Հայերեն   English   Русский  

​ՀԱՅՈՑ ՍՆՆԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ


  
դիտումներ: 7931

Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են և սննդի ուրույն համակարգ են ունեցել: Հայաստանի հարուստ բնությունը մեր նախնիներին տվել է ամեն հնարավորություն սննդի կայուն համակարգ ստեղծելու համար: Հայոց սննդակարգը հարուստ ու բազմազան է եղել:

Հայերն ունեցել են կայուն և հաստատված տոնածիսական կերակրատեսակներ, արքունի կերակրատեսակներ, ռանչպարական, մշակի, զորաց:

Առհասարակ տարվա յուրաքանչյուր օրվա համար մշակված է եղել յուրահատուկ սննդակարգ:
Բանակը հայոց պատմության մեջ մեծ դեր է ունեցել, և մեր նախնիների մշակած զորաց կերակրատեսակներն առանձնահատուկ ուշադրության են արժանացել և լայն կիրառություն գտել նաև բնակչության տարբեր խավերի շրջանում:
Զորաց կերակուրները պիտի լինեին սննդարար և թեթև` տեղափոխման հարմարության համար:
Հայոց բանակի հիմնական հարվածային ուժը հեծելազորն էր` այրուձին, որ ըստ անհրաժեշտության արագ տեղաշարժվում էր և հարյուրավոր կիլոմետրեր էր կտրում կարճ ժամանակամիջոցում: Եվ հեծելազորն ի վիճակի չէր իր հետևից նույն արագությամբ գումակը տեղափոխել: Ուստի մեր նախնիները գտել են հարցի լավագույն լուծումը. ստեղծել են սննդարար և թեթև կերակրատեսակներ:
Հայոց սննդակարգի կարևորագույն մասը հացն է: Հայերը հաց ուտում են ամեն օր և ամեն ինչի հետ: Հացը մեզանում նաև սրբացվել է, պաշտամունքի աստիճանի է հասցվել: Հացի վրա անգամ երդվում են: Հայ բանահյուսությունը պահպանել է բազում դարձվածքներ ու արտահայտություններ` կապված հացի հետ. «Հացոտ մարդ», «Հացը ծնկան ծերին», «Հացի ղադրն իմացող»:
Հայաստանում կիրառվել և կիրառվում են հացի տասնյակ տեսակներ: Սակայն ամենատարածվածը լավաշն է, որը, որպես զորաց կերակրատեսակ, շատ առավելություններ ունի: Այն թեթև է, երկար է պահպանվում, անգամ չորանալուց հետո կարելի է թրջել և ուտել ինչպես թարմ հաց: Լավաշը կարելի է օգտագործել ոչ միայն որպես հաց, լավաշով փաթաթում են այլ կերակուրներ և բրդուճ են պատրաստում:
Լավաշը թխում են թոնիրի մեջ: Թոնիրը տաքացնելու համար օգտագործել են նաև գոմաղբ: Դա հնարավորություն է տվել անգամ պաշարումների ժամանակ և անտառազուրկ վայրերում վառելիք ունենալ և հաց թխել:
Թոնիրն առհասարակ հայոց մեջ ծիսական և պաշտամունքային նշանակություն է ունեցել: Շատ ժողովուրդներ են այժմ օգտագործում այն, բայց միայն հայոց մեջ է, որ թոնիրը սարքված է գետնի մեջ: Թոնիրն իրենից ներկայացնում է արևը երկրի վրա, և հայ կինը խոնարհվում է, երկրպագում աստված-արև - թոնրին, որպեսզի նա հաց պարգևի: Բնապաշտական ժամանակներում, եթե անգամ մոտակայքում տաճար չի եղել, հեթանոս քրմերը պսակի արարողություն են կատարել թոնրի շուրջը:
Թոնիրն ունի նաև կենցաղային նշանակություն. այն հայոց օջախներում լուսավորություն, ջերմություն է ապահովել:
Հացով պատրաստվող կերակուրներ
Կոնչոլ
Չոր, հին հացը թրջել, եռացնել, վրան ավելացնել սոխառած և ձու, ուտել տաք վիճակում: Համեղ և սննդարար կերակրատեսակ է:
Ճմբուռ
Լավաշ կամ հաց թխելիս վերցնել թարմ թթվասեր կամ հում սեր, տաք հացը բրդել դրա մեջ և ուտել:
Ընդունված է այն տեսակետը, թե աշխարհում առաջին պահածոն պատրաստել է ֆրանսիացի գյուտարար Նիկոլյա Ֆրանսուա Ապպերը 1809 թ., որի համար էլ մեկ տարի անց նա Նապոլեոն Բոնապարտի կողմից արժանացավ բարձրագույն պարգևի: Սակայն դեռ հազարամյակներ առաջ հայերը ստեղծել և կիրառել են պահածոներ, որոնք մեր սննդի անբաժանելի մասն են եղել: Արդ ամենակիրառական պահածոն տհալն է: Տհալը պատրաստում են հորթի կամ գառան մսից:
1 կգ միսը կտրատել մանր, փոքրիկ ու հավասարաչափ կտորներով, վրան 100 գրամ աղ ցանել, երեք օր պահել զով, ստվերոտ տեղում, մինչև մսի հասունանալը: Երեք օրից հանել միսը, լվանալ և դնելով կճուճի մեջ` վրան եռացրած ջուր լցնել, ապա եփել: Վերջում քամել ջուրը, առատ կարագը կամ յուղը լավ տաքացնել և միսը տապակել դրա մեջ: Տապակելուց հետո միսը դարձյալ լցնել կճուճի մեջ, վրան ավելացնել տապակած յուղը կամ կարագն այնքան, որ ամբողջովին ծածկի միսը: Կարագ ավելացնելուց հետո կճուճի մեջ ցանկալի է դնել սերկևիլ կամ խնձոր` լավ բուրմունք ստանալու համար: Վերջում կճուճի բերանը փակել մոմով կամ աթարով:
Սննդի պահածոյացումը Հայաստանում կենցաղային անհրաժեշտություն էր, քանզի Հայկական լեռնաշխարհի ցրտաշունչ կլիմայի պատճառով լեռնային շրջաններում դժվար կլիներ ձմռան ամիսներին հայկական բազմանդամ գերդաստանն ապահովել սննդով:
Հայ սննդակարգում օգտագործվել են տհալով պատրաստված բազմաթիվ կերակրատեսակներ: Տհալը կարելի է ուտել առանձին` փաթաթած լավաշի մեջ, կարելի է օգտագործել նաև այլ ճաշատեսակների մեջ:
Վանա քաշովի
Սոխը տապակել, ավելացնել մանր կտրտած տհալ, ապա բլղուր և ջուր կամ հորթի արգանակ: Եփել և մատուցել տաք վիճակում:
Հայոց սննդակարգում առանձին տեղ ունի կաթնեղենը: Հայկական լեռնաշխարհում զարգացած է եղել անասնապահությունը, և կաթնամթերքի կիրառումը սննդում մասսայական է եղել: Բացի բուն կաթից, հայերն օգտագործել են պանիր, մածուն, թան, յուղ, հումսեր, թթվասեր, խիժ, դալ:
Որպես զորաց կերակրատեսակ առավել հայտնի է չորթանը:
Թթվասերից կարագ ստանալու համար այն հարում են խնոցիով: Երբ ստացվում է կարագը, խնոցու մեջ առանձնանում է թանձր զանգվածը` թանը: Չորթան ստանալու համար առանձնացնում են խնոցու մեջի թանը, եփում են կճուճի մեջ, ստացված պինդ զանգվածը լցնում են տոպրակը, քամում, ապա այդ խյուսը փոքրիկ գնդիկների վերածում, արևի տակ չորացնում: Ստացված չորթանը երկար է պահպանվում: Դրանով կարելի է բազում ճաշատեսակներ պատրաստել:
Որպես զորաց կերակրատեսակ հարմար է այնքանով, որ սննդարար է և թեթև: Զինվորն իր գրպանում կամ ուսապարկում կարող է հեշտությամբ ամբողջ ամսվա պաշար վերցնել: Չորթանը կարելի է հենց այդպես էլ ճաշակել երթի ժամանակ կամ հանգստի պահին:
Թանապուր
Չորթանը բացել գոլ ջրով: Վերցնել ձավար, ալյուր, ձու և խառնել` աստիճանաբար այդ խյուսը բացելով ստացած գոլ թանով: Ապա ստացած զանգվածը դնել կրակին, փայտե գդալով դանդաղ խառնելով` հասցնել եռման աստիճանի: Դարձյալ անընդհատ խառնել մինչև պատրաստ լինելը: Մատուցելուց առաջ գցել կարագ, համեմ կամ դաղձ: Թանապուրը բացառիկ կերակուր է այնքանով, որ ձմռան ցուրտ ամիսներին այն ուտում են տաք վիճակում, իսկ ամռանը` սառը վիճակում:
Պանիրը նույնպես հայոց մեջ շատ կիրառական կերակրատեսակ է: Այն հայերն օգտագործում են ամեն օր: Հայտնի է ավանդական հայկական բրդուճը` լավաշի մեջ փաթաթած պանիրը: Հայաստանում պանրի շատ տեսակներ են պատրաստել: Բայց ամենակիրառականը, որ նաև զորաց կերակուրների շարքն է դասվում, մոթալն է:
Զտած պանրից պատրաստած ջիլ պանիրը կտրտել, ապա դարձյալ զտած կաթից պատրաստած մածունը տոպրակի մեջ քամել, ստանալ պինդ զանգված, մանրացրած ջիլը խառնել քամած մածունի և հումսերի հետ, լցնել կճուճի կամ տիկերի մեջ, բերանը փակել մոմով կամ աթարով: Մոթալը նույնպես աշխարհի հնագույն պահածոների թվին է պատկանում և նման վիճակով կարելի է պահել տարիներ շարունակ: Մոթալը նույնպես բավական սննդարար կերակրատեսակ է, այն օգտագործում են առանձին կամ այլ կերակրի հետ:
Ճիլուեղ
Բացած մոթալը առատ յուղի մեջ տապակել և մատուցել տաք վիճակում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: