ԵՄ-ը պատրաստ է չեղարկել Հունաստանի պարտքերի մի մասը
Ըստ Euronews-ի` Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել վերականգնել իր մասնակցությունը Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու գործում:
Արժույթի միջազգային հիմնադրամը ԵՄ անդամ երկրներին բազմիցս հորդորել է նվազեցնել Հունաստանի արտաքին պարտքի որոշ մասը, որպեսզի այդ երկրի պետբյուջեն հնարավորինս կայունանա: Գերմանիան և մի շարք այլ երկրներ մինչ այժմ հրաժարվում էին ընդունել այդ առաջարկը, ինչն ամիսներ տևած վեճի պատճառ էր դարձել ԵՄ-ի և ԱՄՀ-ի միջև:
Երկարատև բանակցություններից հետո ԵՄ-ի նախարարները չորեքշաբթի առավոտյան հայտարարել են, որ Հունաստանի վարկերը որոշ ժամանակով կվերանայվեն, որպեսզի երկրի ծախսերը հնարավորինս նվազեցվեն:
Հիշեցնենք, որ բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու նպատակով Հունաստանում օրեր առաջ ընդունվել է հարկերի բարձրացման և կենսաթոշակների նվազեցման մասին օրենք, որը մեծ դժգոհություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում: