Հայերեն   English   Русский  

Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման գործում մեծ դեր ունի Թուրքիան. թուրքագետ


  
դիտումներ: 1414

Դեյր Էզ Զորում հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման և Սիրիայում հայկական համայնքի կրած այլ վնասներում իր դերը ունի Թուրքիան: Այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հնչեցրեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ըստ նրա` սիրիական հակամարտության հենց սկզբից թուրքերը աջակցում էին ապստամբներին, իսկ հետո արդեն «Իսլամական պետությանը»` նրանց միջոցով փորձելով օգուտ քաղել. տապալել Ասադի իշխանությունը, թուլացնել քրդերի ինքնավարությունը, ոչնչացնել հայկական համայնքը, որը պատմական հայրենիքին ամենամոտ տարածքում է գտնվում և համարվում է ամենակազմակերպված հայկական համայնքը:

Հատկանշական է, որ թուրքական ոչ մի լրատվական կայք չի անդրադարձել եկեղեցու պայթեցման փաստին: Եթե թուրք դիվանագետներին ուղիղ հարց չտրվի այս միջադեպի մասին, հավանաբար նրանք ոչ մի կերպ չեն գնահատի այն:

Ըստ Իսպիրյանի` ԻՊ-ի հետ թուրքերի համագործակցությունը այնքան ակնհայտ է, որ ապացույցներ վերհանելու կարիք էլ չկա: «Վերջերս ազատ արձակվեց 49 թուրք պատանդ: Ակնհայտ է, որ առանց ուղիղ բանակցություն նման արդյունքի հնարավոր չէր հասնել», - նշեց թուրքագետը: Նրա խոսքով` ԻՊ-ի ծայրահեղականներից շատերը իրենց հագուստներով ազատորեն շրջում են Ստամբուլի փողոցներում: Միայն վերջերս, երբ ԱՄՆ-ն խստացրեց պայքարը ահաբեկչական այդ կառույցի դեմ, թուրքերը սկսեցին առերևույթ ցույց տալ, թե ինչ-որ քայլ են կատարում ընդդեմ ԻՊ-ի:

«Մյուս կողմից, պայթեցնելով հայկական եկեղեցին. «Իսլամական պետությունը» շարունակում է իր` միշտ գլխավոր լուրերի շարքում լինելու քաղաքականությունը, որը իրագործվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մահմեդական արմատական երիտասարդներին իրենց կողմը գրավելու համար», -իր հերթին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: