Հայերեն   English   Русский  

10 հակամարտություն, որոնք չեն կորցնի սրությունը 2016 թվականի ընթացքում. ՄԱՍ 2


  
դիտումներ: 818

Նախորդ հոդվածում Ձեզ էինք ներկայացրել 2015-ին առավել քննարկված և 2016-ին իրենց սրությունը պահպանող հակամարտությունների տասնյակից մի քանիսը:

4. Լիբիա

2011 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունից և բռնապետ Մուամար Քադաֆիի տապալումից հետո տեղական քաղաքական կուսակցությունները, ցեղերը և աշխարհազորայինները պայքար են սկսել իշխանության և երկրի հսկայական նավթի ու գազի պաշարների վրա վերահսկողություն հաստատելու համար: 2014 թվականի կեսերից երկիրը միաժամանակ կառավարվում է երկու հակառակորդ խմբակցությունների կողմից: ՄԱԿ-ի միջնորդությամբ անցյալ տարվա դեկտեմբերին միասնական կառավարություն ձևավորելու մասին համաձայնություն կնքվեց երկու կողմերի միջև: Այդուհանդերձ դժվար թե միասնական կառավարությունը կարողանա երկար գոյություն ունենալ, քանի որ մի շարք ուժեր դեմ են հանդես եկել:

5.Չադ լճի ավազան

Նիգերիան, Նիգերը, Չադը, և Կամերունը բախվել են Բոկո Հարամի վտանգի հետ: Վերջին վեց տարիների ընթացքում խումբը Նիգերիայում ծագած փոքր բողոքի շարժումից վերափոխվել է հզոր ուժի և ավերիչ հարձակումներ է իրականացնում Չադ լճի ավազանի բոլոր երկրներում:

Նիգերիան շարունակում է մնալ հակամարտության էպիկենտրոնը: Նիգերիայի նորընտիր նախագահ Մուհամադ Բուհարին խոստացել է վերջ տալ կազմակերպության գործունեությանը: Թեև սա մնում է հեռավոր նպատակ, այդուհանդերձ նախագահը նոր թափ է հաղորդել իր երկրի անվտանգության հաստատմանը և տարածաշրջանային կոալիցիայի հետ աշխատում է հյուսիսարևելյան Նիգերիայից Բոկո Հարամին վտարելու ուղղությամբ:

Սակայն պետք է նշել, որ Բոկո Հարամը բավական տոկուն և շարժական է: Նրա դեմ իրականացված ռազմական գործողությունները մինչ օրս սահմանափակ հաջողություններ են գրանցել: Դրա ահաբեկչական հարձակումները հեռավոր և անպաշտպան գյուղերի, և նույնիսկ տարածաշրջանի մայրաքաղաքների վրա շարունակվում է:

6.Հարավային Սուդան

Աշխարհի նորագույն երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի առջև: Օգոստոսին կառավարության և ընդդիմության միջև ձեռքբերված խաղաղության համաձայնագիրը շատ փխրուն է:

Հակամարտության արմատները գնում են դեռևս անկախության պայքարի ժամանակաշրջան, երբ տարբեր ուժերի միջև առաջացան տարաձայնություններին: Անկախության ձեռքբերումից անմիջապես հետո երկիրը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ:

Վերջին երկու տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկզոհվել են, ավելի քան 2,4 մլն մարդ տեղահանվել է: Ներկայումս երկրում գործում է ավելի քան 24 զինված խմբավորում, ինչը հավանական է դարձնում բազմաբևեռ պատերազմի բռնկումը:

7.Բուրունդի

Բուրունդիում ավելի քան 300 մարդ է զոհվել անցյալ ապրիլից, այն բանից հետո, երբ նախագահ Պիեռ Նկուրունզիզան, չնայած համատարած դժգոհության, հայտարարեց երրորդ անգամ պաշտոնավարելու իր ցանկության մասին: Հուլիսին, նրա վերընտրվելուց հետո տեղի ունեցավ ձախողված հեղաշրջման փորձ, ինչին հաջորդեց կառավարական ուժերի և զինված ընդդիմության զինյալների առճակատումը: Աճող բռնության պայմաններում մտավախություններ կան, որ մեկ տասնամյակ հարաբերական խաղաղությունից հետո երկիրը կրկին կներքաշվի հակամարտության մեջ: Հիշեցնենք, որ առնվազն 300.000 մարդ է զոհվել Բուրունդիում 12 տարի տևած քաղաքացիական պատերազմի արդյուքնում, որն ավարտվել է 2005 թվականին:

Հումանիտար իրավիճակը երկրում ծանր է: ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 200,000 մարդ է լքել երկիրը: Իրավիճակը նաև սպառնում է ավելի ապակայունացնել Մեծ Լճերի տարածաշրջանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Աֆրիկյան միությունը հասել են կողմերի մեջ համաձայնության, ըստ որի հակամարտությանը խաղաղ լուծում տալու նպատակով նրանք պետք է հունվարի 6-ին հանդիպեն:

8.Աֆղանստան

Միացյալ Նահանգների ներխուժումից ավելի քան 14 տարի անց Աֆղանստանը շարունակում է հակամարտության օջախ մնալ: Այսօր Թալիբանները, չնայած ներքին տարաձայնությունների, դեռ ահռելի ուժ են ներկայացնում, Ալ-Կաիդան պահպանում իր ներկայությունը երկրում, այժմ արդեն Իսլամական պետությունը ստեղծել է իր հենակետն այնտեղ:

Տարբեր նահանգներում ընթացող պայքարը օրեցօր ավելացնում է զոհեր թիվը: Բացի այդ Աֆղանստանը Սիրիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղից մարդիկ փախնում են:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ 2016 թվականի ընթացքում կպահպանի հեծելազորի քանակը, իսկ ՆԱՏՕ-ն կշարունակի ֆինանսական աջակցությունը ցույց տալ աֆղանական անվտանգության ուժերին մինչև 2020 թվական:

Սակայն ակնհայտ է որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հաջող բանակցությունների համար անհրաժեշտ է առաջնորդվել աֆղան ժողովրդի շահերով, և ոչ գերտերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի շահերով:

9.Հարավչինական ծով

Հարավչինական ծովը սպառնում է դառնալ գերտերությունների մրցակցության թատերաբեմ, քանի որ ԱՄՆ-ն վիճարկում է մի շարք կղզիներում Ճինաստանի իրականանցրած շինարարության օրինականությունը: Չինաստանը տարածքային նկրտումներ ունի աշխարհի ամենածանրաբեռնված ծովային ուղիների որոշ հատվածների նկատմամբ: Նշենք որ ջրերը հնարավոր է պարունակեն գազի և նավթի պաշարներ:

Լարվածությունը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ձգվեց անցյալ տարի մայիսին, երբ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը թռիչք իրականացրեց Սպրատլի արշիպելագի կղզիներից մեկի վրայով, որտեղ Չինաստանը օդանավակայան է կառուցում: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեղադրեց Չինաստանին տարածքային ձգտումների համար և հայտարարեց, որ ամերիկյան օդուժը կարող է թռիչքներ իրականացնել միջազգայնորեն հաստատված տարածքներով որքան կամենա: Հոկտեմբերին ԱՄՆ ծովուժի նավը մոտեցավ նույն տարածքներին: Միևնույն ժամանակ Օբաման հայտարարեց Չինաստանի տարածքային գլխավոր հակառակորդներին` Վիետնամին, Ինդոնեզիային, Ֆիլիպիններին և Մալազիային ծովային անվտանգությունը բարելավելու նպատակով 259 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու մասին:

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան պետք է դրդի Չինաստանին բանակցություններ սկսել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ծովային վեճերը լուծելու համար, քանի դեռ դա չի վերաճել մեծ հակամարտության:

10.Կոլումբիա

Կոլումբական կառավարության և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջև Հավանայում տեղի ունեցած խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ, որոնք հույսեր են ներշնչում, որ վերջապես վերջ կդրվի 51-ամյա զինված հակամարտությանը: Պաշտոնական տվյալներով հակամարտության ողջ ընթացքում շուրջ 220 հազար մարդ է մահացել, ևս 50 հազարը համարվում են անհետ կորած:

Դեկտեմբերին կողմերը հայտարարեցին հիմնաքարային համաձայնության ձեռքբերման մասին: Նախագահ Խուան Մանուել Սանթոսը հայտարարել է, որ վերջնական համաձայնությունը ձեռք կբերվի մարտի 23-ին:

Մնում է միյան հուսալ, որ 2016 թվականը կնշանավորվի որպես հակամարտությունների լուծման տարի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: