«Գող Թայիփ» աքրոստիկոսի հեղինակ լրագրողը ազատազրկման է դատապարտվել
Թուրքական «Բիրգյուն» թերթի լրագրող Բարըշ Ինջեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ինջեի նկատմամբ գործը հարուցվել է 2013թ. կոռուպցիոն սկանդալի մասին հոդվածի լույս տեսնելուց հետո, որում ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ: Իր հոդվածը լրագրողը շարադրել է աքրոստիկոսի տեսքով, որի դեպքում, առաջին տառերը համադրելով, ստացվում է «գող Թայիփ»: Ըստ Ինջեի՝ դա պատահաբար է ստացվել:
Լրագրողը դատավճռի հրապարակումից հետո թվիթերյան իր էջում գրել է. «21-ամսվա ազատազրկում: Մենք նորից ազատ ենք արձակվելու, ծիծաղելու ենք, խոսելու ենք, սակայն ապագայում մեր երեխաները նրանց անունները կհիշեն որպես գող, ֆաշիստ»:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ ներկայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է տարվում: