Հայերեն   English   Русский  

Ո՞վ կլինի Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը


  
դիտումներ: 1782

Օրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ:

Թեև նախատեսված էր, որ բռնցքամարտիկները պետք մրցեն 10 ռաունդ, սակայն 4-րդ ռաունդում Դարչինյանի մրցակիցը հատնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց նոկաուտով:

Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնեց, որ նպատակն այն էր, որ Դարչինյանը հաղթի և դառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, չեմպիոնական գոտու համար մրցամարտ անցկացնի: Ներկայումս Դարչինյանը հանդես է գալիս նոր քաշային կարգում և կշռում է 56 կգ: Հայ բռնցքամարտիկն արդեն 38 տարեկան է և ցանկանում է ռեկորդ սահմանել: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի տարած հաղթանակների քանակից, կարևոր նշանակություն ունի, թե քանի քաշային կարգում է տվյալ բռնցքամարտիկը չեմպիոն դարձել: Դարչինյանը երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել և ցանկանում է ևս մեկ քաշային կարգում այդպիսի հաջողության հասնել: Նա երբեք չի խոսում ռինգին հրաժեշտ տալու մասին, միայն մենք ենք երբեմն ակնարկում: Բայց պետք է տարիքի հետ հաշվի նստել և ժամանակին փառքով հեռանալ»,- ասաց Բադալյանը:

Հետաքրքիր էր, թե ինչու այս անգամ մարզիչն իր սանի կողքին չէր, երբ նա մրցամարտ էր անցկացնում: Բադալյանը պարզաբանեց, որ սկզբում նախատեսվում էր մրցամարտը կազմակերպել Մեքսիկայում: Բայց դա անվտանգ չէր: «Խորհուրդ տվեցի Դարչինյանին, որ նա մրցավայրը փոխելու պահանջ ներկայացնի: Եվ չեզոք վայր ընտրվեց` Տեխասը: Թեև այն ԱՄՆ-ի տարածք է, Մեքսիկայի սահմանին մոտ է, մեքսիկացի հանդիսականները մրցավայրում շատ էին: Չգնացի, քանի որ տեխնիկական հարցեր առաջացան: Մի ամիս առաջ անհրաժեշտ էր տեղյակ պահել, որ պատրաստվում եմ Տեխաս ուղևորվել, թույլտվություն ստանալ: Բացի այդ, նախատեսվում էր իմ գեղանկարչական գործերի ցուցահանդեսի բացումը: 76 աշխատանք մայիսի 17-27-ը ներկայացված է Գեղագիտական ազգային կենտրոնի երևանյան ցուցասրահում: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, թեև նախկինում քանիցս տարբեր ցուցահանդեսներում իմ գործերը ներկայացվել են»,- ասաց Բադալյանը:

Ի դեպ, Տեխասում են եղել նաև Դարչինյանի կինը` Օլգան և որդին` Ռուբենը: Այդ է պատճառը, որ նա ընտանիքով վերադարձել է Ավստրալիա: Բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստան կժամանի, որպեսզի մտերիմների շրջապատում նշի հաջողությունը:

Դեռևս պարզ չէ, թե ով կլինի Դարչինյանի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա չեմպիոնական գոտու համար մրցամարտ կանցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին: Բանակցությունները երկար կտևեն: Եթե մեր մարզիկը ևս մեկ գոտի ձեռք բերի, կլինի 9-րդը: Դա մեծ ձեռքբերում կհամարվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: