Հայերեն   English   Русский  

​Արցախում լարվածության աճը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին ու Թուրքիային


  
դիտումներ: 1967

Չարժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը նախահարձակ գործողություններով Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով աննախադեպ ռազմական գործողություններ սանձազերծեց: Այս հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից` հասկանալու համար, թե ինչով կարող էր այն պայմանավորված լինել, ինչ նոր իրավիճակ է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ու հետագա տարածաշրջանային քաղաքական զարգացումների համար ինչ նոր նախադրյալներ է առաջ բերում:

Այս առումով ոչ միայն Հայաստանում, այլ կարծես ամբողջ աշխարհում վերլուծական հանրույթի կարծիքը համընկնում է. ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէր Ադրբեջանին, հետևաբար իրավիճակի լարման աննախադեպ էսկալացիան բխում էր բացառապես Ադրբեջանի շահերից, սրանից էլ հետևում է, որ հենց Ադրբեջանը սկսեց ակտիվ մարտական գործողություններ:

Որպես Ադրբեջանի նման քայլի դրդապատճառ միջազգային վերլուծաբանական հանրույթը մատնանշում է Ադրբեջանի ներքին սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրները, արտաքին ազդակները` Թուրքիա-Ռուսաստան հակասությունների խորացումը, աշխարհաքաղաքական շահերի բախումը, և այսպես շարունակ: Բայց մի բան ակնհայտ է բոլորի համար, որ Ադրբեջանի գործողությունները 1994 թվականի բիշքեկյան ակտի միակողմանի խախտում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հանդես չի գալիս որպես վստահելի գործընկեր, որի հետ կարելի է ունենալ երկարատև բանակցային գործընթաց` ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծմանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին հայկական կողմերը հիմնականում համաձայնություն են տվել, իսկ Ադրբեջանը երբեք չի համաձայնել:

Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցի քննարկումից` դրանով իսկ փակելով բանակցային ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծման հնարավորությունը: Հասկանալով, որ լայնածավալ պատերազմով չի կարող լուծել հարցը, իսկ բանակցային գործընթացն իր համար անընդունելի է, Ադրբեջանը սադրանքների է դիմում, շանտաժի ենթարկում Հայաստանին, համանախագահողներին և ամբողջ միջազգային հանրությանը:

«Այս քայլերով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, որ համանախագահները և այլ պետությունները վերցնեն Ղարաբաղն ու հանձնեն իրեն: Այդպես չի լինում և չի կարող լինել: Նա այսպիսով փակում է խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի լուծումը: Հասկանալով, որ ինքը լայնածավալ պատերազմով չի կարող լուծել հարցը, իսկ բանակցային ճանապարհն իր համար ընդունելի չէ, նա գնում է նման սադրանքների»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Այստեղ, իհարկե, կա պատճառների մի ամբողջ փունջ` սկսած ներքին խնդիրները թաքցնելուց մինչև արտաքին չբավարարվածությունը, որոնք միասին ստիպեցին, որ Ադրբեջանը նորից դիմի նման արկածախնդրության ու այսպես փորձի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել ղարաբաղյան խնդրի վրա: Արդյունքն այն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հանդես է գալիս, որպես ագրեսոր երկիր:

Հետևաբար գլխավոր խնդիրը, որ լուծում է Հայաստանն այս պայքարում, թույլ չտալն է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը ներկայացնի որպես բարի կամքի դրսևորում: Այսինքն` Հայաստանը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսելու փորձ է կատարել ու ձախողել է այդ փորձը և ոչ միայն ձախողել է, այլև պարտվել է:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ Ադրբեջանը նոր պրակտիկա էր փորձում որդեգրել. այսպիսի անակնկալ ու մեծածավալ հարձակումներով որոշակի արդյունքների հասնել, այնուհետև այդ ձեռքբերումը բանակցային գործընթացի ժամանակ փորձել ներկայացնել որպես իրենց ուժի ապացույց և այդ ուժի տեսակետից հայկական կողմին ստիպել միակողմանի զիջումների գնալ: Տեսանք, որ այս մարտավարությունը չգործեց, կամ գոնե առաջին փորձը տապալվեց, քանի որ Ադրբեջանը չունեցավ հաջողություններ, ընդհակառակը` հայկական ուժերի կողմից հետ շպրտվեց և հիմա փորձում է այդ բախումներից այնպես դուրս գալ, որ կարողանա իր դեմքը պահել, չերևա, որ պարտվել է»,- իր կարծիքը խնդրի վերաբերյալ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իհարկե, ցանկալի է, որ ոչ թե պահպանվի քաղաքական կոռեկտությունն ու կողմերի միջև մշտապես հավասարության նշաններ դնելու երևույթը, այլ այդ հայտարարությունները լինեն հասցեական:

«Ցավոք, Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է նաև միջազգային հանրության կողմից հստակ գնահատականների բացակայությամբ, որովհետև այն անպատժելիության միջավայրը, որում հայտնվեց Ադրբեջանը՝ նախկինում գործածների համար պատասխանատվության չենթարկվելով, Ալիևի մոտ սեփական գործողությունները, եթե չասենք ամենաթողության, ապա գոնե անուշադրության մատնելու տպավորություն ստեղծեցին, որը պետք է ծներ նման անպատասխանատու գործողություններ»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Այս իրավիճակը լուրջ վերլուծության կարիք ունի ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև իրավական, ռազմական և այլն: Հրանտ Մելիք-Շահնազարյանը հույս է հայտնում, որ վեր կհանվի մի փաթեթ, որը աշխարհին հստակ ցույց կտա` Ադրբեջանն ագրեսոր պետություն է և փորձում է իր հարցերն ուժի միջոցով լուծել, հետո արդեն այդ փաթեթի հիման վրա պետք է մշակել երկրորդ փաթեթը, որն Ադրբեջանին զսպելու և ապագայում նման մոտեցումներից հետ պահելու ծրագիր պետք է լինի:

«Այստեղ պետք է համագործակցել միջազգային կառույցների հետ և, ինչու ոչ, նաև սեփական քաղաքական ռեսուրսների կիրառումով այս խնդիրը լուծել: Ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, Ադրբեջանի նախագահը միանգամից հայտարարեց, որ պատարստ է դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ հրադադարի ռեժիմին: Ես իսկապես ուզում եմ հավատալ, որ Ադրբեջանում իրոք վախենում են ԼՂՀ անկախացման պրոցեսի սկսվելուց: Թեկուզ այդ անկախությունը ճանաչի միայն մեկ երկիր: Միևնույն է, նրանք հասկանում են, որ այդ գործընթացը մեկնարկելու դեպքում հետևանքները անդառնալի կլինեն և Հայաստանի օրինակին այլ երկրներ ևս կհետևեն»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Ալեքսանդր Մանասյան

Իհարկե, մի բան ակնհայտ է` մենք մեր հույսը պետք է դնենք բացառապես սեփական ուժերի, սեփական բանակի, սեփական ժողովրդի միասնականության ու մարտական բարձր ոգու վրա: Բայց միայն դա քիչ է: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, օրինակ, վստահ է` Հայաստանը պետք է տարբեր հարթակներում քննարկման թեմա դարձնի ԼՂՀ անկախության ճանաչման իրավական դրույթները միջազգային իրավունքի տեսանկյունից, միայն քաղաքական ջանքերը բավարար չեն: Բացի այդ, պետք է հաշվի առնել հատկապես մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական խաղերը, շահերը, դրանց բախումներն ու հաշվարկել բոլոր հնարավոր սցենարները:

«Պարզ է` մենք պետք է քաղաքագիտական լուրջ վերլուծության ենթարկենք Ռուսաստանի հնարավոր վարքն այն դեպքում, երբ Ադրբեջանը բարձրացնի հակամարտության նշաձողը` թե՛ Հայաստանի վրա սահմանային հարձակումներ գործելով, թե՛ նոր զինատեսակներ մարտադաշտ բերելով»,- նշեց Մանասյանը:

Մի խոսքով, ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակը ձեռնտու է միայն Ադրբեջանին և Թուրքիային: Բայց մի հարցում բոլորը միակարծիք են. միմիայն տարածքային կորուստները կստիպեն Ադրբեջանին հետայսու չդիմել նման արկածախնդրության ու ավելորդ չլարել իրավիճակը սահմանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: