Հայերեն   English   Русский  

​Թուրքիան կրկին փորձում է օգուտ քաղել սիրիական ճգնաժամից


  
դիտումներ: 850

Թուրքիան այս օրերին դարձել է միջազգային քաղաքականության էպիկենտրոն: Պատճառը ոչ միայն ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակն է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այլև ճգնաժամի խորացումը Մերձավոր Արևելքում:

Դեպի Արևմուտք փախստականների հոսքը մեծանում է, իսկ Եվրոպայի ռեսուրսները օրեցօր սպառվում են: Այս տարի արդեն մոտ 600 հազար ներգաղթյալ է ծովային ճանապարհով հասել Եվրամիություն: Նրանց մեծ մասը, Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, տեղափոխվում է Եվրոպա Թուրքիայի տարածքով: Բացի այդ, ներգաղթյալների հոսքը ծայր է առնում նաև պատերազմական վիճակում գտնվող կամ սոցիալապես անապահով այլ երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից, Եմենից, աֆրիկյան պետություններից:

Թուրքիայում այժմ բնակվում է մոտ 2 մլն փախստական, որոնցից շատերի վերջնական նպատակը Եվրամիություն հասնելն է: Փախստականների ճամբարներում ապրող մարդիկ պարբերաբար բողոքում են իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Այս ամենի համատեքստում ակտիվացել են Եվրոպա-Թուրքիա և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: ԵՄ-ն պատրաստ է 3 մլրդ եվրո տրամադրել փախստականների խնդիրների համար: «Իհարկե, եվրոպական երկրների ղեկավարությունները պատրաստակամ են օգնելու Թուրքիային փախստականների ընդունման հարցում, քանի որ թե՛ Գերմանիային, թե՛ մնացած եվրոպական երկրներին ձեռնտու է, որ հնարավորինս շատ փախստականներ ապաստան գտնեն Թուրքիայում, որպեսզի դանդաղի նրանց հոսքը եվրոպական երկրներ, և այս տեսանկյունից կարելի է պնդել, որ Եվրոպան կշարունակի օգնել Թուրքիային սիրիացի փախստականների հարցում»,- «Անկախի» հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Հոկտեմբերի 18-ին Թուրքիա այցելեց Անգելա Մերկելը: Գերմանիայի կանցլերը, որ երկար տարիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու դեմ էր արտահայտվում, հայտարարեց, որ քայլեր կանի այդ գործընթացն արագացնելու համար:

Ըստ թուրքագետի` Մերկելի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ հակասական են. «Հոկտեմբերի սկզբին նա նշեց, որ դեմ է դրան, մինչդեռ Թուրքիա այցի ընթացքում պնդեց հակառակը: Սա խոսում է այն մասին, որ Մերկելի՝ Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու հայտարարությունը բավական կոշտ է ընկալվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում, հետևաբար, սպասելի էր, որ իրադրությունը մեղմելու համար Մերկելը պետք է որոշակիորեն հակառակ հայտարարությամբ ևս հանդես գար»:

Այնուամենայնիվ, Մուշեղ Խուդավերդյանը չի կարծում, որ Թուրքիան ԵՄ անդամ կդառնա տեսանելի ապագայում. «Այս հարցը շարունակում է բավական մշուշոտ մնալ, քանի որ եվրոպական մի շարք երկրներ, հատկապես` Ֆրանսիան, խիստ դեմ են դրան: Թուրքիայի ԵՄ անդամակցությամբ կարող է զգալիորեն ավելանալ դեպի Եվրոպա Թուրքիայի քաղաքացիների հոսքը, կա կիպրոսյան չլուծված խնդիր, Թուրքիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այլն»:

Թուրքիայի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագիր է կնքվել դեռևս 1963 թ., իսկ ԵՄ-ին անդամակցելու դիմումը Անկարան ներկայացրել է 1987 թ.: Բանակցությունները, սակայն, սկսվել են միայն 2005 թ.: Այս տարիների ընթացքում կողմերը համաձայնության են եկել 35 տեխնիկական հարցերից 14-ի վերաբերյալ: Թուրքական իշխանությունները պետք է իրականացնեն այդ բոլոր կետերը Եվրոպական միության ստանդարտներին հասնելու համար: Եվս 17-ն այս պահին արգելափակված են, իսկ 4 կետերի շուրջ բանակցություններ են ընթանում:

Բրյուսելի և Անկարայի միջև տարաձայնությունները պայմանավորված են Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումով: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ եվրոպական շատ երկրներ չեն ցանկանում իրենց շարքերում տեսնել մահմեդական պետություն:

Թուրքիայի ախորժակը ԵՄ-ին անդամակցության հարցով չի սահմանափակվում: Մերկելի այցելության ընթացքում Ահմեդ Դավութօղլուն պահանջեց դյուրացնել ԵՄ մուտքի վիզայի տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Առաջիկայում սպասվում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական այցը Թուրքիա: Ակնհայտ է, որ Սիրիայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո երկու գործընկերները շատ հարցեր ունեն քննարկելու: Պարզ է նաև, որ Թուրքիան, ինչպես միշտ, նման իրավիճակներում աշխատելու է առավելագույնս օգուտ քաղել իր համար:

Լուսինե Ոսկանյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: