Հայերեն   English   Русский  

​Թալիշցու տունն անչափ մոտ է, բայց նա տանիք է փնտրում...


  
դիտումներ: 1544

Այսօր պատմական Թալիշի անկման 24-րդ տարին է: Լավ է, որ վերադարձը շուտ եղավ: Բայց մաքառումներին դիմացած ու հարաբերական խաղաղությունը վայելած թալիշցին, ասենք՝ ողջ հայությունն այսօր՝ 22 տարի անց, անչափ թանկ գին վճարեց: Հասանք մի հանգրվանի, որի թունելի վերջում դեռ լույսի շող չի երևում, որովհետև թալիշցին կրկին տնավեր է եղել ու նոր տանիք է փնտրում:

Ապրիլյան պատերազմն արցախյան գոյամարտի տարեգրությունն առաջին և երկրորդ փուլերի բաժանեց, և եթե առաջին պատերազմն ավարտվեց Թալիշի ազատագրմամբ, որին հակառակորդի խնդրանքով հետևեց հրադադարի պայմանագրի կնքումը, ապա ցավալի զուգադիպությամբ ապրիլյան պատերազմն էլ նույն Թալիշով սկսվեց և Արցախյան գոյամարտի տարեգրություն մտավ որպես ապրիլյան քառօրյա պատերազմ: Եվ այդ պատերազմի հիմնական իրադարձություններն ու մեծ զոհերն էլ կրկին Թալիշում եղան: Գուցե տարօրինակ է, բայց փաստ, որ Մարտակերտի 1992 թվականի գաղթն էլ կրկին Թալիշով սկսվեց, բայց թալիշցիք մեկ տարի 10 ամիս անց վերադարձան իրենց հիմնահատակ ավեր շեներն ու նոր տուն-տեղ դրեցին:

«Անկախը» պատմական Թալիշի գլխով անցած գրեթե բոլոր իրադարձություններին անդրադարձել է: Այնուհանդերձ արձանագրենք, որ երբ թալիշցին 24 տարի առաջ հունիսի 16-ին որերորդ անգամ իր ձեռքն առավ պանդխտության ցուպը, ժամանակավոր եղավ: Երբ Խոջալուի, Շուշիի, Լաչինի, ինչպես նաև մի քանի մեծ ու փոքր հաղթանակներից հետո փոքր-ինչ ոգևորվեցինք, հանգստացանք թե թուլացանք, թշնամին օգտվեց և 1992 թ. հունիս-հուլիսից կտրուկ իրավիճակ փոխեց: Երբ հունիսի 13-ին հայաթափվեց Շահումյանը, երեք օր անց նույն ուղտը Մարտակերտի դռանը չոքեց, և մեկիկ-մեկիկ հայաթափվեցին նաև Թարթառի ձորակի գյուղերը: Այդ հայաթափումը հունիսի 16-ին ծայր հյուսիսում գտնվող Թալիշով ու Այգեստանով սկսվեց և շրջկենտրոնին ու հարակից գյուղերին հասավ:

Երևի այն պատճառով, որ Թալիշը ոչ միայն Շահումյանի շրջանին ամենամոտ գյուղն էր, այլև մինչև 1921 թ. եղել էր նրա կազմում: Սակայն, երբ Շահումյանի շրջանը ԼՂԻՄ-ի կազմից դուրս մնաց, բարեբախտաբար, Թալիշը մարզի մեջ մնաց: Եվ յոթ տասնամյակ շարունակ Շահումյանը մեկուսացված մնաց ինչպես իր հարևան Թալիշից, այնպես էլ Մարտակերտից, որ անպատմելի է:

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է երկու ամիս 12 օր, բայց Թալիշն էլի ավերակ ու անմարդաբնակ է: Ինչո՞ւ, երբ առաջին օրերին գիշեր-ցերեկ գյուղը վերականգնելու և կրկին բնակեցնելու հազար ու մի խոստում էր տրվում:

Ժամանակը մի քիչ նստվածք է տվել, և թվում է՝ ամպերից իջնելու և առանց տողատակի իրականությունից խոսելու, անկեղծանալու ժամանակը եկել է, որովհետև հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Բայց երբ գիտակցում ես, որ դրանով կարող ես ջուր լցնել թշնամուդ ջրաղացին, գրչիդ թանաքն իսկույն չորանում է: Եվ երկու քարի արանքում ես հայտնվում, մեդալի մյուս կողմն ես նաև հիշում, որ եթե վերջին հաշվով գյուղը չբնակեցվի, Թալիշի փրկության համար ընկածների արյունը ջուր կդառնա, հակառակորդն էլ հաղթած դուրս կգա:

Իսկ գյուղի վերականգնում-բնակեցումը մշուշոտ է, որովհետև այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Փոխարենը մտածում են բնակիչներին առավել հարմարավետ կացարաններում տեղավորելու մասին: Մի՞թե իրավիճակ է փոխվել, որին շատերս տեղյակ չենք:

Թալիշ

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հասկացա, որ նա էլ անչափ մտահոգ է: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմից հետո գյուղում մնալն իրոք վտանգավոր է, որովհետև գյուղի սահմանը տեղ կա 2, տեղ էլ կա 3 կմ մոտեցել է հակառակորդի դիրքերին, ինչն էլ անչափ վտանգում է ոչ միայն վերաբնակեցման,այլև ավերակ շինությունները վերականգնելու գործընթացը:

«Ի՞նչ իմաստ ունի վերականգնել, երբ նորից կարող են ավերել, քանի որ գյուղի ռմբահարումը եղել է թիրախավորված»,- համոզված է գյուղապետը: Խփել են մանկապարտեզը, գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, դպրոցը, որի վրա 8 արկ են գցել, իսկ գյուղի բնակֆոնդի կեսը (թիվ չասեմ) ավերվել է: Զարմանալի է, որ առավել տուժել են այն տները, որոնց տեղանքն առավել ապահով էր:

«Խնդիրն այն չէ, որ գյուղն ավերակ է, այդ պատճառով գյուղ չեն վերադառնում: Չավերված տներ կան, որոնց տերերը կարող են վերադառնալ ու բնակվել, բայց մարդիկ վախենում են,- ասաց գյուղապետը:- երաշխիք չկա, որ թշնամին նորից գյուղը չի ավերի»:

Գյուղապետի մտահոգությունն անհիմն չէ, որովհետև հակառակորդն ասես մեր ատամները համրել է: Ավելին, գիտի, որ ինչ էլ անի, միևնույն է, մենք միշտ էլ պաշտպանվողի դերում ենք: Վիճակն այլ կլիներ, եթե խոսքից գործի անցնեինք և հենց այդ օրերին Թալիշի հարևանությամբ գտնվող նրանց ռազմավարական օբյեկտը, թեկուզ չվնասող, ինչպես իրենց ուղարկած «սմերչն» էր, խոցելու փորձ անեինք: Նոր միայն Ալիևի, ինչպես ժողովորդն է ասում, լեղին ջուր կդառնար ու կրկին մեզ հետ հաշվի նստելու ուղիներ կփնտրեր:

Իսկ այսօր դատարկ գյուղի սահմանն ու անդորրը կրկին հիմնականում հսկում են մեր անվախ ու խիզախ զինվորները: Թեև հաճախ գյուղ են գնում-գալիս նաև գյուղացիք, որոնք գիշերում են մի հարկի տակ, միասին: Իսկ չավերված բնակարանների տերերն իրենց գույքը վաղուց գյուղից հանել են:

Գյուղ գնալ- գալու հանգամանքով միայն ուրախանալն այսօր քիչ է: Թերևս արժե հիշել հենց Մարաղային պատուհասած 1992 թ. ապրիլի 10-ի ողբերգական օրինակը:

Երբ հաջորդ օրն իսկ գյուղն ազատագրվեց և մարդիկ վերադաձան ու իրենց մեռելներին հողին հանձնեցին, կյանքն ասես նորից շարունակվեց, բայց դա մինչև մայիսի 11-ը տևեց, երբ թշնամին նորից հարձակվեց գյուղի վրա: Վախենալով՝ գիշերը բնակիչներին գյուղում չէին թողնում: Նրանք առավոտյան գալիս աշխատում էին, հողը մշակում, գիշերները մեքենաներով, տրակտորներով Մաղավուզ տեղափոխվում: Այդպես մինչև չարաբաստիկ հունիսի 16-ը:

Մաղավուզում է նաև այսօր ապրում, հուսամ՝ ժամանակավոր, Թալիշի գյուղապետը, որ գոնե մի լուսավոր, ուրախալի լուր ասաց: Կիսով չափ բնակեցված Մադաղիսում հունիսի 10-ից կրկին իր դռները բացեց գյուղի մանկապարտեզը: Իսկ թե հերթը երբ Թալիշին կհասնի, գյուղապետը ժամկետ նշելու փոխարեն ակնարկեց, որ դա կա՛մ հետագա բանակցությունները ցույց կտան, կա՛մ էլ…

Հավանաբար ռազմական գործողությունները նկատի ունի: Առաջին տարբերակը քիչ հավանական եմ համարում, իսկ երկրորդի դեպքում երկաթը տաք-տաք ծեծելու տարբերակի կողմնակից եմ…

Հիմա Հայաստանի, Արցախի հանրակացարաններում կամ վարձով ապրող թալիշցիների պայմանները բարելավելու քայլեր են անում: Անչափ ծանր ու դաժան է, երբ տունդ այդքան մոտ է, բայց այլ տեղ ապրելու ուղիներ ես փնտրում: Հավատացած եմ, որ թալիշցու համար կարևոր չէ, թե ինչ է մնացել իր գյուղից, տնից, կարևորը հավատն է, որ մի օր անպայման կվերադառնա գյուղ, կհնչի դպրոցի զանգը, կբացվի մանկապարտեզի դուռը: Պիտի վերադառնան, որպեսզի շենացնեն ու ապրեցնեն տասնյակ քաջ ու արի տղաների արյամբ ցողված ու սրբացված հողը: Տղաները հասկացան, որ սեփական հողի վրա ապրելու իրավունքը կռվով պիտի պաշտպանես, եթե հարևանդ արյունարբու է…

Նրանք իրենց պարտքը պատվով տվեցին, հիմա հերթը մերն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: