Հայերեն   English   Русский  

​2 երիտասարդ անիմատորներ կվերապատրաստվեն Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի


«EMCA» անիմացիոն տեխնոլոգիաների դպրոցում


  
դիտումներ: 1130

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի «EMCA» անիմացիոն տեխնոլոգիաների դպրոցի հետ համագործակցության շրջանակներում այս տարի երկու կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար: Կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել և ուսման մեկնել 18-26 տարեկան ՀՀ քաղաքացիներ՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի երաշխավորությամբ: Կրթաթոշակի համար մրցույթն այսուհետ կանցկացվի ամեն տարի: Այն տրամադրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «ՌեԱնիմանիա» փառատոնի համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսն ասաց՝ «Ֆրանսիան աշխարհի այն երկրներից է, որը շատ մեծ գումարներ է ծախսում անիմացիոն ֆիլմերի արտադրության բնագավառում: Տարեկան բյուջեն կազմում է մոտավորապես 74 միլիարդ եվրո»:

Նատալիա Ցագրիսը բարձր գնահատեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն փառատոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև անիմացիոն կինոյի ոլորտում հայ և ֆրանսիացի արտադրողների միջև գործընկերության զարգացումը:

Ֆրանսիան մեծ ուշադրություն է դարձնում կինեմատոգրաֆիային և մասնավորապես անիմացիային: Ֆրանսիական անիմացիոն մուլտֆիլմերը հայտնի են ողջ աշխարհում և վերջին տասը տարվա ընթացքում ֆրանիական անիմացիոն ֆիլմերը նույնքան շատ են ցուցադրվել և Ֆրանսիայում և արտասահմանում, որքան որ գեղարվեստական այլ ֆիլմեր: Ֆրանսիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում նույնպես զարգանա այդ մշակութային ստեղծագործ ինդուստրիան, հատկապես անիմացիոն կինոյի բնագավառում:

«Հեռու չէ այն օրը, երբ Հայաստանն աշխարհին կներկայանա հայկական անիմացիայի լավագույն ավանդույթներով՝ քայլելով ժամանակին համընթաց: Ոլորտի փորձագետներն ու մասնագետները հենց նման ապագա են կանխատեսում հայկական անիմացիոն կինեմատոգրաֆի համար»,- կարծում է «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին՝ փաստելով անիմացիոն ոլորտում կրթության մակարդակով կատարվող բարեփոխումները: Առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ է տրամադրել 2 հայազգի երիտասարդի, որոնք 2016 թվականին կմեկնեն Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի «EMCA» անիմացիոն տեխնոլոգիաների դպրոց վերապատրաստման համար:

Վրեժ Քասունու պնդմամբ՝ եթե մենք խոսում ենք անիմացիոն ոլորտի զարգացման մասին, անիմացիոն ոլորտի զարգացումը տեղի կունենա միայն եթե նոր կադրեր, նոր սերնդին ավելի լավ մասնագիտկան փորձառություններ ձեռք բերելով և դա «ՌեԱնիմանան» արել է մինչև 2015 թվականը, անգամ 15 հոգի ուղարկվել է արտասահման, թերևս ոչ կրթաթոշակի վերնագրի տակ և վերադարձել են և աշխատում են: Հիմա արդեն կրթաթոշակի վերնագիրն է կրում այդ:

Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր այս տարվա հոկտեմբերի 9-ին, մասնակիցների ընտրությունը կատարել էր Անգուլեմի «EMCA» անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած ինը անիմատորներից կրթաթոշակը շնորհվեց 20-ամյա Լևոն Բաղդասարյանին և 22-ամյա Շուշանիկ Եսայանին: Երկուսն էլ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ են: Լևոն Բաղդասարյանը 2016 թվականի հունվարին մեկ ամսով ուսումնասիրելու է ավանդական 2D և 3D անիմացիա, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ:

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է ծանոթանալ այն կրթական համակարգին, որը Ֆրանսիանում է գործում: Առաջին հերթին խոստանում է նկարել լավ հոլովակ մեկ րոպեանոց և երկրորդը գալ այստեղ և ինչ-որ ձևով փորձել փորձի փոխանակում ասվածը կատարել իր ընկերների հետ:

Շուշանիկ Եսայանն էլ պատմում է՝ 4 տարի առաջ Թումո ընդունվեցի և հետաքրքրությամբ զբաղվեցի անիմացիայով, ինձ գերեց ամբողջությամբ և այս տարի կավարտեմ Գեղարվեստի ակադեմիան և կշարունակեմ որպես անիմատոր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը համագործակցում է նաև «Ոսկե ծիրան» և «Կին» միջազգային կինոփառատոների հետ: Հաջորդ տարի համագործակցություն է նախատեսվում նաև «Ռոլան բիկով» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հետ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվում են ֆրանսիական արտադրության ֆիլմեր:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: