Հայերեն   English   Русский  

​Ոստիկանապետը, որ զոհվեց նշանակման նույն օրը


  
դիտումներ: 2857

25 տարի առաջ` 1990 թ. հոկտեմբերի 29-ին, Նորքի 9-րդ զանգվածում մի ողբերգություն տեղի ունեցավ, որի մասին այսօր քչերը կհիշեն:

Թյուրիմացաբար հնչած կրակոցներից զոհվեցին Երևանի Սովետական շրջանի (ներկայիս Նոր նորք) ոստիկանության պետ Արիս Անդրեասյանն ու երկու երիտասարդ:

Արիս Անդրեասյանը հենց այդ օրն էր նշանակվել Սովետական շրջանի ոստիկանապետ: Ուշ երեկո էր, սակայն նա աշխատանքից տուն չէր վերադառնում. առաջին աշխատանքային օրն էր այդ պաշտոնում, անելիքները շատ էին, մանավանդ որ բնավորությամբ խիստ բծախնդիր էր, աշխատանքին ողջ էությամբ նվիրված ու խստապահանջ:

Երբ այդ օրը երեկոյան ոստիկանությունում ահազանգ է ստացվում, թե իբր 9-րդ զանգվածում հանցագործներ կան և հնչել են կրակոցներ, օպերատիվ խումբն արագ հավաքվում է, որպեսզի մեկնի դեպքի վայր: Արիս Անդրեասյանն անմիջապես միանում է խմբին, չնայած նրան խնդրում են չգնալ, քանի որ իր աշխատանքային առաջին օրն է: Բայց Անդրեասյանի համար կարևոր էր, որ իր գործելաոճն առաջին իսկ օրվանից հայտնի դառնա աշխատակիցներին: Նա մեկնում է:Հասնելով դեպքի վայր՝ ինքն է առաջինը դուրս գալիս և մոտենում մի խումբ երիտասարդների, որոնց հետ հարցուփորձից պարզ է դառնում, որ նրանցից մեկը կրակել է: Անդրեասյանը երիտասարդին ասում է, որ պատմի, թե ինչու է կրակել ու ինչպես: Վերջինս պատմելու ժամանակ մեխանիկորեն կրակում է: Երբ հնչում է կրակոց, ոստիկանները, որոնք քիչ այն կողմ կազմ և պատրաստ կանգնած էին, կարծելով, թե կրակում են ոստիկանապետին, առանց երկար-բարակ մտածելու իրենք էլ իրենց հերթին են կրակ բացում, այսպես կոչված, «հանցավոր խմբի» ուղղությամբ: Ոստիկանության կրակոցներից զոհվում են երիտասարդներից երկուսը և Արիս Անդրեասյանը՝ իրենց ոստիկանապետը: Հետագայում պարզվում է, որ տղաներն ամենևին էլ լուրջ հանցագործներ չէին, պարզապես կրակել էին ինչ-ինչ անիմաստ պատճառներով: Ահա այդպիսի ողբերգական ավարտ է ունենում Սովետական շրջանի ոստիկանապետ Արիս Անդրեասյանի առաջին աշխատանքային օրը նոր պաշտոնում:

Արիս Անդրեասյան

Սա պաշտոնական վարկածն է, այն, ինչ հայտարարվեց նախաքննությունից հետո: Սակայն շատերի կասկածներն այդպես էլ չփարատվեցին, ու մինչ օրս էլ ոմանք համոզված են, որ դա կազմակերպված սպանություն էր` պատահականության կամ թյուրիմացության քողի տակ: Համենայն դեպս, այն երկու անմեղ զոհերի` տղաների հարազատները, սեփական «հետաքննության» արդյունքները բերելով, վստահեցնում էին, որ ոչ մի խումբ ու կրակոց էլ չի եղել, իրենց տղաները երկուսով ավտոմեքենայի մեջ նստած զրուցելիս են եղել իրենց անձնական հարցերի շուրջ (նրանք առհասարակ որևէ խմբավորման հետ կապ չեն ունեցել, սովորական տղաներ էին, որոնք մտմտում էին սեփական բիզնես սկսել): Արիս Անդրեասյանը հասցրել է մոտենալ ու բացել մեքենայի դուռը, և թիկունքից արձակվել է կրակոցը: Այսպես թե այնպես, չմոռանանք, որ խառնակ ժամանակներ էին, պարզ չէր, թե ով ում բարեկամն է, և բացառված չէ, որ Անդրեասյանի նշանակումը ինչ-որ ուժերի ձեռնտու չլիներ: Բացառված չէ նաև, որ նախաքննություն իրականացնողներն առաջնորդված լինեն մասնագիտական համերաշխությամբ կամ «աղբը տնից դուրս չհանելու» և իրենց ոլորտը չվարկաբեկելու նախանձախնդրությամբ:

Ինչևէ, 2011 թ. միլիցիայի գնդապետ Արիս Անդրեասյանը հետմահու պարգևատրվում է «Սխրագործության համար» մեդալով:

Բաղիշ Մաթևոսյանը՝ նրա 30 տարվա գործընկերն ու ընկերը, ցավով է խոսում դեպքի մասին ու մեծ ափսոսանք հայտնում, որ ընկերը զոհվեց թյուրըմբռնման հետևանքով՝ իր իսկ գործընկերների ոչ դիտավորյալ արձակված գնդակից: Ընկերոջ մասին խոսելիս հիշում է, որ ոստիկանական համակարգում ինչ պաշտոնի էլ որ նա եղել է, ամենաբարձր մակարդակով է իր գործը կատարել: Ի դեպ, Արիս Անդրեասյանը եղել է նաև Կամոյի (Գավառ) և Հրազդանի ոստիկանապետը, նաև այլ բարձր պաշտոններ զբաղեցրել համակարգում: «Վերջում նրան ուզում էին ավելի լավ աշխատանքի տանել, ավելի հանգիստ ու խաղաղ պայմաններում, բայց նա միշտ ձգտում էր լարված աշխատանքի, ասում էր՝ հանգիստ գործն ինձ համար չի: Արդյունքն էլ դա եղավ»,- նկատում է ընկերը:

Բաղիշ Մաթևոսյանը, որ նույնպես երկար տարիների ոստիկանապետ է, շատ է ուզում, որ այսօրվա ոստիկանական համակարգում ծառայեն Արիս Անդրեասյանի պես մարդիկ, որոնք անվերապահորեն նվիրված են իրենց գործին, իրենց երկրին ու պետականությանը:

ՀՀ ներքին գործերի այդ ժամանակվա նախարար Կառլոս Ղազարյանը, որն էլ Արիս Անդրեասյանին նշանակել էր Երևանի Սովետական շրջանի ոստիկանապետ, նրա մասին ասում է. «Բարձրակարգ պրոֆեսիոնալ, վառ անհատականություն, առողջ, սթափ դատողությունների տեր մարդ, որ դիպուկ էր իր արտահայտություններում, խստապահանջ էր շրջապատի և իր աշխատողների նկատմամբ»:

Կառլոս Ղազարյանը հիշում է դեպքը, սակայն չի ուզում շատ բան խոսել: Միայն հիշեցնում է, որ Անդրեասյանի պաշտոնավարման տարիները շատ բարդ ժամանակաշրջան էին Հայաստանի համար, ինչ-որ չափով` անկառավարելի: «Ողջ համակարգի առջև ծառացած էին օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ դժվարություններ: Նախարարության առջև ժամանակի առաջադրած դժվարին ու առաջնահերթ խնդիրն էր հայտնաբերել ու զինաթափել այն հանցավոր խմբերը, որոնք ձեռք բերած զենք-զինամթերքն օգտագործում էին կողոպուտի և թալանի համար՝ ապակայունացնելով իրավիճակը: Հատուկ պատրաստվածություն ու կենսափորձ ունեցող մարդիկ պահանջող համակարգի կառավարումը, ըստ էության, մնում էր այն սակավաթիվ սպաների վրա, որոնք ի սկզբանե իրենց կոչումն ու խնդիրն էին համարել պայքարը հանցավորության դեմ, պրոֆեսիոնալիզմը աշխատանքում և սպայական պատվի առաջնայնությունը»:

Ըստ նրա` այդ սակավաթիվներից էր նաև Անդրեասյանը: «Ընդհանրապես իր գործունեության ընթացքում նա կարողացավ միլիցիայի լավագույն նվիրյալ աշխատակիցների հետ միասին կանոնակարգել իրավիճակը, անել առավելագույնը: Զգալի աշխատանք կատարեց նաև ոստիկանության շրջանային բաժինները տեխնիկական միջոցներով հագեցնելու, շենքերի շինարարության բնագավառում: Նա արտաքուստ չափազանց հանգիստ, խաղաղ էր թվում: Տպավորությունն այնպիսին էր, ասես երբևէ ոչ մի տեղ չէր շտապում: Խոսում էր դանդաղ ու հանգիստ: Սակայն իրականում շատ զգացմունքային մարդ էր, իսկ ոստիկանական աշխատանքը նրա տարերքն էր»:

Արիս Անդրեասյանի կինը՝ տիկին Ռոզան, առանց հուզմունքի դեպքի մասին չի կարողանում խոսել: Անցել է 25 տարի, սակայն նա չի համակերպվում սիրելի ամուսնու կորստի հետ, որն այդ ժամանակ ընդամենը 49 տարեկան էր՝ գործունեության ամենաբեղուն շրջանում: Ասում է, որ միակ սփոփանքը որդին ու դուստրն են, որոնք հիանալի մարդիկ են:

Արիս Անդրեասյանի ավագ քույրը` տիկին Բյուրակնը, նույնպես չի մոռանում եղբորը, որին ձեռքերի վրա է մեծացրել: Արիսի մասնագիտական գործունեությունը մի կողմ դնելով` քույրը խոսում է նրա մարդկային որակների մասին` հատկապես որպես ընտանիքի հոգատար հայր, որդի և ամուսին: Ասում է, որ Արիսը չափազանց հարգալից էր շրջապատի նկատմամբ, վստահում էր մարդկանց` չնայած որ ոչ բոլորն էին արժանի այդ հարգանքին ու վստահությանը: Տիկին Բյուրակնը սարսուռով է հիշում 1990 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ողբերգությունը, որը նրա համար նույնպես լիարժեք բացահայտված չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: