Հայերեն   English   Русский  

​Նրա օճառն արքայադուստրերն են օգտագործում


  
դիտումներ: 2082

Սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը չի հավատում, թե Հայաստանում գործ չկա, բիզնես անելը դժվար է կամ անհնար, ու պնդում է` աշխատողի համար միշտ էլ գործ կա: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Շանթը Հայաստանում սկսել է օրգանական օճառի, օրգանական շամպունների և կոսմետիկ յուղերի արտադրություն` «Beauty products» անվամբ, իսկ մինչ այդ օրգանիկ օճառներ էր պատրաստում Հորդանանում:

Օրգանիկ օճառների արտադրությամբ ու վաճառքով զբաղվելու համար սկզբում իր իսկ ձեռքերով պատրաստել է ընդամենը 20 օճառ ու հենց այդ «խմբաքանակով» էլ մտել շուկա: Հայաստանում էլ Շանթն իր բիզնեսը սկսել է` ընդամենը 4 տեսակի օճառ պատրաստելով: Հիմա արդեն 4-ի փոխարեն պատրաստում է 10 տեսակի օճառ, իսկ ապրանքների թվին ավելացել են նաև 12 տեսակի շամպուններն ու 12 տեսակի յուղերը:

«Առաջին մեկուկես տարին հիմնական ջանքերն ուղղված էին արտադրանքի անունը ճանաչելի դարձնելուն, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ իսկապես որակով ապրանք ենք պատրաստում: Կարծում եմ` դա հաջողվեց, քանի որ մարդիկ արդեն իրենք են զանգում, դեղատներն ու խանութներն են զանգում ու ասում` լսել ենք, հավանել ենք, գնել-օգտվել ենք և ուզում ենք, որ մեզ մոտ էլ լինի ձեր ապրանքը: Օրըստօրե այդպիսի զանգերի թիվն ավելանում է»,- «Անկախին» պատմեց Շանթ Խայալյանը:

Նա այսօր իրավամբ հանդիսանում է Հայաստանի երիտասարդ ու նորարար գործարարներից մեկը և միակ մարդը, որ մեր երկրում արտադրում է օրգանիկ օճառ ու կոսմետիկ միջոցներ: Հայկական բույսերից ու մրգերից պատրաստած նրա ապրանքներն արդեն արտահանվում են տարբեր երկրներ:

Սիրիահայ Շանթ Խայալյանը Հայաստան է տեղափոխվել Սիրիայի պատերազմից հետո: Պատերազմը սկսվելուց հետո սկզբում կնոջն ու դստերն է ուղարկել Երևան, իսկ ինքը Հորդանան է գնացել` գումար վաստակելու:

«Ես, օրինակ, Եվրոպա կամ Ամերիկա չեմ ուզում գնալ, որովհետև մարդկային առումով Հայաստանում շատ բաներ կան, բայց այնտեղ չկան: Երկրորդ` գանք բիզնես միջավայրին, եթե ես նույն գործն անեի Ամերիկայում կամ Եվրոպայում, այնտեղ այդ գործով զբաղվող միլիոնավոր մարդիկ կան, և շուկա մտնելն ավելի դժվար է: Բացի այդ, Ամերիկայի համար հիմնական սկզբունքները, բիզնես սկսելը, գործ սկսելը և այլն, ահավոր ծախսատար է և շատ ռիսկային, քանի որ չգիտես, թե ինչ կարող է լինել հետո: Իսկ Հայաստանը ես ընտրեցի որպես գործունեության տարածք, որովհետև բաց տեղեր շատ կան բիզնես անելու համար»,- ասում է Շանթ Խայալյանը:

Նրա դիտարկմամբ` շուկա մտնելու համար յուրահատուկ բան պիտի ներկայացնես, ոչ թե այն շատ ապրանքներից, որոնցով շուկան արդեն լիքն է: Այս առումով Շանթի պատկերացումները հանգեցրել են այն ճշմարտությանը, որ այսօր աշխարհը գնում է դեպի մաքուր, առանց քիմիական հավելումների սննդի, իրերի, կենցաղային ապրանքների օգտագործման ճանապարհով, և հնարավոր չէ, որ Հայաստանը հետ մնա այդ շարժումից: Ու հենց դա է Շանթը համարում իր հաջողության հիմնական գրավականներից մեկը, քանի որ իր պատրաստած օճառներում, շամպուններում ու յուղերում, սկսած գույնից, ոչ մի արհեստական նյութ չի օգտագործվում:

«Մարդիկ իրենց օճառների պատրաստման ժամանակ ավելացնում են պատրաստի եթերային յուղեր ու ստանում են հոտային հատկանիշներով օճառի տեսակը, որին ես դեմ եմ: Կարծում եմ ու աշխատում եմ այսպես. յուղերը, լինի գազարը, երիցուկը, մաղադանոսը, խաղողը թե այլ բան, բոլորը ես իմ ձեռքով եմ պատրաստում ու հենց այդ յուղն եմ օգտագործում: Հաճախորդը կամ անձը ուզում է հոտավետ եթերայուղերով պատրաստված միջոցներ առնել, որոնցից անուշ հոտ է գալիս կամ ձեռքերն են փափկացնում և այլն: Իսկ ինձ հիմնականում հետաքրքրում է այն, որ մեր օճառը կամ այլ միջոց գնողը միանգամից օգուտը, օգտակարությունը տեսնի»,- բացատրում է Խայալյանը և հավելում, որ մեր բնությունը մեզ տալիս է եղած խնդիրների դեմ բոլոր միջոցները: Ուստի հենց ադ բույսերից էլ պետք է ստանա բոլոր եթերայուղերը, որ անհրաժեշտ են իրեն որակյալ ու բուժիչ օճառ կամ շամպուն պատրաստելու համար:

Նրա օճառները պատրաստվում են հնագույն օճառագործության օրենքներով ու սկզբունքներով: Իսկ դա հեշտ գործ չէ, մեծ համբերություն ու ջանքեր է պահանջում, քանի որ անհրաժեշտ բոլոր բույսերը, որ աճում են վայրի բնության մեջ, Շանթն անձամբ է հավաքում, մյուս բույսերից, միրգ-բանջարեղենից բոլորն անձամբ է ընտրում ու սկսում մշակել: Իսկ ծաղկից կամ բույսից եթերայուղ ստանալու համար պահանջվում է 1-1,5 ամիս: Մինչ հումքը պատրաստ կլինի, նա շարունակում է ուսումնասիրել, նոր բաներ սովորել, կատարելագործվել:

Շանթն իր բիզնեսը սկսել է 20 օճառով: Այնուհետև դիմել է Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն: Նրա ծրագիրը հաստատվել և վարկավորվել է: Ինչպես պատմում է` սկզբում շատ դժվար է եղել շուկայում որոշակի տեղ գրավելը, քանի որ մարդիկ իրենց ձեռքն էին վերցնում իր օճառներն ու դրանից հոտ չէին առնում: Բայց երբ օգտվում են ու իրենց մաշկային, մազային կամ այլ խնդիրները լուծվում են կամ դանդաղում, արդեն սկսում են ավելի շատ գնել ու պահանջել: Արդեն շատ բժիշկներ են իրենց այցելուներին խորհուրդ տալիս օգտվել Շանթի պատրաստած օճառներից:

Նրա արտադրանքը վաճառվում է հիմնականում դեղատներում, «Պարմա» խանութներում, կա նաև օնլայն վաճառք: Բայց Շանթի օճառները վաճառվում են ոչ միայն Հայաստանում նաև արտահանվում են: Շանթ Խայելյանը շատ պատվիրատուներ ունի Ֆրանսիայից, Ռուսաստանից: Գերմանիայից են նոր հետաքրքրվողներ հայտնվել: ԱՄՆ, Կանադա ու էլի շատ երկրներ է առաքումներ անում: «Beauty products» ապրանքները վաճառվում են նաև միջազգային առևտրային կամ վաճառքի կայքերում ու պորտալներում:

Շանթ Խայալյան

Իսկ հիմնական գործը սկսվել է Հորդանանում` ընկերոջ հետ: Այնտեղ էլ Շանթ Խայալյանի պատրաստած օրգանիկ օճառները մասնակցում են ցուցահանդեսների, որոնց արդյունքում այդ օճառները հայտնվում են նաև Հորդանանի թագավորի քրոջ մոտ:

«Մի օր հետաքրքիր զանգ եկավ, պարզվեց, որ Հորդանանի թագավորի քույրը շատ է հավանել մեր պատրաստած օճառները և ուզում է այդ որակի համար ինչ-որ կերպ վարձատրել մեզ: Այդպես մեզ շքանշան տվեցին ու որակի սերտիֆիկատի պես մի բան: Բայց ես դա Հայաստանում որպես զենք չեմ օգտագործում, այլ ուզում եմ, որ մարդիկ իրենք համոզվեն, որ մեր ապրանքն իրոք լավն է»,- ասում է Շանթը:

Հայաստան գալուց հետո էլ ՄԱԿ-ում է միջոցառում լինում, որում ներկայացվում են նաև Շանթի օճառները: Դրանց որակի համար շնորհվում է գրան-պրի մրցանակ:

«Հիմա, երբ ՄԱԿ-ի առաջարկով արտադրանք եմ տալիս, դրա պիտակի վրա նշում եմ, որ ՄԱԿ-ը որակի չափանիշ է համարում մեր արտադրանքը»,- ասում է նա:

Շանթ Խայալյանն արդեն մտածում է իր բիզնեսն ընդլայնելու մասին. մինչ օրս նա Հայաստանում մենակ էր օճառ արտադրում` իր յուղերով, սիրիահայ ընկերների օգնությամբ պատրաստված հաստոցով: Նա արդեն որոշ մարդկանց նկատի ունի, որոնց պետք է աշխատանքի հրավիրի: Բացի այդ, Ռուսաստան նմուշներ է ուղարկել, ու հիմա այնտեղ ուզում են տանել Շանթի կոսմետիկայից մեծ խմբաքանակով: Ռուսաստանում դեղատների 12 ցանցեր ևս հետաքրքրություն են ցուցաբերել այդ ապրանքների նկատմամբ: Ու երբ համապատասխան պայմանագրերը կնքվեն` Շանթն արդեն կընդլայնի բիզնեսը: Իսկ մինչ այդ ստեղծում է որակյալ ու բնական արտադրանք և շարունակում կատարելագործվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: