Հայերեն   English   Русский  

​Բիզնես` սուրճի բուրմունքով կամ` բիզնեսում կարևորը համբերությունն ու բարի համբավն են


  
դիտումներ: 3637

Թեև հայկական շուկայում «Rio Grande» սուրճը սկսեց երևալ միայն 2008-2009 թթ. հետո, այն արտադրվում էր շատ ավելի վաղ: 2002 թ. Րաֆֆի Մխջյանը երկու գործընկերների հետ հիմնեց «Ռիո Գրանդե» սուրճի արտադրամասը, ու հենց այդ ժամանակից էլ Հայաստանում սկսվեց այդ հայտնի սուրճի արտադրությունը: Սկզբում գործընկերները, ունենալով ընդամենը 60-70 հազար դոլար գումար և 6 հոգի աշխատող, տարածք են վարձակալում, ձեռք բերում սուրճի բովարան, սրճաղաց, փաթեթավորման գործիքներ ու պարագաներ, ներմուծում հումքի առաջին խմբաքանակը ու սկսում արտադրել հայտնի սուրճը: Բայց մինչ այդ բավական երկար ու բարդ, միաժամանակ հետաքրքիր նախապատմություն է ընկած եղել Rio Grande-ի ստեղծման հիմքում:

Իսկ այդ նախապատմության սկիզբը 1999 թվականն է: Այդ ժամանակ մի արաբ գործարար, որ Հայաստանում հիմնել էր սուրճի գործարան, զուտ վստահությամբ պայմանավորված, Մխջյանին հրավիրում է իր գործարան` 3 շաբաթով իրեն փոխարինելու և գործերի ընթացքին հսկելու խնդրանքով, քանի որ Մխջյանը ծնունդով Լիբանանից էր: Այդ ժամանակ էլ Մխջյանը ծանոթանում է իր ապագա հայ գործընկերների հետ, որոնք այդ ժամանակ զբաղվում էին արաբ գործարանատիրոջ սուրճի իրացմամբ:

«Իմ գործը նրանց հսկելն էր: Այդ երեք շաբաթվա մեջ ես ոտքից գլուխ ուսումնասիրեցի այդ գործն ու հասկացա, որ բավականին մեծ գումարներ են շահում այդ գործում, և այդ հայերին դիմեցի ու ասացի. «Եկեք այս գործը մենք անենք, այս արաբն եկել է Լիբանանի լեռներից ու այստեղ փող է աշխատում, ի՞նչ է, չե՞նք կարող մենք անել այդ գործը»: Ականջ չդրեցին իմ այդ ասածներին, ու այդ խոսակցությունն այդպես «քնեց»,- պատմում է Րաֆֆի Մխջյանը:

Դրանից հետո, քանի որ արդեն տեղի էր ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ու երկրում միանգամից իրավիճակ էր փոխվել, Մխջյանի խոսքով` գաղջ ու մռայլ մթնոլորտ էր տիրում, նա հիասթափություն է ապրում ու որոշում է վերադառնալ Լիբանան: Մոտ մեկուկես տարի անց հասկանում է, որ առանց Հայաստանի չի կարողանում, ու 2001 թ. դարձյալ վերադառնում է Հայաստան: 2002 թ. ապրիլին նորից հանդիպում է արաբ գործարանատիրոջ մոտ աշխատող հայերի հետ, և Մխջյանի ապագա գործընկերները հիշեցնում են նրան տարիներ առաջ արած առաջարկը` սուրճի սեփական բիզնես հիմնելու վերաբերյալ: Պայմանվորվում են, «լիֆտերի գործարանում» տարածք վարձակալում ու հիմնում սուրճի արտադրամաս:

«Այդ ժամանակ մի տարօրինակ բան տեղի ունեցավ: Քանի որ գործընկերներս այդ արաբի վաճառողներն էին ու իրենք էին գնորդների հետ անմիջական կապը, մտածում էինք, որ խնդիր չենք ունենալու: Բայց երբ ներմուծեցինք հումքը, հաշիվ-հաշվարկ արեցինք, գին որոշեցինք, տեսանք, որ շուկայի հետ չենք խոսում: Պարզվեց, որ մինչև 2000 թվականը Հայաստանում եղել է մի օրենք. ովքեր ցույց են տվել, թե իբր արտասահմանյան ներդրում կա իրենց ֆիրմայում, մաքսատուրքերից ազատվել են: Այսինքն` նրանք վճարում էին միայն 20 տոկոս ԱԱՀ, իսկ մենք վճարում էինք 32 տոկոս: Արդեն 12 տոկոսով մեր գինն ավելի բարձր էր շուկայում մնացածի գներից: Տեսեք, թե ինչ անհավասար դաշտ էր աշխատելու համար: Փաստորեն, մենք հիմնեցինք ամեն ինչ, ապրանքը ներմուծեցինք, արտադրեցինք, բայց հասկացանք, որ այս շուկայում անելու բան չունենք: Մեկ էլ շատ պատահաբար Սուրմալուի թե Փեթակի ծանոթներից եկան, վերցրին մեր արտադրանքից մի քանի բլոկ ու գնացքով տարան Վրաստան: Տեսանք` «գործը կպավ». դրանից հետո ամեն օր, ինչ արտադրում էինք, մեզնից գնում էին ու օրինական ճանապարհով, գնացքով, տանում Վրաստան»,- վերհիշեց Մխջյանը:

Դրանից 3 ամիս անց արդեն ծավալները սկսում են խիստ մեծանալ, ու իրենք իրենց արտադրած սուրճն ամբողջությամբ գնացքով ուղարկում են Վրաստան: Մի քանի ամիս անց նրանց մոտ է գալիս Վրաստանից մի հաճախորդ ու ասում, որ ուզում է գնել իրենց ամբողջ արտադրանքը: Եվ դա Rio Grande-ի ամենամեծ հաջողությունն էր: Ու եթե մինչ այդ Rio Grande սուրճն արտադրող «Ռաֆայել կոնտինի թրեյդ քոմփընի» ընկերությունն արտադրում ու արտահանում էր ամսական մեկ կոնտեյներ` այսինքն` 14-15 տոննա սուրճ, արդեն արտադրանքի ծավալները հասնում են 130-140 տոննայի: Իհարկե` տարիների ընթացքում:

Այս ամենը, սակայն, երկար չի տևում: 2006 թ. նրա գործընկերները պայման են դնում` կա՛մ Մխջյանն է մնում բիզնեսում, կա՛մ իրենք: Ստացվում է անպես, որ նրանք են Մխջյանին վաճառում իրենց բաժնեմասերն ու հեռանում: Հետո Մխջյանը տեղափոխվում է իր մինչ այդ գնած տարածք. իհարկե, մեծ պարտքեր կուտակած: Մինչև 2008 թ. նրան հաջողվում է պարտքերից «մաքրվել», ու թվում է, թե արդեն ամեն ինչ լավ կլինի. ինքը կսկսի աշխատել իր համար, կզարգանա, կծաղկի և այլն: Բայց 2009 թ. անսպասելի մի հարված է ստանում: Մի հայ գործարար, որ այդ ընթացքում Վրաստանում հիմնում է սուրճի վերամշակման գործարան, վրացական հեռուստաալիքներով սև PR է սկսում Rio Grande-ի դեմ, սուտ հայտարարում, թե այն թունավոր է, վնասակար է առողջությանը և այլն: Սա վերջակետ է դնում Rio Grande-ի վրացական հաղթարշավին: Այս հնարքը, սակայն, բումերանգի էֆեկտով հենց ծուղակը լարողին էլ է հարվածում, քանի որ դրանով ուղղակի դադարում է ոչ միայն Rio Grande-ի, այլև առհասարակ հայկական ծագմամբ փաթեթավորված սուրճի շրջանառությունը Վրաստանում, ու հենց այդ գործարարն էլ ստիպված է լինում իր գործարանը փակել Վրաստանում ու այն տեղափոխել Հայաստան:

Րաֆֆի Մխջյան

«Բայց մի 3 ամսից մի այլ քայլ մտածեցի, ու ռեբրենդինգ անելով, քանի որ մենք ճանաչված ենք, ոպես «Ռիո Գրանդե», մի նոր անուն ստեղծեցի` «Ռիո Վերդե», և այդ անունով նորից մտա վրացական շուկա: Իհարկե, այլևս գործը այն չէր, ինչ առաջ, բայց մինչ այժմ էլ «Ռիո վերդեն» որոշակի քանակությամբ վաճառում եմ Վրաստանում»,- ասում է Րաֆֆի Մխջյանը:

Հենց այդ ժամանակից էլ Rio Grande-ն սկսեց վաճառվել Հայաստանում, քանի որ այլևս Վրաստան չէր արտահանվում: Հայկական շուկայում բիզնեսմենը հանդիպում է նոր խնդիրների ու խոչընդոտների, քանի որ ներկայացված չէր հայկական շուկայում, նրան քիչ են ճանաչում: Բայց այսօր ամենացավալին Րաֆֆի Մխջյանը դա չի համարում, այլ այն, որ մեր երկիրը դատարկվում է, սպառողը` օրեցօր քչանում: Ու չկա աշխատելու ճակատ: Rio Grande-ն արդեն նախկին` 2009 թ. ծավալները չունի: Արտադրամասերում էլ մնացել է 16-17 աշխատող, այնինչ` ծաղկուն ժամանակներում մինչև 40-50 հոգի է աշխատել: Բիզնես սկսելիս Րաֆֆի Մխջյանը լուրջ դժվարությունների չի հանդիպել, միայն չի կարողանում մոռանալ, որ ընդամենը 40 օրվա աշխատող բիզնես էր, իր խոսքով` «40 օրական մանուկ», երբ այցելում են հարկայինի աշխատակիցները` բոլոր հետևանքներով հանդերձ…

Այժմ Rio Grande-ի գործարանում բովարանների թիվը 3-ն է, սրճաղացներն էլ հասել են 6-ի. բայց հիմնականում պարապուրդի են մատնված` ունենալով մեծ հնարավորություններ ու չնչին պատվերներ: Մխջյանի դիտարկմամբ` սա էլ մի փուլ է ու հաստատ անցնելու է, գալու են լավ օրեր, ու այդ ժամանակ իրենք կկարողանան ամբողջ ներուժով աշխատել:

«Այսօր «Ռիո Գրանդեն» լավ դիրքեր ունի Հայաստանում, չեմ ուզում այսպես թողնել, պայքարում եմ, որ ավելի լավ վիճակի հասնենք, որովհետև, եթե մի բան արդեն որոշակի հաջողություն է ունենում, չես կարող հենց այնպես թողնել բախտի քմահաճույքին: Իմ բիզնեսը շատ հաջողակ բիզնես է եղել: Ինչ այս բիզնեսն ունի, իր հաջողության շնորհիվ է եղել, իսկ այսօր քիչ բան չունի այս հիմնարկը: Ես միլիոնատերի զավակ չեմ եղել, ու ինձ ոչ ոք փող չի տվել ու ասել, թե` գնա, այսինչ ներդրումն արա, կամ այսինչ բիզնեսը քեզ համար ենք առնում: Ես զրոյից եմ ստեղծել այս ամենը»,- նշում է գործարարը ու շարունակում պատմել, որ հենց այդ զրոյից ստեղծելու ժամանակ շատ խնդիրներ կան:

Նման դեպքում ամենամեծ դժվարությունը Րաֆֆի Մխջյանը համարում է այն, որ պետք է կարողանաս «ոչնչով» գոյատևել: Այսինքն` երբ փոքր չափի ներդրում ես կատարել, այդ փոքր ներդրումից չես կարող մեծ ակնկալիք ունենալ, ստիպված ես փոքրիկ գումարներով «յոլա գնալ»: Նրա դեպքում 2 տարի է պահանջվել, մինչև կատարված ներդրումները սկսել են շահույթ բերել, իսկ մինչ այդ անընդհատ նորանոր ներդրումներ են պահանջվել:

«Ընդհանրապես Հայաստանում մի քիչ միֆ է, որ մարդկանց վախեցնում են ու ասում` ոչ մի գործ չանես, այսինչ գործը չես կարող անել: Ես համաձայն չեմ: Այսօր ցանկացած գործ, որ պիտի անես, ուսումնասիրության կարիք ունի: Պետք է ուսումնասիրես շուկան, մարքեթինգ անես ու դրա համար միջոց չխնայես: Պետք է` 5000 ծախսիր, կարող է 100 հազար ծախսես, բայց պետք է ուսումնասիրես: Մենք այսօր սա չենք գիտակցում: Հայաստանում, Աֆրիկայում, Նյու Յորքում ու աշխարհի ցանկացած կետում, եթե մարդ ունի աշխատելու ցանկություն, կարող է աշխատել, կարող է հաջողությունների հասնել: Դրա համար մարդուն մի բան է պետք` լավ պայմաններ»,- նշում է գործարարն ու շարունակում:- Բիզնեսում ամենակարևոր հատկություններից մեկը համբերությունն է. պետք է համբերատար սպասես: Փող կորցնելու, ներդրումը կորցնելու հարցը երկրորդական է: Եթե ապուշ ես ու չես հասկանում, թե քո փողը որտեղ ես ներդնում, այո, կարող ես նաև կորցնել: Նրա դիտարկմամբ` բացի ամեն ինչից, պետք է նաև դիվերսիֆիկացնել աղբյուրներն ու շուկաները. չպետք է մի խողովակից կախված լինել ու պետք է լուրջ վերաբերվել համբավին:

«Ցանկացած բիզնես պետք է բարի համբավ ձեռք բերի, եթե ձեռք բերեց` առաջ կգնա, եթե ոչ` դժվար կլինի»,- եզրափակում է Րաֆֆի Մխջյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: