Անհրաժեշտ է, որ գործատուներն ըմբռնումով մոտենան հիվանդ աշխատակիցներին. ԱՆ ներկայացուցիչ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
Այժմ երկրում սուր շնչառական վարակների ամենշաբաթյա մոնիտորինգ է անցկացվում. Տվյալները չեն տարբերվում նախորդ տարիների ցուցանիշներից։
Ըստ Լիլիթ Ավետիսյանի տվյալների` հոկտեմբերի 19-25-ը ընկած հատվածում սուր շնչառական վիրուսային վարակների 2354 դեպք է արձանագրվել:
Մասնագետն ընդգծեց` հիվանդության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա տարածման մեխանիզմը:
«Խոսքը օդում տարածվող կաթիլների մասին է: Հիգիենան շատ կարևոր է, որպեսզի նաև դու՝ ինքդ, վարակի աղբյուր չդառնաս շրջապատի համար :Երբ փակ տարածքում, որտեղ չկա օդափոխություն և մեծ թվով մարդիկ են, ապա հազալու ընթացքում կաթիլները որոշ ժամանակ կմնան օդում, ապա շնչելու միջոցով կանցնեն առողջ մարդու օրգանիզմ: Պետք է խուսափել նաև ձեռքով բերանը փակելուց: Կարելի է միանվագ օգտագործման անձեռոցիկով փակել բերանը, հազալ ու նետել»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Վարակներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ տվեց ձեռքերը հաճախ լվանալ:
Փակ, չօդափոխվող տարածքներում գտնվելը նպաստում է հիվանդությունների տարածմանը։ Այդ պատճառով, որքան էլ ցուրտ է, պետք է հնարավորինս հաճախ օդափոխել սենյակները: Դիմադրողականությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում նաև լավ սնվել:
«Հիվանդ ժամանակ պետք չէ դուրս գալ տանից: Անհրաժեշտ է, որ գործատուներն ըմբռնումով մոտենան հիվանդ աշխատակիցներին և թույլ չտան նրանց աշխատանքի գնալ, ուսանողները և աշակերտները նույնօես պետք է խուսափեն դասի գնալուց եթե հիվանդ են»,- եզրափակեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը :