Փայլուն հաղթանակներ և նոր խնդիրներ
դիտումներ: 3039
Այս օրերին աշխարհի առաջնությունում հերոսացողները հանդիպումներ են ունենում, մանրամասներ պատմում, նաև գոհունակություն հայտնում, որ հասել են բաղձալի նպատակին: Ի դեպ, ձախողված ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն էլ հայտարարել է, որ դժգոհ է ստուգատեսին մասնակցած իր 5 սաների մրցելույթից, քանի որ ոչ մեկն էլ չի արդարացրել սպասելիքները: Նա նաև նշել է, որ անհաջողության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում:
Երեկ այս և մի շարք այլ հարցերի շուրջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցեց, տաշքենդյան առաջնությունից ստացած տպավորությունները հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
- Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հաջողությունը վկայում է, որ հայկական սպորտն առաջընթաց ունի: Չինաստանի Նանջինգ քաղաքում վերջերս կազմակերպված պատանեկան օլիմպիական խաղերում գերազանց էին հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները: Այդ հաջողությունը շարունակեցին մեր մեծահասակները: ՀԱՕԿ-ի, Հայաստանի սպորտի նախարարության, տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների համակարգված աշխատանքը տալիս է իր պտուղները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հրաշալի էր նախապատրաստվել, և մեր երկու ըմբիշների հաղթանակն էլ օրինաչափ է, այդ աշխատանքի լավագույն դրսևորումն է:
Ռոման Ամոյանը տիտղոսակիր է, սակայն իր համար նոր` 59 կգ քաշային կարգում էր հանդես գալիս, և այս անգամ չկարողացավ անել այն, ինչին ունակ է: 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը տևական խոշորամասշտաբ մրցաշարերի չէր մասնակցել և դժվար կարողանար որևէ արդյունքի հասնել, առավել ևս, որ վիճակահանությամբ նրան անցանկալի մրցակից էր բաժին հասել: 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն աշխարհում լավագույնն է, և վստահ եմ, որ 2016-ի օլիմպիական խաղերում նույնպես չեմպիոն է դառնալու: 85 կգ քաշային Արթուր Շահինյանը փորձառու է, և պետք է սպասել, որ հետագայում նա ավելի լավ արդյունք ցույց կտա: Արթուր Ալեքսանյանին օտարները համեմատում են կուբացի130 կգ քաշային Լոպեսի հետ, որն անպարտելի է վերջին տարիների օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Եվ Ալեքսանյանին կոչում են 98 կգ քաշային ըմբիշների Լոպես: Ընդ որում, Արթուրը լուրջ վնասվածքով էր մասնակցում` կողոսկրի կոտրվածքով, սակայն, կամային հատկանիշներ դրսևորելով, տպավորիչ հաղթանակներ տարավ: Իսկ ահա130 կգ քաշային կարգում լուրջ խնդիրներ ունենք: Լևոն Ջուլֆալակյանը պետք է փորձի կարգավորել դրանք: Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հավաքականում ունենք հեռանկարային մարզիկ: Ինչ վերաբերում է Յուրի Պատրիկեևին, ապա ինչքան ինձ հայտնի է, Կրասնոդարում մարզվում է, բայց ավելին չգիտեմ: Չեմ կարող ասել` նա կշարունակի՞ համագործակցությունը Հայաստանի հավաքականի հետ, թե՞ ոչ: 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերից հետո Պատրիկեևն անձնական խնդիրներ ունի:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն իրեն է համարում կատարվածի մեղավորը, սակայն ինքս համամիտ չեմ նրա հետ: Քանիցս անդրադարձել եմ այդ խնդրին: Սպորտում ամեն բան համակարգված է: Հնարավոր չէ, որ որևէ մարզաձևի պատանեկան, երիտասարդական հավաքականները լավ արդյունքներ չունենան, սակայն մեծահասակների ընտրանին հաջող հանդես գա: Եթե Եվրոպայի, աշխարհի պատանեկան, երիտասարդական առաջնություններում Հայաստանի ազատ ոճի ըմբիշների հավաքականները 8 լավագույնների թվում չեն, ապա մեծահասակների թիմից էլ մեծ սպասելիքներ չեն լինի: Կարծում ենք` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան համապատասխան հետևություններ կանի: Մարզադպրոցներում աշխատող այս մրցաձևի մարզիչների աշխատանքը խիստ անբավարար է: Հայաստանի սպորտի նախարարությունն այդ հարցում պետք է խստապահանջություն դրսևորի: Ի դեպ, մարզօջախների 70-80 տոկոսը նախարարության ենթակայությամբ չի գործում, և խնդիրներ են ծագում, որոնք խոչընդոտում են մարզաձևի զարգացումը: Համակարգը լիարժեք չէ: Հայաստանի տարբեր մարզական միություններն իրենց հնարավորությունների և կարողությունների չափով չեն գործում: Պետք է այնպես անել, որ մասնագետները փոքր-ինչ իրենց ձգեն: Բացն արագորեն լրացնելու համար կարելի է նաև մարզիկներ հրավիրել դրսից:
- Իսկ դրսից մարզիչներ հրավիրելու կարիք չկա՞:
- Մասնագետներ ունենք, այլ հարց է, որ մարզիչները տարբեր տեղերում են աշխատանքի ձևակերպված: Պետք է այդ խնդիրը լուծվի: Հրատապ է դարձել նոր կազմակերպության ստեղծումը: ՀԱՕԿ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Այն միավորելու է բոլոր մարզադպրոցները:
- Մարզիկներ հրավիրը համատարա՞ծ բնույթ է կրելու:
- 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն աշխարհի չեմպիոն է, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեծ ներուժ ունեն: Լավ է, որ մեր թիմի սայթաքումն այս տարի եղավ: Աշխարհի հաջորդ առաջնությունն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Հուսով եմ, որ թերությունները կվերացվեն, և մեր երկրի հավաքականը հաջող կմասնակցի այդ փորձությանը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը մի քանի մարզիկի ցանկանում է դրսից հրավիրել: Բայց դա բարդ գործ է: Տարբեր երկրներում քնած չեն և իրենց լավ ըմբիշներին հեշտ չեն զիջի: Ընտրություն կատարելիս չպետք է սխալվել, շտապելով ոչ մի բանի չես հասնի: Անհրաժեշտ է, որ ֆեդերացիան այդ հարցերը քննարկի, համապատասխան որոշում կայացնի: Այս առաջնությանը մեր երկրի հավաքականը թերի կազմով` ընդամենը 5 մարզիկով էր մասնակցում: Ընդ որում, օլիմպիական խաղերի 6 քաշային կարգերից միայն 3-ում մասնակիցներ ունեինք: Փաստորեն, 3 քաշային կարգում առկա են «անցքեր»: Ողջունելի է, որ թիմի գլխավոր մարզիչը նախապես տեսել է խնդիրները և ոչ բոլոր քաշային կարգերում է մարզիկներ ընդգրկել հավաքականում: Ընդ որում, համալրման առումով խնդիրներ ունեն նաև մյուս երկրների հավաքականները: Մասնավորապես, Ռուսաստանի նման հզոր երկիրն աշխարհի առաջնությունում130 կգ քաշային կարգի ըմբիշների մրցաշարում հայտավորել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր Մախովին: Նա 0:1 հաշվով զիջեց միայն Լոպեսին և դարձավ 3-րդ մրցանակակիր:
- Եթե մարզիկներ հրավիրվեն, ապա դա չի՞ խանգարի, որ Հայաստանում ըմբիշները կորցնեն հավաքականում հայտնվելու հեռանկարը և թևաթափ լինեն:
- Այդ մարզիկները պետք է մասնակցեն մեր երկրի առաջնությանը, պայքարի բովում հաստատեն, որ մերոնցից ավելի արժանավոր են գլխավոր թիմում տեղ զբաղեցնելու համար: Միհրան Հարությունյանն էլ Ռուսաստանից է եկել, բայց Հայաստանի առաջնության չեմպիոն է դարձել: Դրսից մարզիկներ հրավիրելը վատ բան չէ, նրանց կողքին մերոնք կթրծվեն, մրցափորձ կկուտակեն:
- Բարձրակարգ մարզիկներ դրսից հրավիրելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:
- ՀԱՕԿ-ը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պատրաստ են դրան: Ըմբշամարտի ամեն մրցաձևին պետությունը տարեկան աջակցության կարգով 110 մլն դրամ է հատկացնում: Դա բավականացնում է 3-4 ամիս` առանց մարզիչների, բժիշկների, մյուս մասնագետների աշխատավարձի, պարգևավճարների: Ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահն է Սամվել Կարապետյանը, հոգում է լրացուցիչ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում աջակցում է նաև ՀԱՕԿ-ը:
- 2016-ի օլիմպիական խաղերում ՀԱՕԿ-ը քանի՞ ուղեգիր է ակնկալում:
- Ցանկանում ենք այնպես անել, որ խաղերում հրավերով` «սպիտակ քարտերով» մասնակիցներ չունենանք: Ճիշտ է, ըստ օլիմպիական կարգախոսի, զուտ մասնակցությունն արդեն պատվաբեր է, սակայն խնդիր ենք դնում, որ մեր բոլոր մարզիկները պայքարեն մեդալների համար: Ակնկալում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները, լրացնելով վարկանիշը, օլիմպիական խաղերի 22-24 ուղեգիր նվաճեն: Սպասելիքներ ունենք հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշներից, բռնցքամարտիկներից, ծանրորդներից, ձյուդոյիստներից, հրաձիգներից, մարմնամարզիկներից, ջրացատկորդներից, թհեքվանդոյիստներից, եռացատկորդներից:
Առաջիկա օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունք պետք է ունենանք, քան 2012-ին: Ի դեպ, մեծ խնդիրներ են դրված ծանրորդների առջև: Անհաջողություն կհամարվի, եթե մարզիկները 5, մարզուհիները 2 ուղեգրից պակաս նվաճեն: Մարմնամարզիկները որոշ ֆինանսական խնդիրներ ունեն, ՀԱՕԿ-ը դրանք կլուծի: Նոր մրցահարթակ է տեղադրվելու: Վստահ եմ, որ մեր մարմնամարզիկներն առաջիկա օլիմպիական խաղերում առնվազն երկու մեդալի կտիրանան: