Հայերեն   English   Русский  

Մեր բանակի ամենաարժեքավոր զենքը. սմե՞րչ, թե…


  
դիտումներ: 2926

Ադրբեջանի կողմից սանձազերծված 4-օրյա պատերազմը մի փորձաքար էր՝ ստուգելու նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու կենսունակությունը: Ի հեճուկս հոռետեսների և օրնիբուն հայրենակիցների նկատմամբ մաղձ ու ատելություն քարոզող «ամենագետների»՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց մեկ ակնթարթում բռունցք դառնալու իր ֆենոմենը:

Ազգային զարթոնքի հրավառություն. ահա այսպես կարելի է բնութագրել վերջին օրերին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տիրող հոգեբանական մթնոլորտն ու ոգևորությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված աննախադեպ հարձակումն ու լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը մի մարդու պես ոտքի հանեց ողջ հայությանը: Զորակոչ չհայտարարվեց, սակայն առաջին իսկ օրվանից սկսվեց կամավորական ջոկատների ինքնաբուխ կազմավորումը: Հակամարտության գոտի մեկնել և սահմանում կռվող զինվորներին աջակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ նույնիսկ հարկ եղավ շարժումը որոշակիորեն կասեցնել: Սակայն կարևորագույն խնդիրը լուծված էր՝ հայ ժողովուրդը, մի ամբողջություն դարձած, Արցախի ու զինվորի թիկունքին էր, իսկ դա շատ ավելի հզոր զենք է, քան ռուսներից միլիոնավոր դոլարներով գնած ու այդպես էլ նպատակին չծառայած հակառակորդի սմերչները:

զինվոր

Այո, դեռ Արցախյան ազատամարտի ժամանակ հայոց բանակի ոգեղեն դիմադրողականությունը դարձավ մեր հաղթանակի և անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման գրավականը: Այսօր մեկ անգամ ևս վերահաստատվեց այդ ոգու անպարտելիությունն ու այդ գործոնի գերկարևորությունը: Սա իսկապես ազգային յուրօրինակ թեստ էր:

Այս պահին էլ Արցախը լեփ-լեցուն է կամավորական խմբերով, մի քանի հազար երկրապահներ կան այնտեղ: Մի շարք հասարակական կազմակերպությունների և Արցախյան ազատամարտի վետերաններին միավորող կառույցների հարյուրավոր ներկայացուցիչներ ցուցակագրված սպասում են մարտական գործողությունների վայր մեկնելու հրահանգի: Կամավորականների խմբեր են ձևավորվել նաև Հայաստանի մարզերում, որոնք նույնպես սպասում են առաջնագիծ մեկնելու հրամանի: Հետաքրքիրն այն է, որ Արցախյան պատերազմի բովով անցած ավագ սերնդի կողքին հավասարապես կանգնած է երիտասարդ սերունդը, որն անգամ պատերազմ չի տեսել, մեծացել է լրիվ այլ Հայաստանում: Հենց սա է կոչվում ազգային գեն, ազգային կոդ, որը ոչինչ ու ոչ ոք ջնջել կամ փոխել չի կարող:

Արցախում են ոչ միայն ազատամարտիկներ, այլև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ՝ անկախ քաղաքական հայացքներից ու տարաձայնություններից: Այս հարցում բոլորը մեկ թիմից են: Անգամ քաղաքական տարբեր շահերի բախման կիզակետում՝ Ազգային ժողովում, որտեղ երբեմն բարիկադներ դնելու անհրաժեշտություն է առաջանում, այս օրերին խաղաղ էր, ինչպես երբեք: Ընդդիմադիր թե իշխանամետ՝ բոլորի շուրթերին նույն բառապաշարն ու նույն ոգին էր. Արցախ, Հայաստան, հզոր բանակ, անպարտելի հայ զինվորներ…

օգնություն սահմանին

Երևանի Մաշտոցի պուրակը, որտեղ տարիներ առաջ երիտասարդները պայքարում էին կրպակներ տեղադրելու դեմ, և որը դարձավ նոր սերնդի, նոր պայքարի և նոր չափանիշների խորհրդանիշ, այս օրերին կրկին մարդաշատ է: Սակայն այստեղ ոչ թե ցույցեր ու բողոքներ են, այլ միասնականության, համերաշխության և մեկմեկու թև ու թիկունք լինելու ոգևորություն: Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ. ահա այսպես է կոչվում հասարակական նախաձեռնությունը, որին մեկ օրվա ընթացքում միացել են հարյուրավոր ընկերություններ ու անհատներ:

Նախաձեռնող խմբի անդամ Շողեր Բաբայանի խոսքով՝ դեռ 30 ժամ էլ չկար, ինչ հայտարարությունը դրվել էր ֆեյսբուքում, բայց արդեն այնպիսի քանակությամբ մթերք էր հավաքվել, որ հազիվ էին տեղավորում բեռնատարներում: «Չոր սնունդ, ջրեղեն, տնտեսական, հիգիենիկ պարագաներ»,- թվարկում էր Շողերը:

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները, այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագծի միջև, ինչը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար:

«Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է, որ նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է նաև անհրաժեշտ իրերի ցանկը՝ քնապարկ, ծածկոցներ, տաք հագուստ, գլխարկ, սրբիչ, անջրանցիկ վերարկու, հիգիենայի պարագաներ, օճառ, ծխախոտ, լուցկի, կրակայրիչ, որոշակի դեղորայք, չոր թխվածքաբլիթ, սուրճ, թեյ, լապտեր, մարտկոց և այլն:

Բացի այս նախաձեռնությունից, նաև ինքնաբուխ դրամահավաքներ կազմակերպվեցին: Բազմաթիվ ընկերություններ իրենց աշխատակիցների աշխատավարձից շարունակում են գումարներ փոխանցել հատուկ բացված հաշվեհամարին: Անհատներ, գործարարներ, ամենահասարակ քաղաքացիներ. ոչ ոք ոչինչ չի ափսոսում հանուն Արցախի, հանուն հայ զինվորի անվտանգության և հանուն բոլորիս բարեկեցության: Իսկ հավաքված գումարը, ինչպես հայտնի դարձավ, տրամադրվելու է վիրավոր զինվորների ապաքինմանը: Այս օրերին կապի օպերատորները նվազեցրին ռոումինգի սակագինն Արցախում՝ այդ կերպ հայտնելով իրենց աջակցությունն ու մասնակցությունը համազգային այս մոբիլիզացիային, և նման մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք բոլորն էլ չափազանց կարևոր են նախևառաջ բարոյահոգեբանական տեսանկյունից:

Դավիթ Գրիգորյան

Այո, գոյության այս անհավասար մարտում մեր միակ արժեքավոր զենքն ու անխոցելի վահանը մեր ազգային միասնությունն է՝ մեր ոգին, որով անհամեմատելի հզոր ենք հակառակորդից, և որը սահմանին կանգնած 20-ամյա զինվորին մի ակնթարթում դարձնում է իսկական հերոս…

Անի Գասպարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: