Հայերեն   English   Русский  

​Պատերազմի դասերը


  
դիտումներ: 2378

Քառօրյա պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում: Այդ չորս օրերը կարծես ջրբաժան են դարձել` կյանքը մինչպատերազմական ու հետպատերազմական փուլերի բաժանելով: Պատերազմական չորս օրերը բավարար եղան, որպեսզի հայաստանյան հասարակությունը ձերբազատվի պատրանքներից ու տեսնի դառն իրականությունը, որպեսզի երկու տասնամյակից ավելի կուտակված հարցերը վեր ելնեն ու անհապաղ լուծում պահանջեն:

Ու այս օրերին շատերն են փորձում հասկանալ` ինչպես շարունակել կյանքը, քանի որ նոր մտածողությամբ և գիտակցությամբ հին կյանքով և հին Հայաստանում ապրել հնարավոր չէ. անհրաժեշտ են փոփոխություններ՝ կտրուկ փոփոխություններ:

Այս փուլում բոլորս անհատական ու պետական մակարդակում փորձում ենք վերլուծել տեղի ունեցածը, հասկանալ կյանքի դասերը և ըստ այդմ կառուցել մեր հետագա կյանքը: Բայց կան դասեր, որոնք հիմա էլ են ակնհայտ: Ու հենց այդ դասերն են, որ ձևավորեցին նոր մտածողությունը:

Դաս առաջին. մեր հույսը միայն մենք ենք, և մեր անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորն է: Սա, իհարկե, նորություն չէ: Մեր հազարամյակների պատմությունը բազմիցս է ապացուցել, որ օրհասական պահերին, մեզնից բացի, ուրիշ ոչ մեկի վրա հույս դնել չենք կարող, և կապ չունի, թե խաղաղ ժամանակ քանի դաշնակից ես ձեռք բերել, քանիսի հետ պատերազմական պայմաններում փոխօգնության համաձայնագիր ունես: Կյանքը ցույց է տալիս, որ մենք միշտ պարտաճանաչ կատարում ենք մեր դաշնակցային պարտավորությունները, իսկ երբ հերթը մեզ է հասնում, մնում ենք մենակ մեր խնդիրների հետ: Հայությունը վատ օրվա ընկեր չի ունեցել և չունի:

Մինչ պատերազմը որքա՜ն հոծ էր ռուսամետների ու արևմտամետների բանակը: Ռուսամետները կատաղի ապացուցում էին, որ Հայաստանն առանց Ռուսաստանի այս տարածաշրջանում գոյատևել չի կարող, որ մեր «մեծ եղբայրը» թույլ չի տա, որ մեզ նեղացնեն: Արի ու տես, որ մեր իշխանավորներն էլ զուրկ չեն եղել այդ պատրանքներից. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իսկ այս կառույցը կոչված է պաշտպանել անդամ երկրներին ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից և միջազգային ահաբեկիչներից: Բացի այս, Հայաստանն ունի փոխօգնության համաձայնագիր ՌԴ-ի հետ, ի լրումն՝ նաև ԵՏՄ անդամ է: Տարիներ շարունակ մեր իշխանավորները Ռուսաստանի օգտին արվող զիջումներն արդարացրել են հենց այս հանգամանքով` Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հարկ եղած դեպքում մեզ աջակցության ձեռք կմեկնի: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Մեր «ռազմավարական դաշնակիցը», մեր անվտանգության երաշխավոր կառույցը պատերազմի օրերին ոչ միայն աջակցություն չհայտնեցին Հայաստանին, այլև բավարարվեցին ստորին օղակների պաշտոնյաների մակարդակով մտահոգություն հայտնելով ու երկու կողմերի ռազմական գործողությունները դատապարտելով: Ստացվեց, որ պաշտպանվողը նույնքան մեղավոր է, որքան հարձակվողը: Ավելին, մեր «ռազմավարական դաշնակիցը» պատերազմից հետո հանդգնություն ունեցավ հայտարարելու, որ սրանից հետո էլ շարունակելու է զենքի վաճառքն Ադրբեջանին, իսկ նրանց փոխվարչապետը, բարկացած հայաստանցիների դժգոհություններից, հայտարարեց, թե «կրակում է մարդը, ոչ թե զենքը»` իբրև թե հիմնավորելով, որ Ադրբեջանին զենքի վաճառքը որևէ կապ չունի քառօրյա պատերազմի և հետագա հնարավոր ռազմական գործողությունների հետ:

Անդեմ, ոչինչ չասող, անորոշ մտահոգություն արտահայտող հայտարարություններով հանդես եկան նաև մեր արևմտյան «գործընկերները», իսկ Մինսկի խումբը, որն իբրև միջնորդ է հակամարտության լուծման համար, ծուլացավ ոչ աշխատանքային օրով հավաքվել և քննարկել տեղի ունեցողը: Ամբողջ չորս օր պահանջվեց Մինսկի խմբի համանախագահների հավաքվելու և կատարվածը քննարկելու համար: Իհարկե, արդյունքն էլ համապատասխան է` մեղքի հավասար բաշխում հանցագործի և տուժողի միջև:

Պատահական չէ, որ այս օրերին վերջապես համալրվել են հայամետների շարքերը, և երբեմնի ռուսամետներն ու արևմտամետները փաստում են, որ մենք ենք մեր գլխի տերը և մեր միակ հույսը: Իսկ առանց պատրանքների ապրելն իր դրական կողմերն ունի. կարողանում ես ուժերդ ճիշտ հաշվարկել ու ճիշտ օգտագործել:

Այստեղից բխում է երկրորդ դասը. անչափ կարևոր է անկախ պետություն ունենալը, անգամ եթե այդ պետությունը կոռումպացված, աղքատ և գործնականում արտաքին դիվանագիտություն չունեցող երկիր է, ինչպիսին մերն է:

Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայաստանցիներ, մեծ մասամբ խոպանչիները, որոնք ապրուստը Ռուսաստանում են վաստակում, մինչ այս համոզված հայտարարում էին, թե մեզ անկախություն պետք չէ, որ անկախությունը որևէ լավ բան չի բերել: Ավելին, շատերն էին հայտարարում, որ կուզենային՝ Հայաստանը Ռուսաստանի կազմում լիներ, ինչպես խորհրդային ժամանակներում: ԽՍՀՄ կարոտախտը, սակայն, հօդս ցնդեց քառօրյա պատերազմում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ չորս օրում, եթե մենք բանակ չունենայինք: Ու այնպես չէ, որ հրադադարը միջնորդների ջանքերով հաստատվեց կամ մեր օգտին էր. կանխվեց հայկական կողմի հակագրոհը, ոչ թե ադրբեջանական գրոհը: Հետևաբար, եթե չունենայինք բանակ, միջազգային հանրության անդեմ կոչերն ադրբեջանցիներին չէին կանգնեցնի:

Միջազգային ատյաններում խնդիրներդ բարձրաձայնելու և շահերդ պաշտպանելու համար պետք է ունենաս անկախ պետություն, արտաքին թշնամուց խաղաղ բնակչությանդ պաշտպանելու համար պիտի ունենաս բանակ, իսկ բանակ ունենալու համար էլի պիտի ունենաս անկախություն:

Բոլորը, ովքեր մտքով անցկացնում են, թե մեզ անկախություն պետք չէ, թող հիշեն, թե ինչ է կատարվում այն ժողովուրդների հետ, որոնք անկախություն չունեն. ի՞նչ արեց աշխարհը և քաղաքակիրթ միջազգային հանրությունը Իրաքում եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար: Ընդամենը ամիսներ շարունակ խոսքով դատապարտեց «Իսլամական պետության» ոճրագործությունը: Եզդիներն իրենք` կանայք ու տղամարդիկ, ինքնապաշտպանական խմբեր կազմեցին ահաբեկիչներից պաշտպանվելու, իրենց ազգակիցներին փրկելու համար:

Չմոռանանք քրդերի մասին. նրանց էլ իրենց «ռազմավարական դաշնակիցն» է հանձնել գայլի երախը. իր տարածքում Թուրքիան, Արևմուտքի լուռ համաձայնությամբ, քրդերին անարգել կոտորում է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, մինչդեռ նույն քրդերը Իրաքում և Սիրիայում կռվում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ինչևէ, կարևորը, որ հասկացել ենք մեր պետականության արժեքը և ուժեղ լինելու նշանակությունը: Ինչպես ժողովուրդն է ասում` լավ է ուշ, քան երբեք: Մնում է, որ նոր գիտակցությամբ նոր Հայաստան կառուցենք` առանց կաշառակերության, լավ սպառազինված բանակով և համարձակ ու ակտիվ արտաքին քաղաքականությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: