Հայերեն   English   Русский  

​Հակոբ Ինջիղուլյանն այս պահին տեղափոխվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն


  
դիտումներ: 4102

Ադրբեջանական գերությունից ազատագրված Ինջիղուլյանը բժշկական հետազոտություն կանցնի այդ հիվանդանոցում: Ձևավորվել է մասնագիտական խումբ, որը կիրականացնի բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները:

Իսկ Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը սեպտեմբերի 27-ից դարձյալ ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:

Արսենը նույն կենտրոնում երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցել նաև օգոստոսի 30-ից, սակայն մաշկային հիվանդության որոշակի սրացման հետևանքով նա կրկին տեղափոխվել է հիվանդանոց ևս բուժում է անցնում: Նշենք, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, Արսեն Խոջոյանը գտնվում է կայուն ռեմիսիայի (հետզարգացման) վիճակում և ըստ ամենայնի, հիվանդանոցային բուժում կանցնի ևս մեկ շաբաթ:

Ադրբեջանական գերությունից վերադարձված Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սարգիս Անանյանը ևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Սարգիս Անանյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն բացահայտվել, բայց գերության օրերին սրվել են նրա հոգեկան առողջության խնդիրները: Առաջիկայում նա կուղեգրվի նյարդահոգեբուժական դիսպանսեր՝ հետազոտության, ըստ անհրաժեշտության նաև ստացիոնար բուժման: Նախկին գերին այժմ գտնվում է քրոջ տանը՝ Կողբում: Ըստ անհրաժեշտության, նրան են այցելում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մասնագետները բուժզննության և բուժօգնության նպատակով: Ամեն օր նրան է այցելում ընտանեկան բժիշկը։ Ինչ վերաբերում է Սարգիս Անանյանի ոտքի սպիին, ապա, ըստ մասնագետի, այն նոր չէ, լուրջ վերք չէ, եղել է մինչև ադրբեջանական կողմից գերեվարվելը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: