Հայերեն   English   Русский  

​Գերմանիայի փոխկանցլերը մեղադրել է Սաուդյան Արաբիային իսլամական ծայրահեղականության ֆինանսավորման մեջ


  
դիտումներ: 531

Տելեգրաֆը հաղորդում է, որ Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը հրապարակավ մեղադրել է Սաուդյան Արաբիային Արևմուտքում իսլամական ծայրահեղականության ֆինանսավորման մեջ և զգուշացրել, որ պետք է դադարեցնել նման քաղաքականությունը:

Պարոն Գաբրիելն ասել է, որ սաուդյան ռեժիմի կողմից ֆինանսավորվող ծայրահեղական մզկիթներն ու համայնքները սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգությանը:

«Ամբողջ աշխարհում գործող վահաբական մզկիթները ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի կողմից: Շատ իսլամիստները, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգությանը, սերում են Գերմանիայի այդ համայնքներից: Մենք պետք է սաուդացիներին հասկացնենք, որ նման երևույթներն աչքաթող անելու ժամանակներն ավարտվել են», - ասել է փոխկանցլերը Bild թերթին տված հարցազրույցում:

Իսլամական ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքները նոր չեն: Բայց արևմտյան ղեկավարների կողմից այս խնդրի շուրջ խոսելը աննախադեպ իրադարձություն է, հատկապես որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է արևմուտքի առանցքային արաբական դաշնակիցը:

Հավանաբար փոխկանցլերի հնչեցրած սուր քննադատությունը կապված է այն հանգամանքի հետ, որ օրեր առաջ գերմանական հետախուզությունը հրապարակել էր նախազգուշացում, որ մոտ ժամանակներում Սաուդյան Արաբիան կարող է վերարծվել արաբական աշխարհն ապակայունացնող հիմնական ուժի:

Մերկելի կառավարությունը շտապեց հավաստիացնել սաուդացի դաշնակիցներին, որ հետախուզության տված գնահատականը չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը: Սակայն պարոն Գաբրիելի դիտողությունները ցույց են տալիս, որ կառավարության շրջանակներում լուրջ մտավախություններ կան Սաուդյան ռեժիմի վերաբերյալ:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան վաղուց է վարում ամբողջ աշխարհում վահաբական մզկիթների կառուցման և ֆինանսավորման քաղաքականությունը:

Թագավորը Սալմանը բազմիցս քննադատության է արժանացել գերմանական ԶԼՄ-ների կողմից այն պատճառով, որ առաջարկել էր 200 մզկիթ կառուցել Գերմանիա ժամանող սիրիացի փախստականների համար` միևնույն ժամանակ հրաժարվելով իր երկրի տարածքում ընդունել փախստականներին:

Սա առաջին դեպքը չէ, երբ փոխվարչապետ Գաբրիելը հակասություն է ունենում Սաուդյան արքայական ընտանիքի հետ: Ռիադ կատարած իր այցի ժամանակ նա հանդես էր եկել Սաուդյան բլոգեր Ռաիֆ Բադաուիի պաշտպանությամբ, որը դատապարտվել էր 1000 մտրակի հարվածների` իսլամը վիրավորելու համար:

Պարոն Գաբրիելի միջամտությամբ չեղարկվել էր Սաուդյան Արաբիայում գերմանական զենքի գործարանի կառուցման գործարքը, որը հաստատվել էր Գերմանիայի նախորդ կառավարության կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: