Այսօր Գրկախառնության միջազգային օրն է
Տոնի ավանդույթի համաձայն, բարեկամաբար կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ: Չնայած այս տոնի “երիտասարդ տարիքին”, այսօր արդեն դժվար է դրա հեղինակին գտնել. Սակայն, կարծիք կա, որ տոնը նշելու ձեռնարկի հեղինակներն ուսանողներն են: Հենց այդ օրն է, որ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ ենթատեքստի:
Լեգենդի համաձայն, բարեկամական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգեկան ջերմությամբ: Հաճելի հանգամանք է, որ այս տոնը նշելու համար նյութական ծախսեր հարկավոր չեն: Պետք է միայն ջերմություն փոխանցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Իսկ Լեհաստանում այսօր նշվում է Տատիկի օրը: Սա շատ բարի տոն է: մեծերն ու փոքրերը շնորհավորում են իրենց տատիկներին «մասնագիտական տոնի» ` Տատիկի օրվա կապակցությամբ: Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով պարզվել է, որ լեհերի 60%-ը գտնում է, որ իրենց բարոյական սկզբունքները, կրոնական համոզմունքները և զգացումները դաստիարակվել են տատիկի հետ սերտ հարաբերությունների արդյունքում: Հարցման մասնակցածների մեծամասնությունը կարծում է որ հարազատ տատիկի հետ կապը շատ ամուր ու կայուն է:
Այս օրվա կապակցությամբ բոլորն այցելում են իրենց տատիկներին, ծաղիկ ու նվերներ տալիս, իսկ տատիկներն ուրախությամբ ընդունում են իրենց թոռներին ու քաղցր կարկանդակ հյուրասիրում: Ի դեպ, Լեհաստանում հունվարի 22-ին Տատիկի օրվան փոխարինում է Պապիկի օրը: