Հայերեն   English   Русский  

Mercedes-ի, BMW-ի, Audi-ի ու մնացած գերմանական ավտոհսկաների «հայկական ընդհանրությունը»


  
դիտումներ: 1907

Իսկ ո՞վ գիտի, թե Mercedes Benz-ը, Volkswagen-ը, BMW-ն, Audi-ն, ինչպես նաև Opel-ն ու Ford-ը, Continental-ն ու Zeppelin-ը և այլ աշխարհահռչակ ընկերություններն ինչ ընդհանուր բան ունեն: Պարզվում է` ունեն, այդ ընկերությունների համար ծառայողական համազգեստները կարվում են Հայաստանում: Այո, հենց Հայաստանում` սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջիի WKS Armenia ընկերությանը պատկանող 3 գործարաններում:

Գերեջին առաջին անգամ 1992-ին, երբ դեռ 22-23 տարեկան էր, Հայաստան է եկել Հոլանդիայից, որտեղ ուներ տեքստիլ ֆաբրիկա ու բավական հաջողված բիզնես: Եկել ու տեքստիլ արտադրություն է հիմնել Հայաստանում, գործել մինչև 1995 թ.` աշխատացնելով 7 գործարան` շուրջ 2000 աշխատողներով: Հայաստանում նա հագուստ էր կարում, որը ինքնաթիռներով տեղափոխում էր Եվրոպա: Բայց հետզհետե պետական պայմանները վատացան, մեխանիզմները խիստ բարդացան, նա սկսեց հայտնաբերել, որ իրենից բավականին մեծ չափերով գողանում են: Հետո ինքնաթիռների գները թանկացան, այս ամենը գումարվեց իրար ու պատճառ դարձավ, որ Քրիստիան Գերեջիի առաջին ձեռնարկը Հայաստանում ձախողվեր ու նա հեռանար երկրից: 1995-2007 թթ. նա աշխատում է գերմանական խոշորագույն, աշխարհի տարբեր երկրներում գործարաններ ու 10 հազարից ավելի աշխատակիցներ ունեցող տեքստիլ ընկերություններից մեկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ:

Որոշ հայ պաշտոնյաներ նրան հանդիպում են 2007 թ. ու համոզում նորից Հայաստանում բիզնես սկսել: Եվ 2007-ին նա իր գերմանացի գործընկերների հետ նորից գալիս է Հայաստան, մեկնում Վանաձոր, ուր ուսումնասիրում են 4 տեքստիլ գործարաններ: Գերմանացի գործընկերները որոշում են, որ իրենք Հայաստանում չեն կարող աշխատել. պայմանները լավ չեն: Ու երբ Քրիստիան Գերեջին գնում է Վանաձոր` հրաժեշտ տալու, մի տարեց հավաքարար կին նրան կանգնեցնում ու արցունքն աչքերին ասում է` իրենք մեծ հույսեր են կապել Քրիստիանի հետ, որ նա կգա Հայաստան, գործ կդնի ու իրենք աշխատանք, հետևաբար նաև՝ ապրելու միջոցներ կունենան, բայց հիմա հուսախաբ են:

«Դա իմ էմոցիաները խառնեց իրար, ես հուզվեցի ու հաստատ որոշեցի, որ մնում եմ Հայաստանում ու պետք է պայքարեմ մինչև վերջ: Հենց այդ կինը դարձավ պատճառը, որ ես Հայաստանում բիզնես հիմնեմ: Զանգեցի գերմանացիներին ու ասացի, որ չեմ վերադառնում»,- պատմեց Քրիստիան Գերեջին:

Մի խոսքով, դրանից հետո նա հանդիպում է գերմանական այդ խոշորագույն ընկերության ղեկավարի հետ, որը Քրիստիանից հետաքրքրվում է, թե ճի՞շտ է լսել, որ Քրիստիանը որոշել է թողնել իր լյուքս կյանքը, բարձր դիրքն ու աշխատավարձը Գերմանիայում ու մեկնել փոշոտ, կեղտոտ ու աղքատ Հայաստան: Քրիստիանի դրական պատասխանը լսելուց հետո նա ասում է, որ հավատում է նրան, քանի որ նրա նմանները կհասնեն իրենց նպատակին, ու ինչով որ հնարավոր է, կօգնի:

«Դրանից հետո նրանք ինձ ապահովեցին պատվերով, պակաս սարքավորումներն ուղարկեցին: Մենք Վանաձորից սկսեցինք ու շատ ակտիվ: 6-7 ամիս հետո արդեն մոտ 250-300 աշխատող ունեինք»,- հիշեց Քրիստիան Գերեջին:

Մինչև 2009 թ. Քրիստիանն ու նրա գերմանացի գործընկերները Հայաստանում գործարկում են 5 ֆաբրիկա, 2-ը Վանաձորում, 2-ը` Երևանում, 1-ը` Չարենցավանում` աշխատողների թիվը հասցնելով մոտ 500-ի: Բայց վրա է հասնում համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ու ամեն ինչ խառնում իրար: Այսուհանդերձ, ընկերությունն արդեն հաջորդ տարին` 2010-ին կարողանում է վերականգնել իր նախկին դիրքերն ու կարգավորել գործերը:

«2011-ին արդեն մեր պիկն էր. կարողացել էինք հասնել 850-900 աշխատողի: 2012-ին տեղի ունեցավ մի բացասական բան: Մենք ցանկանում էինք նաև Ամասիայում գործարան բացել, պետությունը մեզ մի շարք խոստումներ էր տվել: Բայց հետագայում սկսեց չկատարել իր տված խոստումները, և իմ գերմանացի գործընկերները հիասթափվեցին: Նրանք ինձ ասացին, որ ես կարող եմ ինքնուրույն Ամասիայում գործարան բացել, իրենք չեն խառնվի: Դրանից հետո նրանք սկսեցին Հայաստանին տրվող պատվերները քչացնել, թեպետ 2011-ին պատրաստ էին Վանաձորում 700-800 աշխատատեղով գործարան հիմնել, որը պետք է դառնար Անդրկովկասի ամենահզոր գործարանը, ջինս պետք է արտադրեինք, ու գերմանացիները պատրաստ էին մինչև 7 մլն դոլար ներդրում անել: Մի խոսքով, պետությունը խաբեց, մեր ծրագիրը չիրականացրեցինք, բայց գումարներ էինք ծախսել: Գերմանացիները խիստ նեղացան: Ամասիայի գործարանը մենք բացեցինք, նորից կառավարությունը մեզ խոստումներ տվեց ու ոչինչ չարեց, և գերմանացիները վերջնականապես հիասթափվեցին: Արդեն 2014 թ. հոկտեմբերին ասացին. «Մեզ համար ավելի լավ տարբերակներ կան` Ալբանիան, Կոսովոն, Մակեդոնիան, ուրիշներ, որոնք լավ պայմաններ են ստեղծում, մեզ փող են տալիս, հնարավորություններ են բացում, ի՞նչ ես կպել Հայաստանից»: Նրանք գնացին Կոսովո, Մակեդոնիա, Թուրքիա, դրեցին իրենց ֆաբրիկաներն ու Հայաստանից պատվերները տարան: Մի 15 մլն եվրո ներդրում գնաց այլ երկրներ, մեր երկիր չեկավ»,- պատմեց Գերեջին:

Նա Հայաստանում մնաց մենակ, բայց չհուսալքվեց ու չփակեց բիզնեսը: Ընդհակառակը` 2013-ին արդեն համապատասխան շենք էր գնել` նախկին տրիկոտաժի ֆաբրիկան, ու քայլ առ քայլ խնդիրները լուծելով, խոչընդոտները հաղթահարելով` առաջ է շարժվում ու իր բիզնեսը համարում հաջողված: Չնայած վրա է բերում, թե հաջողված կհամարի այն ժամանակ, երբ ամբողջ արտադրական պրոցեսը` Ա-ից մինչև Ֆ, կատարվի Հայաստանում:

Նրա համոզմամբ` եթե ինչ-որ մեկն ուզում է նման հաջողություն ունենալ, պետք է օրվա մեջ 24 ժամ զբաղվի իր գործով: Նրա բիզնեսը, որը Հայաստանում սկսելու համար պետք եկավ մոտ կես միլիոն դոլար, այսօր արդեն հասել է մոտ 10 միլիոն դոլար արժեքի: Նա արտադրում է պատրաստի արտադրանք այնպիսի անդրազգային կորպորացիաների համար, որոնց տարեկան եկամուտները Հայաստանի բյուջեից բազմապատիկ մեծ են:

Իսկ հաջողության պատմությունը, նշում է Քրիստիան Գերեջին, սկսվում է առաջին հերթին որակից. «Այն պետք է արտակարգ լինի: Ապրանքը ժամանակին պատվիրատուին հասցնելը երկրորդ տեղում է` պարտադիր է, երրորդ տեղում նոր գալիս է գինը: Մարդիկ ժամանակի և որակի համար պատրաստ են ավելի փող տալ, բայց պատրաստ չեն վատ որակի և ուշացումների համար քեզ փող տալ, անգամ չեն էլ ուզում քեզ տեսնել, էլ ուր մնաց` հետդ աշխատեն»,- ասաց Գերեջին:

Նրա խոսքով` օրինակ` «Մերսեդեսին» մատակարարվող ապրանքի առնչությամբ պատվիրատուն գիտի, որ այն որակը, այն ծավալներն ու այն ժամկետներում, ինչ ապահովում է իր` հայկական ընկերությունը, այն գնով, որ ինքն է առաջարկում, աշխարհում ոչ մի տեղ չի գտնի, անգամ` Չինաստանում: Նա 100 տոկոսով սխալ է համարում այն մտայնությունը, թե Հայաստանում հնարավոր չէ մրցել Չինաստանի հետ ու շեշտում է. «Այսօր Չինաստանում ամեն ինչ Հայաստանից թանկ է: Չինացին մեր հանդեպ շահում է բարձր արտադրողականության հարցում: Չինացին շատ է աշխատում ու բարձր արտադրողականություն ապահովում, իսկ մերոնք փորձում են քիչ աշխատել: Մեզ մոտ 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում մարդը 2-2,5 ժամ պարզապես չի աշխատում, իսկ չինացին, թուրքը կամ բուլղարացին, եթե օրական պլանով պետք է կարի 12 շալվար, շատ կաշխատի, որ 12-ի փոխարեն 14-ը կարի ու ավելի գումար տուն տանի: Սա է մեր խնդիրը: Որովհետև ստացվում է, որ եթե չինացին 200 եվրո է տալիս ու ստանում 10 շալվար, ես պետք է այդ 10 շալվարի համար վճարեմ 400 եվրո: Այս պատճառով է Հայաստանը մրցակցությունում պարտվում` արտադրողականության պատճառով: Ես Վանաձորում աշխատում եմ 60-63 տոկոս պլանով, Ամասիայում` 35 տոկոսով ենք աշխատում, Երևանում` 58-59 տոկոս պլանով ենք աշխատում: Այսինքն` որակը տալիս ենք, բայց քանակը` ոչ, ու որպեսզի ես քանակն ապահովեմ, պետք է երկրորդ աշխատող ընդունեմ, նոր սարքավորում գնեմ, տարածքը մեծացնեմ, մի խոսքով, իմ բոլոր ծախսերը մեծացնեմ»,- բացատրեց մեր զրուցակիցը:

Այսօր ընկերության երեք գործարաններում աշխատում է մոտ 500-600 հոգի, ընկերությունը մասնաճյուղեր ունի Ամասիայում, Վանաձորում և Երևանում:

Հայաստանում հաջողության հասնելու հիմքերից մեկն էլ, գործարարի համոզմամբ, մեր մարդկանց վերլուծական միտքն է: Նրա դիտարկմամբ` անգամ 63 տարեկան տիկնոջ` բանվորի վերլուծական միտքն այնքան լավ է աշխատում, որ կարող է արտադրական պրոցեսում առաջացած խնդիրների ինքնուրույն լուծումներ գտնել, միայն թե նրան պետք է վերաբերվես որպես մարդու, այլ ոչ որպես ստրուկի, ու նրա համար նորմալ պայմաններ ստեղծես:

Նա ներկայացնում է իր աշխատանքի հաջողված մեթոդիկան. ամեն ինչ պլանավորում է 10 տարվա համար: Ընդ որում, առաջին տարում նախատեսում է, որ պետք է վնասով աշխատի, այսինքն` եկամուտները պետք է լինեն, օրինակ` -1: Երկրորդ տարում, արդեն զրոյականով է պետք աշխատել, երրորդ տարում` +1-ով, չորրորդ տարում` +2, հինգերորդում` +4, 6-րդ տարում արդեն եկամուտները պետք է լինեն +8, բայց իսկական հաջողությունը գալիս է 8-րդ տարուց, երբ արդեն 16 անգամ ես ստանում շահույթ, երբ ամեն ինչ կրկնապատկվում է, իսկ 10-րդ տարում դառնում 128-ապատիկ:

«Նաև մի ուշագրավ բան. առաջին հինգ տարիներին քեզ են թելադրում, թելադրում են բոլորը` գործընկերները, պետությունը, աշխատողները, բոլորը: 5-րդ տարուց սկսած` սկսում ես դու թելադրել, իսկ 8-րդ տարուց հետո դու թելադրում ես բոլորին»,- ժպտալով ասում է Քրիստիան Գերեջին:

Նա ավելացնում է` այս ամբողջ ընթացքում պետք է խիստ կարգապահություն, համբերություն ցուցաբերել, պատրաստ լինել աշխատանքի, ներդրումների, զոհողությունների ու կարողանալ պայքարել:

Պատրաստեց Գևորգ Ավչյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: