Թուրքիան մտադիր է վրեժխնդիր լինել Անկարայի ահաբեկչության համար
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ցանկացած պահի, ցանկացած վայրում և ցանկացած առիթով կօգտագործեն ինքնապաշտպանության իրենց իրավունքը:
ԱՄՆ-ը նույնպես դատապարտել է ահաբեկչությունը: Երկրի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Թուրքիային, որը նրանց ուժեղ գործընկերը և դաշնակիցն է:
Մինչ այժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Ըստ ականատեսների` պայթուցիկ նյութերով բեռնված մեքենան պայթել է այն պահին, երբ զինվորական մեքենաներն անցնելիս են եղել դրա կողքով: Զոհվել է առնվազն 28 մարդ, վիրավորվել` 61-ը: Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձիք:
Պայթյունից հետո Էրդողանը չեղյալ է հայտարարել Ադրբեջան կատարելիք իր այցը, իսկ վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ չի մասնակցի Բրյուսելում կայանալիք ժողովներին, որոնց հիմնական թեման լինելու է Եվրոպայում փախստականների ճգնաժամը:
Չորեքշաբթի օրը նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել նաև Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտակայքում, ինչի հետևանքով վնասվել է թուրքական մշակույթի կենտրոնի շենքը: Զոհեր և վիրավորներ չկան: Դեռևս պարզ չէ` արդյո՞ք Անկարայի և Ստոկհոլմի պայթյունները կապ ունեն միմյանց հետ: