Արցախի հազարամյա պատմությունը քարե մատյաններում
Իսկ ցուցադրությունը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որն էլ կշարունակվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների միջազգային օրը: Այդ օրն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար թանգարանի տնօրինությունը միշտ մի նոր բան է մտածում, թեև թատերականացված ներկայացումներն ու այլ միջոցառումներն էլ իրենց հերթին են լցնում օրը:
Իսկ թե ինչու այդ երկու հիշարժան առիթները մեկտեղվեցին հատկապես արցախյան անակնկալով, թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի պատասխանն ավելի քան խոսուն է. «Վերջին տարիներին Արցախի 7 հնավայրերում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված այս 100 նոր գտածոները ոչ միայն առաջին անգամ են Երևանում ցուցադրվում, այլև նորույթ են Արցախի մշակութային կյանքում, որովհետև մայիսի 19-ից հետո ողջ ցուցադրությունը կնվիրվի Արցախին: Եվ սա Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային համագործակցության լավագույն օրինակներից է, որի բացմանը ներկա էին նաև Ղարաբաղի մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Դրանից լավ նվեր լինել չէր կարող»:
Չորս հնագիտական արշավախմբեր են իրականացրել պեղումները, մեկը` Լեռնային Ղարաբաղից, երեքը` Հայաստանից: Հիրավի, դրանից լավ նվեր չէր կարող լինել ոչ միայն թանգարանային օրվանն ընդառաջ, այլև ի նշանավորումն մայիսյան փառահեղ հաղթանակների: Ցուցադրությունը շարժական բնույթ ունի, և պրն Գագիկ Գյուրջյանը հավատացած է, որ այն, Արցախի սեփականությունը դառնալով, կտեղափոխվի և կցուցադրվի նաև այլ բնակավայրերում: Իսկ ցուցադրությունը Երևանում կմնա մինչև թանգարանային գիշերը: Այնպես որ, Էրեբունի թանգարանի գիշերային այցելուներին մի նոր անակնկալ է սպասում, իսկ ողջ հնավայրի գիշերային լուսավորությունն արդեն նորություն չէ:
Այնուհանդերձ, թանգարանի գիտահետազոտական բաժնի վարիչ Աննա Ազիզյանի օգնությամբ փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել արցախյան այդ 7 հնավայրերը ներկայացնող ցուցասրահում: Նորովի բացահայտենք այդ զարմանահրաշ երկիրը:
Առաջին ցուցափեղկը հազարամյա կենսագրություն ունեցող Ծիծեռնավանքինն է (Քաշաթաղի շրջան): Միջնադարյան IV-V դդ. թվագրվող բազիլիկ եկեղեցու և հարակից տարածքից պեղումների նյութերն էլ այդ ամենի լուռ վկաներն են: Եկեղեցական սպասքին վերագրվող նյութեր, նյութական օգտագործման ձիթաճրագներ, կարասներ, այսինքն` եկեղեցական սպասքի նյութեր, ինչպես նաև Ծիծեռնավանքի ճարտարապետական վերլուծությամբ արված լուսանկարներ:
2005 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55մ.թ.ա.) Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: 2006-2012 թթ. հնագիտական պեղումներ կատարվեցին այդ տարածքում: Իսկ արդյունքն ավելի քան շլացուցիչ էր:
Տիգրանակերտը ներկայացված է ինչպես միջնադարյան, այնպես էլ անտիկ ժամանակաշրջանը ներկայացնող գտածոներով` ջնարակապատ անոթների բեկորներ, ամբողջական աղաման, մոմակալ, գինու կարասներ, երկաթե նետասլաքներ XII-XIII դդ., կան նաև այլ գտածոներ: Առանձնակի ուշադրություն են գրավում նաև անտիկ և վաղ միջնադարի շրջանի սափորների բեկորները, խոյակների զարդաքանդակները:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ ցուցադրության գերակշիռ մաս են կազմում Տիգրանակերտից պեղված նյութերը: «Տիգրանակերտը շատ հայտնի հուշարձան է, հայտնի է նաև իր նշանակությամբ և լայնածավալ պեղումներով»,- մեկնաբանեց երիտասարդ հնագետը:
Ցուցապաստառի գրությունից իմանում ենք, որ միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է նրա հյուսիսային պարսպապատի 180 մետրանոց հատվածը: Եվ այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում:
Հաջորդը Շուշիի տարածքում պեղված երկու հուշարձաններն են: Առաջինը Քրիստոսից առաջ VI-VII դարերի դամբարան է, իսկ մյուսը` ժայռալանջին հայտնաբերված Կարկառի ամրոցը` XII-XIV դդ.:
Հանդաբերդն էլ միջնադարյան հուշարձան է, որն առավել հայտնի է իր զարդաքանդակներով, պատկերավոր սյուժեներով զարդարված խաչքարերով, ինչպես նաև Հանդաբերդի «Տիրամայր» խաչքարի բեկորով` թվագրված XII-XIV դդ.:
Բացառիկ ուշադրության են արժանի նաև Կերենի տարբեր դամբարաններից հանված անոթները, մետաղյա իրերը, ապարանջանները, օղերը և շատ այլ գտածոներ:
Թեև Հոռեկա վանքը այցելուին ներկայացված է միայն եկեղեցու ճարտարապետական վերլուծությամբ: Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ, անտառապատ լեռան հյուսիսային լանջին, և 1279 թ. մինչև 1809 թ. գյուղը Հոռեկա է կոչվել, Թալիշ է դարձել 1822 թ.: Արցախ աշխարհի այս հնագույն սրբավայրը` վանքը, կառուցվել է V դարում Եղիշե առաքյալի գերեզմանի վրա: Բաղկացած է եկեղեցուց (1279թ.), գավթից (1284թ.), զանգակատնից (XVII դար) և օժանդակ այլ շինություններից: Վանքի բակը հարուստ է խաչքարերով, որոնք թվագրվում են VIII և հետագա դարերով:
Ուշագրավ է, որ այստեղ է թաղված Երմոլովի գլխավորած ռուսական բանակի շտաբի պետ, հետագայում Պարսկաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի քարտուղար ու թարգմանիչ, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից, թալիշցի գեներալ Շամիր խանը:
Օրեր անց դարերի ոտնահետքերով այս ցուցանմուշները տուն` Արցախ կվերադառնան` հարստացնելու այդ հնամենի երկրամասի հայկականության փառահեղ պատմությունը: