Հայերեն   English   Русский  

​Հարություն Նազարյան. «Բռնցքամարտիկները շարունակում են մարզաձևի լավագույն ավանդույթները»


  
դիտումներ: 2071

Բռնցքամարտը հենակետային մարզաձևերից է Հայաստանում և հարուստ ավանդույթներ ունի: Կաշվե ձեռնոցի մեր վարպետները միջազգային ասպարեզներում մշտապես գրանցել և գրանցում են նորանոր հաջողություններ: Վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս նաև աղջիկները և մոտ ապագայում բարձր արդյունքների հասնելու իրական հնարավորություններ ունեն: «Անկախի» հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանը գնահատում է աղջիկների ելույթները, խոսում առաջիկա մրցաշարերի և բռնցքամարտի զարգացման հեռանկարների մասին:

- Մինչ աշխարհի առաջնության մեկնելը, աղջիկների հավաքականն ուսումնամարզական հավաքների մասնակցեց Ծաղկաձորում և Աբովյանում: Աղջիկները մարզվում էին բավական խիտ գրաֆիկով, և թեև շատ լավ աշխատեցին, ժամանակը կարճ էր, հնարավոր չէր բարձր արդյունքների հասնել:

Աստանայի աշխարհի առաջնությանը մասնակցեցին Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ):

Անուշը, տեղափոխվելով մեծահասակների խումբ, հասկացավ, որ լուրջ մրցակիցներ ունի: Նշեմ, որ նա ամեն կերպ փորձում էր անել այն, ինչ անհնար է: Աշխարհի առաջնությունից առաջ Սամսունի մրցաշարում երկու մենամարտ հաղթեց: Աշխարհի առաջնությունում բավական հաջող հանդես եկավ: Այնտեղ պայքարն օլիմպիական ուղեգրի համար էր: Ցավոք, մրցավարները բոլոր դեպքերում չէ, որ անաչառ էին:

Բայց Անուշն, ինչպես բարձրակարգ մարզուհի, ընկճված չէ: Նա նորից դահլիճում է, շարունակում է մարզվել և՛ հավաքականում, և՛ անձնական մարզչի հետ:

Աշխեն Հովհաննիսյանը դեռևս պետք է փորձ ձեռք բերի՝ նմանատիպ մրցաշարերում ավելի հաջող հանդես գալու համար: Որպես մարզիչ՝ գոհ եմ նրա մասնակցությունից: Աշխենն ապացուցեց, որ ավելի լավ հանդես գալու հնարավորություն ունի և կարող է մինչև վերջ աշխատել:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի են պատրաստվում մասնակցել մեր մարզուհիները, և ինչպիսի՞ն են սպասելիքները:

- Առջևում պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Ստամբուլում: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էլ կկայանա հոկտեմբերին, Բուլղարիայում:

Շուրջ երեք ամիս աղջիկները կմարզվեն: Սա լավ հնարավորություն է տեսնելու, թե ինչպես կդրսևորեն իրենց: Ըստ այդմ էլ կորոշվի, թե ով կհամալրի հավաքականի կազմը: Կընդգրկվեն միայն հեռանկար ունեցող մարզուհիները: Չպետք է մրցաշարերին զուտ որպես մասնակից ներկայանալ, կարևոր է նաև հաղթանակներ տոնել: Կարևոր է, որ մարզուհիները լավ մարզավիճակում լինեն և հոգեբանորեն պատրաստ լինեն:

Ես լավատեսորեն եմ տրամադրված: Աղջիկները ջանասիրաբար և նվիրված աշխատում են՝ հավատալով իրենց ուժերին: Համոզված եմ, որ առաջիկայում շատ հաղթանակներ կլինեն:

- Ի՞նչն է ստիպում աղջիկներին զբաղվել այս դժվարին, բարդ, միաժամանակ ոչ այնքան կանացի մարզաձևով:

- Շատ աղջիկներ կան, որ այժմ մարզվում են: Նրանց մեջ ցանկություն կա և եռանդ ոչ միայն մարզվելու, այլև հաջողության հասնելու, հաղթելու:

Հայ կանայք ու աղջիկները նուրբ են և քնքուշ, բայց միաժամանակ ուժեղ ու պայքարող: Գիտենք, որ պատմության ընթացքում եղել են կանայք, որոնք տղամարդկանց հավասար կռվել են թշնամու դեմ: Դա գենետիկորեն է գալիս: Բացի այդ, նշեմ Սյուզի Կենտիկյանի համբավն ու ձեռքբերումները: Դա, ինչ խոսք, ավելի է ոգևորում աղջիկներին: Արտագնա մրցաշարերում օտարազգիները միշտ նկատում և արտահայտվում են, որ մեր մարզուհիները կանացի են ու գեղեցիկ: Առօրյա կյանքում նրանք չեն կորցնում իրենց կանացիությունը, նրբությունն ու քնքշությունը: Բռնցքամարտը ոչ թե կոպիտ մարզաձև է, այլ ինքնապաշտպանություն:

Թե՛ տղաները, թե՛ աղջիկները մեր լեռնային պայմաններում շատ արագ են կոփվում, կարծրանում: Բացի ֆիզիկական պատրաստությունից, մեր մարզիկների միտքն էլ է շատ արագ ու ճկուն աշխատում: Եթե շախմատում հնարավորություն ունես մտածելու, հետո նոր քայլ կատարելու, ապա մեր մարզաձևում պետք է անմիջապես մտածված գործել:

- Բազմափորձ մարզիչ եք, աղջիկների հետ աշխատանքը դժվարություններ ունի՞:

- Կարճ ժամանակ է, որ աշխատում եմ աղջիկների հավաքականի հետ որպես ավագ մարզիչ: Հասցրել եմ նկատել, որ նրանց մոտ ձգտումը, ոգևորությունը, հաղթելու ցանկությունն ավելի մեծ է: Անգամ պարտությունից հետո կրկնակի եռանդով են գալիս պարապմունքների:

Ես նոր-նոր եմ սովորում աշխատել աղջիկների հետ: Ցանկացած աշխատանք ունի իր նրբություններն ու դժվարությունները, որոնք ընթացքում են նկատվում և հաղթահարվում: Աղջիկների հետ շատ զգույշ է հարկավոր աշխատել, հմտություն է անհրաժեշտ: Տղաների հետ այդ առումով ավելի հեշտ է: Կարելի է խիստ լինել, ձայնի տոնը փոքր-ինչ բարձրացնել, և նրանք հասկանում են: Աղջիկների հետ այդ կերպ հնարավոր չէ: Նրանք շատ զգայուն են: Հոգեբանորեն կարող են ընկճվել: Գիտեի, որ հեշտ չի լինելու, բայց դժվարությունները սպասվածից ավելի են: Բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ հաղթահարել դրանք: Աղջիկները կամակոր են: Շատ շուտ կարծում են, թե արդեն կայացել են, ինչը խանգարում է հաճախ:

- Մրցավարների որոշումները կարո՞ղ են անդրադառնալ մենամարտի ելքի վրա:

- Նախկինում հնարավոր էր բողոքարկել մրցավարի որոշումը, հիմա նման բան չկա: Չեմ կարող վստահ ասել, թե մենք մաքուր հաղթանակներ ենք տոնում, և մեզ հաղթանակը չեն տալիս: Մրցավարների գնահատականը շատ կարևոր է: Նրանք կարող են որոշել մենամարտի ելքը՝ երբեմն հաղթանակը տալով ավելի թույլ մարզիկի:

Մարզիկի հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է: Նա պետք է ուժեղ կամք և բնավորություն ունենա, որպեսզի մրցավարի որոշումները չանդրադառնան իր գործողությունների վրա: Եթե թույլ են, ապա բռնցքամարտում ասելիք չունեն: Հիասթափությունը պետք է հաղթահարել: Եվ պետք է ուժեղ ու վստահ լինելու համար շատ մարզվել: Մեր դպրոցի հիմնադիրը՝ Վլադիմիր Ենգիբարյանը, դարձավ օլիմպիական չեմպիոն: Նշանակում է ուժեղ էր և անպարտելի: Իսկ ահա Իսրայել Հակոբկոխյանը բարձրակարգ մարզիկ էր, կարող էր դառնալ օլիմպիական չեմպիոն, հաղթանակը չտվեցին, բայց նա կայացավ որպես մեծագույն բռնցքամարտիկ: Հարկավոր է լավ մարզվել, քանի որ միշտ աշխատելու տեղ կա: Մեկ անգամ հաղթելով՝ մարզիկը չպետք է կարծի, թե անպարտելի է:

- Թուրքիայում՝ թշնամու հողում, մեր մարզիկները փայլուն հանդես եկան՝ նվաճելով միանգամից 4 օլիմպիական ուղեգիր: Ռիո 2016-ին նրանց հնարավորություններն ինչպե՞ս կգնահատեք:

- Չորս մարզիկն էլ փորձառու են և պատասխանատու: Սամսունում ներկա եմ եղել բոլոր մենամարտերին: Վարպետության շնորհիվ փայլուն հաղթանակներ տոնեցին: Դրանք պարզապես հաղթանակներ չէին, այլ գլուխգործոցներ: Վլադիմիր Մարգարյանը, թեև հարված բաց թողեց, չկորցրեց իրեն: Մրցավարների համար զարմանալի էր, որ նա ոչ միայն շարունակեց պայքարը, այլև հաղթեց: Թշնամու հողում նրանց ցանկությունը մեծ էր ծածանելու հայոց եռագույնը: Մրցավարների սխալի պատճառով միայն Հովհաննես Բաչկովը չնվաճեց օլիմպիական ուղեգիր: Նա դեռ իր խոսքն ասելու է այս ասպարեզում:

Մեծ ուրախություն է, երբ տեսնում եմ, որ բռնցքմարտիկները շարունակում են մարզաձևի լավագույն ավանդույթները: Մեր տղաները Ռիոյում մեդալ նվաճելու իրական հնարավորություններ ունեն: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ նրանք ոգևորված մարզվում են: Բոլորն էլ երիտասարդ են և երկար ու հաղթանակներով լի ճանապարհ ունեն անցնելու:

- Ինչպիսի՞ն են բռնցքամարտի զարգացման հեռանկարները Հայաստանում:

- Օլիմպիադայից հետո հավանաբար փոփոխություններ կմտցվեն մրցականոններում. մենամարտերը կանցկացվեն 5 ռաունդով՝ 3 րոպե ժամանակով: Ըստ դրա, մենք էլ կփոխենք մարզման ձևերը: 1996-1998 թթ. նման կերպ աշխատելու փորձ արդեն ունեցել ենք՝ ռաունդը 2 րոպե ժամանակով: Դրա վրա հիմնվելով՝ կփորձենք կառուցել մարզումները: Սերունդը լավն է, մնում է միայն աշխատել և հասնել արդյունքի: Մեր պատանիները կարողացան ազատվել արևելյան մարտարվեստների գայթակղությունից և գալ բռնցքամարտ: Բռնցքամարտում մենք հաջողության հասնելու շատ լավ հնարավորություններ ունենք: Մարզիչներն էլ պետք է նվիրված աշխատեն՝ ոգևորելով ու քաջալերելով իրենց սաներին, և հաղթանակները չեն սպասեցնի:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ամեն կերպ աջակցում է մարզիչներին ու մարզիկներին: Հարցը միայն ֆինանսավորումը չէ: Նա լուծում է բոլոր խնդիրները: Մարզիկները մշտապես Արթուր Գևորգյանի ուշադրության կենտրոնում են: Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանն ուսի վնասվածքի պատճառով չէր կարողանում մարզվել: Վիրահատությունից հետո նա վերադարձել է և վերսկսել մարզումները:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ մեծապես աջակցում է մեզ: Միայն հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդյունքի:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: