ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Ողջույնի խոսքում Էդուարդ Շարմազանովն ընդգծել է հայ-ռուսական դարավոր
բարեկամությունը եւ նշել, որ երկու երկրների միջեւ կապերը պետք է առավել
զարգանան ու խորանան եւ այս հարցում կարեւորել է խորհրդարանականների դերը:
Նա նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական եւ ռազմավարական կապերը
կայուն զարգացման փուլում են: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել
միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների
պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:
Անդրադառնալով ԼՂ
հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես
Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ
կարգավորմանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման
խնդրից՝ պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի
իշխանություններին՝ դեռեւս 90-ականներին Հայոց ցեղասպանության ճանաչման
մասին օրենք ընդունելու համար:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացներին:
Նա կարեւորել է Հայաստանի Հանրապետական եւ «Եդինայա Ռոսիա»
կուսակցությունների փոխգործակցության ամրապնդումն ու հետագա խորացումը:
Միխայիլ
Կրոտովը նշել է, որ իրենց այցի նպատակն է քննարկել խորհրդարանական
խմբակցությունների մակարդակով համագործակցելու կոնկրետ ձեւաչափն ու
ուղիները: Պարոն Կրոտովը նշել է, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին,
կդառնա միության լիիրավ անդամ:
Օլեգ Լեբեդեւը բարձր է գնահատել երկկողմ
հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել Հայաստանի Հանրապետական ու
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ համագործակցության սերտացումն ու
ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս: