Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Սերգեյ Լավրովի հայկական արմատների տաք հետքերով
Ադրբեջանական Haqqin.az կայքում 2016թ. փետրվարի 2-ին հրապարակված հոդվածի համաձայն՝ Սերգեյ Լավրովը վրացահայ Քալանթարովն է, որի միջոցով պաշտոնական Մոսկվան շարունակում է հակավրացական քարոզչություն իրականացնել՝ հայտարարելով ԻՊ-ի սպառնալիքների մասին վրացական Պանկիսի կիրճում: Իսկ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լավրովը Թբիլիսիի հայ է:
2016թ. հունվարի 1-ին մեկ այլ Cebhe.info ադրբեջանական պորտալի կողմից նյութ էր հրապարակել «Քալանթարով ազգանունով հայազգի նախարարի գաղտնիքները» խորագրով՝ նպատակ ունենալով «դիմակազերծ անել» Սերգեյ Լավրովին: Հոդվածի հեղինակները հավաստում են, որ Լավրովի թբիլիսյան արմատների մասին տվյալները գրեթե բացակայում են, սակայն առկա են հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն՝ Սերգեյ Լավրովի հայրը մեծահարուստ Քալանթարովների ընտանիքից է եղել, իսկ նրա պապը՝ Թբիլիսիի խորհրդարանի անդամ է ընտրված եղել:
Լավրովի տաք հայկական հետքերով շարունակում է բացահայտումներ կատարել նաև ադրբեջանական Yeni Musavat պարբերականը՝ արդեն փորձելով բացահայտել Լավրովի հայամետ նախաձեռնությունները և հայերին շողոքորթելու փորձերը:
2015թ. օգոստոսի 8-ին Musavat պարբերականը գրել էր, որ հայկական արմատներ ունեցող ռուս նախարարը ՌԴ ԱԳՆ-ում կատարյալ պայմաններ է ստեղծել իր հայրենակիցների առաջընթացի համար: Պարբերականի հավաստմամբ՝ այս 11 տարիների ընթացքում ՌԴ ԱԳՆ-ում ղեկավար պաշտոններում հայերի թվի կտրուկ աճ է գրանցվել, և այդ հանգամանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարաձգման հիմնական պատճառներից մեկն է:
Իսկ Ադրբեջանի ամենաընթերցվող պարբերականներից մեկը Սերգեյ Լավրովին հաճախ հակաադրբեջանական քարոզչության մեջ է մեղադրում:
Հարկավոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի անձի հանդեպ անտարբեր չեն նաև Vesti.az, Day.az կայքերը և «Азербайджанские известия» պարբերականը: