Հայերեն   English   Русский  

​Ինչո՞վ նշանավորվեց 2015-ը


  
դիտումներ: 1298

2015-ն էլ աննկատ ավարտին մոտեցավ: Ժամանակն է հետ նայեուլ և ամփոփելու տարվա իրադարձությունները, ձեռքբերումներն ու կորուստները: Փորձենք հիշել, թե Հայաստանի ու հայերիս համար ինչով է նշանավորվել անցնող տարին:

Սահմանային լարվածության շարունակական աճ

2015-ի նորամուտի տոնական օրերը մթագնվեցին սահմանին տեղի ունեցած դիվերսիայի լուրով: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանցիները Արցախի հետ սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել էր, ևս մեկը` վիրավորվել: Հունվարին հայկական կողմն ունեցավ 12 զոհ: Իսկ սահմանային հարաճուն լարվածության պայմաններում նոյեմբերի դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը հասել էր 63-ի: Եվս 62 զինծառայող վիրավորվել է: 2014-ին հայկական զինուժը 46 կորուստ էր ունեցել: Եվ այն փաստը, որ ադրբեջանական կողմն էլ ընթացիկ տարում 84 զոհ է ունեցել, բնավ չի մխիթարում ու չի մեղմում ցավը:

Ռազմական առումով տարին աչքի ընկավ ցավալի ու ոչ ցանկալի նախադեպերով: Ընթացիկ տարում ադրբեջանցիները հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ օգտագործեցին ծանր զինտեխնիկա` հրետանային միջոցներ, մասնավորապես` 122 մմ Դ-30 հաուբից հրանոթ: Դարձյալ առաջին անգամ հարվածներն ուղղեցին ոչ թե դիրքապահներին, այլ թիկունքում գտնվող զորամասին: Հակառակորդը արկակոծեց զորամասը` թիրախ դարձնելով մարտական պարապմունք իրականացնող զինվորներին:

Լույս դեկտեմբերի 9-ի գիշերն էլ ադրբեջանցիներն առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ կրակեցին տանկից: Պատերազմից ի վեր նաև առաջին անգամ էր, որ խաղաղ բնակավայրերի ինտենսիվ գնդակոծությունը միանգամից երեք քաղաքացիական անձի կյանք խլեց: Սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանցիների գնդակոծության ու հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Պառավաքար և Բերդավան գյուղերում 3 քաղաքացիական անձ սպանվեց:

Սահմանին տիրող այսպես կոչված` «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարծես ավելի ու ավելի է թեքվում դեպի պատերազմ:

2015-ը կհիշվի նաև Ավետիսյանների սպանդով

Ավետիսյանների ընտանիք

2015-ի հունվարին հայաստանյան հասարակությունը ցնցվելու ևս մի ցավալի առիթ ունեցավ: Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին մի ընտանիքի բոլոր 7 անդամները: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ինքնակամ լքել էր զորամասը, մտել Ավետիսյանների բնակարան ու սպանել ընտանիքի 6 անդամներին: Ողջ էր մնացել միայն 6 ամսական փոքրիկը` Սերյոժա Ավետիսյանը, որն օրեր շարունակ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս: Ցավոք, հունվարի 19-ին հիվանդանոցում մահացավ նաև փոքրիկը:

Պերմյակովին բռնել էին հայ-թուրքական սահմանին: Գործը սկզբում հանձնվեց ռուսական կողմին` չնայած Հայաստանի քաղաքացիների արդարացի դժգոհություններին: Գյումրիում և Երևանում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան, որոնք ավարտվեցին ոստիկանների ու ցուցարարների բախումներով, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ ստացավ, եղան նաև բերման ենթարկվածներ: Ամռանը, սակայն, ռուսական կողմը Պերմյակովի գործը սպանության մասով փոխանցեց հայկական կողմին: Դեկտեմբերյան այս օրերին էլ ընթանում է նրա դատավարությունը:

Մինչ օրս, սակայն, բանական մեկնաբանություն չկա, թե ինչն էր իրականում Պերմյակովին դրդել նման զարհուրելի հանցանքի:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց

Ծիծեռնակաբերդ

2015-ը հատկանշական էր նաև նրանով, որ այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն մեկ դար է` հայությունը պայքարում է, որ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով կոչի ու համապատասխան գնահատական տա 1915-1918 թթ. իրադարձություններին: Ցեղասպանության 100-րդ տարելիցը ևս մեկ հնարավորություն դարձավ համայն աշխարհի ուշադրությունը հրավիրելու համամարդկային դեռևս չճանաչված ու չդատապարտված ողբերգության վրա: Այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչեցին Ավստրիան, Լյուքսեմբուրգը և Բրազիլիան:

Ապրիլի 24-ին Հայաստան ժամանեցին 60 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, որոնցից 4-ը` նախագահների մակարդակով: Հայաստան ժամանեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները: Նույն օրն էլ Թուրքիան նշում էր Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը` փորձելով այդպիսով շեղել ուշադրությունը հայաստանյան իրադարձություններից ու նաև շատ երկրների երկընտրանքի առջև կանգնեցնել, թե որտեղ ներկա լինեն բարձրագույն մակարդակով:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի վերակառուցված սրահը, միջազգային պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կայացավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Իսկ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում կայացավ նաև հանրահայտ System of a down խմբի համերգը` Wake Up The Souls համերգային տուրի շրջանակներում:

Իսկ այս տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի սենատն ընդունեց Վալերի Բուայեի հեղինակած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այն նախատեսում է ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով և 45 հազար եվրո տուգանք այն անձանց նկատմամբ, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը դեռ պետք է ներկայացվի վերին պալատի` Սենատի հավանությանը:

Նշենք, որ այդպիսի օրենք ունի Շվեյցարիան, իսկ նմանատիպ օրինագիծ էլ պետք է քննարկվի Սլովակիայի խորհրդարանում:

2015-ի ամառն «էլեկտրիկ» էր

Ոչ թալանին

Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 6.93 դրամով: Որոշումը հասարակական դժգոհություն առաջացրեց, և հունիսի 19-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը և նրան միացած քաղաքացիները Ազատության հրապարակում նստացույց հայտարարեցին` պահանջելով չեղյալ հայտարարել որոշումը: Հունիսի 22-ին, իրենց պահանջներին որևէ պատասխան չստանալով, քաղաքացիները շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական պատնեշի դեմ առնելով` նրանք նստացույց սկսեցին հենց այդտեղ: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության հատուկ ուժերը ջրցան մեքենաներով ցրեցին նստացույց իրականացնող քաղաքացիներին, ավելի քան 200 մարդու էլ բերման ենթարկեցին: Հասարակության արձագանքը բուռն եղավ, Բաղրամյան պողոտան դարձավ նոր Հայաստանի կերտման վայրը:

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը դիմեց ցուցարարներին` կոչ անելով լքել Բաղրամյան պողոտան և խոստանալով աուդիտ իրականացնել` հասկանալու, թե որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարներին պայքարի հաջորդ փուլ անցնելու կոչ արեցին, սակայն բոլորը չէ, որ հեռացան Բաղրամյան պողոտայից: Ի վերջո, ոստիկանությունը հուլիսի 6-ին ուժով հեռացրեց Բաղրամյանում մնացած սակավաթիվ ցուցարարներին և վերականգնեց երթևեկությունը:

Սեպտեմբերին «Ոչ թալանին»-ի պայքարը նորից փողոց տեղափոխվեց: «Փորձը ցույց տվեց, որ փողոցային պայքարը, անհնազանդությունը և նմանատիպ քայլերը, որոնք խաթարում են պետական այրերի անդորրը, առավել մեծ հնչեղություն են ստանում և առավել ազդեցիկ են».- հայտարարեցին նախաձեռնության ներկայացուցիչները: Ոստիկանությունը, սակայն, այս անգամ էլ ուժով ցրեց ցուցարարներին:

Նշենք, որ չնայած Սերժ Սարգսյանի` աուդիտի մասին հայտարարությանը, այդպես էլ որևէ բան չփոխվեց. արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը համարվեց հիմնավորված և մնաց անփոփոխ: Մինչ աուդիտի արդյունքների հրապարակումը կառավարությունը բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորեց էլեկտրաէներգիայի թանկացած սակագինը: Հոկտեմբերին էլ ՀԷՑը վաճառվեց «Տաշիր գրուպին»: Կարեն Կարապետյանը խոստացավ սուբսիդավորել այն բնակիչների էլեկտրաէներգիայի սակագնի թանկացած մասը, որոնք ամսական կօգտագործեն մինչև 250 կվ էլեկտրաէներգիա:

Տարվա հիշեցումը` ցմահ ազատազրկվածներն էլ իրավունքներ ունեն

2015-ը նաև դարձավ ցմահ դատապարտյալների իրավունքների վրա ուշադրություն հրավիրելու տարի: Դեռևս ամռանը 20 տարուց ավելի իր պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի մոտ ի հայտ էին եկել առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի էին պատժի կրման հետ: Ամիսներ շարունակ քննարկվում էր Քոչարյանին ազատություն շնորհելու հարցը, և դա առիթ դարձավ, որ իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ները ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրեն ցմահ ազատազրկվածների խնդիրների ու նրանց իրավունքների ոտնահարման վրա: Ի վերջո, Սողոմոն Քոչարյանը հոկտեմբերի 22-ին ազատ արձակվեց, իսկ նոյեմբերի 8-ին մահացավ: Արցախյան ազատամարտի մասնակից հետախույզին հուղարկավորեցին Եռաբլուրում: Բայց հետմահու գնահատանքից ավելի Քոչարյանին պետք էր ազատություն, որը նա ընդամենը 16 օր վայելեց:

2015-ին նաև նոր սահմանադրություն ունեցանք

հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Մինչ այդ մեկ ամիս շարունակ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները շրջեցին հանրապետությունում ու քաղաքացիներին բացատրեցին, թե ինչու է պետք կողմ կամ դեմ լինել սահմանադրական փոփոխություններին: Արդյունքում սահմանադրական փոփոխությունների նախագծին, ըստ պաշտոնական տվյալների, կողմ քվեարկեց հանրաքվեին մասնակցածների 63.37 տոկոսը կամ 825521 մարդ, դեմ քվեարկեց 32.36 տոկոսը կամ 421568 մարդ: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցեց 1.3 մլն մարդ:

Ընդդիմադիր ուժերի պնդմամբ, սակայն, հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Դիտորդներն էլ արձանագրեցին, որ այս ընտրությունների ժամանակ կիրառվեցին ընտրակեղծիքների մեթոդներ, որոնք վաղուց չէին օգտագործվել: «Կիրառվեց 1995-1996 թթ. ընտրակեղծիքների ողջ արսենալը»,- հայտարարեցին իրավապաշտպանները:

Տարին աչքի ընկավ նաև միջազգային հարաբերություններում լարվածության աճով. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից, օրեցօր հզորացող ու ընդլայնվող «Իսլամական պետություն» և դրա դեմ տարվող կեղծ պայքար, օրեցօր ահագնացող ու հարյուրավոր մարդկային կյանքեր խլող ահաբեկչություն, փախստականների անվերջանալի հոսք դեպի Եվրոպա, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններ ԻՊ-ի դեմ, ռուս-թուրքական հարաբերությունների սրացում…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: