Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը լինելու է առաջին միջազգային քննությունը Թուրքիայի նոր վարչապետի համար. Ռուբեն Մելքոնյան


  
դիտումներ: 1083

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լավատես չէ և գտնում է, որ այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ Գերմանիայի պառլամենտը կընդունի Հայոց ցեղասպանությունը:

Այդ տեսակետը նա հայտնեց այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Բունդեսթագում հունիսի 2-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Ըստ թուրքագետի` բանաձևում Հայոց ցեղասպանության մասին ձևակերպումը երկու հետաքրքիր տարր է ներառում: Առաջինն այն է, որ շեշտվում է `101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն: Սա հետաքրքիր գաղափար է առ այն, որ 100-րդ տարելիցից հետո էլ ճանաչման գործընթացը շարունակվում է, և 101-րդ թիվն իր մեջ որոշակի խորհրդանիշ է ներառում:

«Մյուս կողմից, կարելի է նկատել, որ ընդհանրական ձևակերպում է արվել. նշված է` տեղի ունեցել հայերի և այլ քրիստոնյա ազգերի ցեղասպանություն: Հայաստանն անցյալ տարի հանդես էր եկել, որպես ցեղասպանությունները դատապարտող երկիր: Այս բանաձևն այդ տեսակետն է ապուցուցում, որ մի քանի ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում խոսում է այդ երկրի գաղափարախոսության, այլամերժության մասին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը` նշելով, որ միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանության բացառիկությունը ստվերվում է:

Ինչ վերաբերում է թուրքական արձագանքներին, ապա, թուրքագետի դիտարկմամբ, դրանք ստանդարտ են, սակայն նկատելի է վերադարձ հին մեթոդներին. «Սա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է Դավութօղլուի հեռացումից հետո: Նոր վարչապետի համար սա լինելու է առաջին միջազգային քննությունը»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով` ներկայումս թուրքական քաղաքական ուժերը կրկնում են 80-90-ականների հռետորաբանությունը, որը աչքի էր ընկնում կոշտությամբ և դիվանագիտական ձևակերպումների պակասությամբ. «Յըլդրըմի քայլերն այդ տարիներն են հիշեցնում: Ընդհանրապես նոր վարչապետը դիվանագիտական առումով հնաոճ է` և՛ քրդական հարցի նկատմամբ, և՛ Հայոց ցեղասպանության նկատմամբ»:

Ռուբեն Մելքոնյանը քիչ հավանական է համարում բանաձևի հաջողությունը պառլամենտում. «Հարցը Բունդեսթագում անցնելու հավանականությունը քիչ է: Իհարկե, կուզեմ սխալված լինել, բայց այն, որ ռեալ քաղաքական շահերը հաճախ բախվում են բարոյական խնդիրների հետ, և գերակայող են լինում ռեալ քաղաքական շահերը, դա, ըստ էության, աքսիոմատիկ ճշմարտություն է: Այդ պարագայում ևս Գերմանիայի կանցլերի և ուժ ունեցող քաղաքական դերակատարների հայտարարությունները խոսում են այդ մասին»,-ասաց նա:

Պարոն Մելքոնյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերի գործոնը: Բացի այդ, թուրք-գերմանական հարաբերությունները շատ խորքային բնույթ ունեն, և այս հարցը կարող է էականորեն վնասել այդ հարաբերությունները:

Թուրագետը գտնում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային շահարկման խնդիր, այս անգամ արդեն՝ Գերմանիայի կողմից: Փախստականների խնդիրը դեռևս առկա է, և ամբողջ եվրոպայի համար Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային զսպող ուժի դեր է խաղում

Անդրադառնալով հատուցման խնդրին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր հետ բերելու է խնդիրներ, ոչ միայն ճանաչում, այլ նաև դատապարտում և հատուցում:

«Եթե բանաձևը չանցնի էլ, այն իր հետ բերելու է դրական ալիք՝ միջազգային մամուլում Ցեղասպանության հարցի քննարկման վերաբերյալ»,-եզրափակեց թուրքագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: