես ուժերի ծայրահեղ լարումով:
Մի խոսքով, ես շատ լավ հասկացա, թե ինչ գնով է ձեռք բերվում ամերիկյան բարեկեցությունը: Ես հաստատ որոշում ընդունեցի վերադառնալ տուն իմ հարազատների և ոչ հարուստ ընկերների մոտ: Ուզում եմ ինչ-որ տեղ` Ծաղկաձորում նստել գետակի ափին, ուզում եմ տեսնել Սևանը, ուզում եմ իսկական թոնրի լավաշ ուտել հոյակապ ոչխարի պանրով, ուզում եմ ընկերներիս հետ սրճարան գնալ կինոթատրոն «Նաիրիի» մոտ:
Մինչ այդ մեզ մոտ աշխատանքի ընդունվեց մի հաղթանդամ քանդակագործ: Նա մեզ ցույց տվեց իր աշխատանքների նախագծերը, որոնք մեզ ապշեցրին, քանի որ հոյակապ էին:Մենք շատ զարմացած էինք, որ նա չի կարողանում վաճառել իր հրաշալի աշխատանքները: Նա ուներ իր բացատրությունը. ամեն ինչ հրեաների ձեռքում է, ոչ մի ցուցասրահ չի վերցնի քո գործը վաճառքի, եթե հրեա չես կամ վատագույն դեպքում կինդ կամ ամուսինդ հրեա չէ: Ինքս չեմ կարող դատել այդ մասին, չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ իսկական տաղանդը միշտ գտնում է իր տեղը կյանքում, անկախ երկրից և հրեաներից: Տերն ինձ հանձնարարեց որոշ բաներ սովորեցնել նրան մեր գործից: Այդպիսով, դեռ ինքս լրիվ չտիրապետած մասնագիտության գաղտնիքներին, սկսեցի փոխանցել ուրիշին իմ համեստ գիտելիքները:
Մի օր նա հայտարարեց, որ հիվանդ է քաղցկեղով: Սենյակում բոլորս քարացանք ու տարակուսանքով սկսեցինք զննել նրան` որոնելով հիվանդության արտաքին հետքերը:
- Այո, այո, քաղցկեղ, բայց ինձ բուժեցին,- ասաց նա,- իմ քաշը 38 կգ էր դարձել, բժիշկները և հարազատներս հույսը կորցրել էին: Հարազատներիս և իմ թույլտվությամբ ինձ տեղափոխեցին ինչ-որ փորձարարական բաժին կլինիկայի նկուղային հարկում` դիարանին մոտ: Բացի ինձնից այնտեղ հիվանդներ կային, որոնց գոտկատեղից ներքև ոչինչ չկար: Նրանք տեղադրված էին մեծ պնակների մեջ` պարուրված բազմաթիվ սնող խողովակներով: Կինս մինչ օրս տեսնում է նրանց իր գիշերային մղձավանջներում: Նայելով նրանց` հասկացա` ինչ երջանկություն է ունենալ երկու ոտք, երկու ձեռք, մեկ ստամոքս և մեկ հետույք:
Մենք բերաններս բաց լսում էինք այդ անհավանական պատմությունը: Ոմանք աննկատ շոշափեցին իրենց ստամոքսը և հետույքը` համոզվելու, որ ամեն ինչ դեռ տեղում է:
- Չգիտեմ` ինչը ինձ օգնեց, փորձնական դեղորա՞յքը, թե՞ ապրելու իմ մեծ ցանկությունը, բայց փաստ է իմ բուժվելը: Ինձ նույնիսկ արդեն զրկեցին հիվանդության թոշակից սրիկաները, - շարունակեց նա:
Նա ապրում էր կնոջ և աղջկա հետ: Աշխատում էր միայն կինը, վատ էին ապրում: Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա չորս տարի օր ու գիշեր ստեղծագործում էր իր գարաժում և փորձում իր հոյակապ քանդակները վաճառել: Ավաղ, ոչ ոք չէր գնում նրա գործերը: Ահա ճարահատյալ սկսեց զբաղվել ոսկերչական դիզայնով:
Իմ օգնությամբ նա շուտով սկսեց որոշ նմուշներ պատրաստել: Լավ ձեռք ուներ, բայց ուներ նաև մի մեծ թերություն` աշխատում էր չափազանց դանդաղ: Զարմանալիորեն տերը նրան չէր վռնդում: Հետո հասկացա` ինչու, ուզում էր նրան ինձ հակակշիռ դարձնել, որ չմտածեմ` անփոխարինելի եմ և չթելադրեմ իմ պայմանները:
Իմիջիայլոց ասեմ, որ այստեղ ընդունված չէ օգնել ուրիշին: Եվ դա հասկանալի է. ինչո՞ւ մրցակից ստեղծել քեզ համար:
Մի քանի ամիս անց, երբ քանդակագործը քիչ թե շատ կարողանում էր ինքնուրույն աշխատել, հանկարծ, չափազանց անսպասելի սկսեց ինձ մեղադրել ինչ-որ բաներում: Անհասկանալի էր: Հետագայում սենյակի տղաներով եկանք այն եզրակացության, որ երկար բուժումից հետո, ուժեղ դեղորայքներից նրա ուղեղը մթագնել է: Առաջ ընկնելով ասեմ, որ երբ հեռացա այդ ֆիրմայից, տերն անմիջապես հեռացրեց նաև նրան, նա շատ դանդաղ էր աշխատում:
Մինչ այդ մեր դիզայներների սենյակում աշխատում էինք չորսով. ես, քանդակագործը, բժիշկ Գ.-ն և փականագործ Ա.-ն:
Բժիշկ Գ.-ն շատ երկար թաքցնում էր իր բժիշկ լինելը, ինչպես և ես` իմ դոցենտ լինելը: Շատ քչախոս էր, լուրջ և կազմակերպված, լավ ձեռք ուներ և շատ կարճ հասակ: Հաղթանդամ քանդակագործի և նույնքան հսկա Ա.-ի մոտ նա շատ ծիծաղելի էր թվում:
Բժշկական ինստիտուտը ավարտելուց հետո Գ.-ն երկար տարիներ աշխատել էր Ռուսաստանում, այնտեղ ամուսնացել, բաժանվել: Կինը երեխայի հետ ներկայումս ապրում էր Ֆրանսիայում, իսկ ինքը, գալով Ամերիկա որպես տուրիստ, մնաց մի քանի տարի: Հարցիս, թե ինչու մնաց, պատասխանում էր` չգիտեմ: Սկզբից ապրում էր ինչ-որ ծանոթների մոտ և աշխատում որպես ավտոլվացող: Շատ ծանր և քիչ վարձատրվող աշխատանք: Այնուհետև մի քանի իր նման միայնակ տղաների հետ միսենյականոց բնակարան էր վարձել:
- Մի քիչ փող կհավաքեմ և կվերադառնամ, - ասում էր ամիսներ ու տարիներ շարունակ:
Փականագործ Ա.-ն բանվոր տղա էր, բացարձակապես չկարդացած և տգետ, բայց վիրտուոզ կերպով կարողանում էր աշխատել խառատային փոքրիկ հաստոցի վրա: Երբ աշխատում էր հաստոցի վրա, իր հսկա թիկունքով ծածկում էր տեսադաշտը, որ հանկարծ իրենից մի բան չսովորենք, իսկ սովորելու բան նրանից շատ ունեինք: Նա եկել էր փոքրիկ հայկական քաղաքից, որտեղ ժամանակին աշխատել էր փոքր ֆաբրիկայում: Անկախանալուց հետո, երբ ֆաբրիկան սեփականաշնորհվել և մեջի եղած-չեղածը արագորեն շան մսի գնով վաճառվել է Պարսկաստանին (Իրան), Ա.-ն մեկնել է Ամերիկա ինչ-որ հեռու ազգականի հրավերով, որին շատ արագ ձանձրացրել է: Նա էլ առաջարկել է նոր հանգրվան որոնել:
Տիրոջ վերաբերմունքը իմ նկատմամբ կամաց-կամաց փոխվում էր, այդ երեք հոգու վարպետության աճի հետ զուգահեռ: Ես յուրաքանչյուրից մոտ երեք անգամ ավելի էի ստանում: Կանխազգում էի, որ շուտով ոչ թե նրանց աշխատավարձը կբարձրանա, այլ ինձ կհեռացնեն աշխատանքից: Այդ ժամանակ մի մեծ հիմարություն արեցի: Մի օր, երբ չորսով աշխատանքից հետո գնացինք գարեջուր խմելու, մի փոքր գինովցած` հանկարծ բերանիցս թռցրի իմ աշխատավարձի չափը: Դրանից հետո ինձ հայտնի դարձավ, որ նրանք իրարից անկախ և թաքուն այցելել էին իմ տիրոջը` աշխատավարձի ավելացում պահանջելով և մատնացույց անելով ինձ վրա: Տերն անմիջապես ինձ հրավիրեց զրույցի, և փոխադարձ անվայել բառերիցց հետո ես հեռացա այդ տհաճ մարդուց: Ես ազատ էի արդեն:
Չնայած իմ հեռանկարները հայտնվեցին մշուշի մեջ, այն միտքը, որ այլևս ստրուկ չեմ, սիրտս լցնում էր ուրախությամբ: Որոշեցի նշել այդ փաստը: Հրավիրեցի ընկեր-ծանոթներիս, և արտակարգ ուրախ երեկո անցկացրինք, ավելի ուրախ, քան երբ աշխատանք ունեի: Հատկապես շատ էին ուրախանում այն ընկերներս, որոնց գործերն այնքան էլ լավ չէին: Հիշեցի Լառոշֆուկոյի խոսքը` մենք ինչ-որ հաճելի բան ենք գտնում մեր ընկերների անհաջողությունների մեջ:
Բոլորից շատ ուրախանում էր վտարման վտանգի տակ ապրող իմ վաղեմի երևանյան ընկերը: Երևանում նա ուրախ ու անհոգ ապրում էր իր երկսենյականոց բնակարանում: Տնտեսագետ էր ինչ-որ հիմնարկում, բազմաթիվ ընկերներ և ընկերուհիներ ուներ: Նրա ամենօրյա հոգսն էր` ինչպես առավելագույնս ուրախ անցկացնել օրը: Եվ հանկարծ անսպասելի սիրահարություն, ամուսնություն և գաղթ դեպի Ամերիկա, ուր և ամեն ինչ սկսվեց: Կինն աշխատանքի անցավ խանութում, իսկ ինքը մոտ երկու տարի իր կրթական մակարդակին համապատասխան աշխատանք որոնեց:Չգտավ: Ստիպված ընդունվեց աշխատանքի մեքսիկական ճաշարանում որպես բանվոր: Վաստակած գումարը հազիվ հերիքում էր տան վարձը տալուն: Ապրում էին քաղաքի վատ շրջաններից մեկում` մի փոքրիկ սենյակում: Պարտքով համակարգիչ գնեց և մի քանի տարի աշխատանքից հետո ինքնուրույն փորձեց ինչ-որ բան սովորել: Դա նրան, ըստ երևույթին, հաջողվեց, քանի որ ուրիշի անվան տակ (ինքը աշխատելու իրավունք չուներ) կարողացավ ուրիշ գործ ճարել մի փոքրիկ ֆիրմայում, որտեղ աշխատավարձը միքիչ ավելի բարձր էր, քան նախորդում: Համապատասխանաբար դեպի լավը փոխվեց նաև կնոջ վերաբերմունքը նրա նկատմամբ: Այնուհետև նա, մի մեծ գումար պարտք անելով կնոջ ազգականներից, վարձում է մի լավ հրեա փաստաբան, որը վերջապես կարողանում է դատարանում շահել նրա գործը քաղաքացիության հայցով: Դրանից հետո նա սեփական անվան տակ աշխատելու իրավունք է ձեռք բերում:
Հիմա մյուս ընկերոջ մասին: Կ.-ն դեռ մանկուց երազում էր գնալ Ամերիկա, նա Ամերիկան անվանում էր Յանկստան, երևի յանկի բառից: Հինգ տարի Մոսկվայում ուսանելուց հետո բարձրագույնի դիպլոմը գրպանում վերադարձավ Երևան: Հայրը նրան տեղավորեց մի լավ աշխատանքի` բարձր աշխատավարձով: Նա միայնակ ու անհոգ ապրում էր իր երեքսենյականոց բնակարանում: Թե ինչ կյանք էր վարում, կարող եք պատկերացնել. աղջիկներ, խաղաթուղթ, խմիչք և այլն: Բայց նրա մանկության բյուրեղյա երազանքը հանգիստ չէր տալիս: Եվ ահա մի օր ծանոթանում է մի տարեց կնոջ հետ, որը պատրաստվում էր մեկնել Ամերիկա: Կ.-ն ամուսնացավ նրա հետ, վաճառեց իր բնակարանը և ուրախ մեկնեց Յանկստան:
Ծախած բնակարանի փողերը շուտով վերջացան, և մի պարզ հարց ծագեց` ինչ անել կամ ոնց ապրել: Լեզուն չգիտեր, որևէ շնորհք չուներ, ազդեցիկ ընկերներ չուներ և, ցավոք, ամենազոր պապան չկար: Մեծ դժվարությամբ չունևորի (welfare) նպաստ ձևակերպեց, որը ապահովեց միայն նրա սննդի հարցը, ուրիշ ոչինչ: Կինը հեռացավ նրանից: Հետո նպաստի ժամկետը վերջացավ: Սկսեց պատահական աշխատանքներ կատարել` բեռնատար խանութում, խոտ կտրող, շինարարության բանվոր և այլն: Եվ հանկարծ նրա մոտ սարսափելի հիվանդություն հայտնաբերվեց: Վիրահատություն, այնուհետև հաշմանդամության թոշակ: Սկսեց խմել, հետո հարբած արցունքներ, զանգեր Երևան եղբորը: Ոչ, այսպես չէր պատկերացնում իր կյանքը Յանկստանում;
Որոշ ուշացումով եկավ իմ հաջորդ երևանյան ընկերը` Ն.-ն: Գիտությունների դոկտոր, նախկինում ամբիոնի վարիչ, ներկայումս Լոս Անջելեսի մետրոյի տեխնիկական հսկիչ, որը համարվում էր պետական գործ (gawerment job)` իր բազմաթիվ արտոնություններով: Նա իր ընտանիքով փախավ Հայաստանից 1992-93 թթ. ձմեռից հետո, ինչպես շատ-շատերը: Միշտ ասում էր, որ երբեք չէր հեռանա, եթե չլիներ այդ ձմեռը: Մոտ երկու տարի գոյատևում էին պետական նպաստով (welfare), հետո մոտ երկու տարի աշխատեց որպես տաքսու վարորդ, այնուհետև` էլեկտրիկ և վերջապես տեխնիկական հսկիչ` բավականին լավ աշխատավարձով: Նրա կնոջը` նախկինում գիտաշխատող, նույնպես հաջողվեց աշխատանք գտնել, կենսաբանական լաբորատորիայում: Պետք է ասեմ, որ Ն.-ի և նրա տիկնոջ պատմությունը, համեմատած շատ ու շատերի հետ, կարելի է համարել բավական բարեհաջող: Այսուհանդերձ Ն.-ն նույնպես պնդում է, որ ուշ թե շուտ վերադառնալու է հայրենիք, բայց ես դրան չեմ հավատում, քանի որ նա երկու չափահաս երեխա ունի, որոնք արդեն ամերիկացի են և ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեն:
Ես շատ կուզեի, որ այս ամենը կարդալիս չմտածեիք, որ օգտագործում եմ միայն սև գույնը, ամենևին, ուղղակի փորձում եմ անաչառ վերարտադրել տեսածս: Իհարկե, շատ եմ լսել, որ մերոնց մեջ կան մարդիկ, որոնք իրականություն են դարձրել ամերիկյան երազանքը, բայց ես նրանց անձամբ չեմ հանդիպել:
Կինս հունիսին հյուր եկավ, և ես նրա հետ միացա եղբորս ընտանիքին, որը մի շաբաթով հանգստի էր մեկնում մի հիասքանչ տեղ` Լեյք Թաո (Lake Thao): Դա մի գեղեցիկ լիճ էր` շատ նման մեր Սևանին, բայց շատ ավելի մեծ: Ինչպես և մեր Սևանը, ծովի մակերեսից մոտ 2000մբարձր էր, ափերը ծածկված էին յուրահատուկ գեղեցկության երկնագույն սոճու անտառներով ու սարերով: Բայց այն միտքը, որ դա իմը չէ, խանգարում էր լիարժեք հիանալ և վայելել այդ գեղեցկությունը: Ես այն ընկալում էի որպես դեկորացիա: Ինձ այդ ամբողջը թվում էր գնացքի պատուհանից երևացող մի պատկեր, որը հաջորդ պահին պետք է անհետանա:
Երբ կնոջս գալու կապակցությամբ հյուրերի հոսքը և հրավերները մի քիչ նվազեցին, կինս տխրեց, դժվար էր տանում այդ միապաղաղ կյանքը: Ես չէի կարող թողնել իմ գործերը և զբաղվել նրա ժամանցով, պետք է աշխատեի: Որոշ ժամանակ անց նա ինձ բողոք-մեղադրանք ներկայացրեց.
- էս ո՞ւր ես ինձ բերել, ես ձանձրացել ու հոգնել եմ, էլ չեմ կարող այստեղ դիմանալ:
Ապշեցի, ի՞նչ մեղք ունեմ, ես չեմ ստեղծել այս ձանձրալի Ամերիկան:
- Դե լավ, - ասացի նրան, - վերադարձիր տուն, եթե ուզում ես:
Նա ուզում էր և այդպես էլ արեց:Նրա գնալուց հետո իմ ֆինանսական բեռը զգալի թեթևացավ, քանի որ պարտադրված այցելությունները և ընդունելիությունները վերջացան: Տեղափոխվեցի ապրելու ավելի համեստ մի տեղ, որը, ըստ երևույթին, նախատեսված էր օֆիսի համար: Այդ տեղն ինձ իմ ամերիկյան ծանոթները տրամադրեցին անվճար և դա ներկայացրին որպես մարդասիրական արարք: Միքիչ մտածելուց հետո ենթադրեցի, որ երևի նրանց պարզապես պահակ էր պետք: Այդ եզրակացությանը ես հանգեցի նաև` հաշվի առնելով ամերիկյան յուրահատկությունները միջանձնային հարաբերություններում: Ամեն դեպքում այդ մարդասիրական արարքի շնորհիվ ամիսը մոտ 800 դոլարխնայեցի:
Այսպիսով հայտնվեցի Արևմտյան Հոլիվուդում, որը կպած է հայտնի Բևերլի Հիլզ հարուստների քաղաքին: Սովորաբար Ամերիկայում փողոցներում գրեթե մարդու չես հանդիպում, բայց այստեղ զարմանալիորեն փողոցը լիքն էր ծեր և հաշմանդամ մարդկանցով: Պարզվեց, որ մեր փողոցում կենտրոնացված էին մի շարք ծերանոցներ, որոնք սովորական բազմաբնակարան մեծ շենքեր էին: Ամեն ծերանոց ուներ ծերերին սպասարկող մեծաթիվ անձնակազմ` բժիշկներ, քույրեր, սպասավորներ և այլն: Ծերանոցի յուրաքանչյուր բնակիչ ուներ իր առանձին բնակարանը: Այսինքն` ոչ մի ընդհանուր բան չկա նրանց և մեր ծերանոցների միջև, որտեղ մի սենյակում անտրտունջ ապրում է մոտ տասը մարդ:
Ծանր էր ինձ համար ամեն օր անցնել հարևան ծերանոցի լայն ապակյա շքամուտքի առջևով, ապակու հետևում տեսնել հաշմանդամների և ծերերի սայլակների շարքը: Նրանք հանգած և անհույս հայացքներով նայում էին ինձ և փողոցին, որտեղ ոչինչ տեղի չէր ունենում: Մի օր ուշադրություն դարձրեցի մի ծեր կնոջ վրա, որը, նստած իր սայլակում, ձեռքին օրորում էր մի փոքրիկ երեխայի: Ինձ ցնցեց և ապշեցրեց այդ տեսարանը: Ի՞նչ գործ ունի այստեղ երեխան: Մեր հայացքները հանդիպեցին, և նա ժպտաց ինձ, եթե դա կարելի էր ժպիտ համարել, հետո բարձրացրեց երեխային` ողջունելով ինձ: Ես նորից ցնցվեցի. դա երեխա չէր, սովորական տիկնիկ էր:
Տխրությունը ցրելու համար պատմեմ իմ նոր հարևանի մասին, որը ապրում էր իմ պատից այն կողմ: Սկզբից ուրախացա իմանալով, որ հարևանս նկարիչ է: «Ամեն դեպքում հարազատ հոգի է»,- մտածում էի ես` չկայացած նկարիչս: Արտաքինով բնավ նման չէր նկարչի: Ո′չ երկար մազեր ուներ, ո′չ գունեղ սվիտեր, ո′չ էլ ծխամորճ: Նա ճաղատ էր, բարձրահասակ, Հերկուլեսի կազմվածքով: Ամբողջ օրը կա′մ հազում էր, կամ փռշտում զարհուրելի ձայնով: Նրա արվեստանոցն օր ու գիշեր բազմամարդ էր: Ինչ էին անում այնտեղ` չգիտեմ: Ինձ համար մնաց անհայտ նաև, թե երբ է այդ բոհեմի ներկայացուցիչը նկարում: Ութ ամսվա ընթացքում, ինչ ես այնտեղ ապրեցի, նրան նկարելիս չտեսա: Ամենատհաճն այն էր, որ նրա մոտ անընդհատ բարձր երաժշտություն էր հնչում: Երբ էր այդ սրիկան քնում` նույնպես չգիտեմ: Բողոքելու իրավունք չունեի, քանի որ այդ վայրը բնակելի չէր համարվում, ուստի նա կարող էր աղմկել մինչև լույս: Ես շատ մեծ սիրով սկսեցի հիշել իմ նախորդ հարևան մեքսիկացուն, երբ Գլենդելում էի, որին քիչ էր մնում սպանեի նույն պատճառով: Բայց նա գոնե գիշերը անջատում էր իր մագնիտաֆոնը:
Այս նկարչի արվեստանոցի ցուցափեղկում տեղադրված էր մի «գլուխգործոց», որը պատկերում էր վատառողջ մարդու ստամոքսի պարունակությունը` լղոզված կտավին մերկ ոտքով կամ միգուցե ճաղատ գանգով: Հետագայում վերլուծելով եկա այն եզրակացության, որ իմ պատի հետևում գործում է գաղտնի միասեռականների ակումբ` քողարկված նկարչի արվեստանոցի անվան տակ: Բանն այն է, որ Արևմտյան Հոլիվուդը (West Hollywood) Կալիֆոռնիայի միասեռական համայնքի խոշորագույն կենտրոնն է, այդ թվում և կին միասեռականների (լեսբիների): Այստեղ ես հայտնաբերեցի նաև նրանց պատվին միակ հուշարձանը, որը կանգնեցվել էր 1982 թ., երբ միասեռականների ցույցի մասնակիցներին դաժանաբար ծեծել էին այն ժամանակվա նահանգապետի հրահանգով:
Բացի միասեռականներից, այստեղ է կենտրոնացած նաև ռուս-հրեական համայնքը: Այստեղ կային բազմաթիվ ռուսական խանութներ և ռեստորաններ: Եվ այստեղ գործնականում կարելի էր գնել ցանկացած մթերք, ինչը վաճառվում է Մոսկվայում, նույնիսկ` վոբլա և ժիգուլևյան գարեջուր:
Ավարտելով իմ սուբյեկտիվ պատմությունը` ուզում եմ ասել, որ ինձ չհաջողվեց լուծել իմ ֆինանսական խնդիրները իմ ուզած ձևով: Որոշեցի վերադառնալ: Այսպիսով մոտ հինգ տարի անց ավարտվեց իմ ամերիկյան շրջանը: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ դա իմ կյանքի ամենածանր տարիներն էին. ուզում եք` հավատացեք, չեք ուզում` ստուգեք այդ ամենը սեփական մաշկի վրա:
2011 թ.