Հայերեն   English   Русский  

Թուրքիան սև օրեր է ապրում. Գարո Պայլան


  
դիտումներ: 490

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Պայլանը Ստամբուլում Ալիք մեդիայի եւ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, խոսել է ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական խորհրդարանում իր հայտնի ելույթի և դրա հետևանքների մասին:

Հիշեցնենք` Պայլանը մեկ առ մեկ ընթերցեց 1915-ին Թուրքիայում սպանված հայ պատգամավորների անունները` ցուցադրելով նրանց նկարները: Պատգամավորն ասում է` թուրք ժողովորդը ոչինչ չգիտի իր պատմության ու անցյալի մասին, Թուրքիան ստեղծվել է մեծ ստի և հանցանքի վրա. «Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն` նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ցանկանում էի ցույց տալ, որ այս երկրում եղել են հայ պատգամավորներ, և նրանց երազանքը միասին, խաղաղ ապրելն էր: Նրանք ուզում էին գտնել միասին ապրելու եղանակը» :

Պայլանի խոսքերով` հայտնի ելույթից հետո շատ պատգամավորներ մոտեցել ու զարմացած հարցրել են` իսկապե՞ս հայ պատգամավորներ է ունեցել Մեջլիսը: Ըստ Պայլանի, իր ելույթի` Թուրքիայում, Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ արձագանքի պատճառն այն է, որ իրենց հաջողվեց ապացուցել այն, որ ոչ թե հայերն են դավաճանել, այլեւ թուրքերն են գետնով տվել միասին ապրելու երազանքը: Ալիքի այն հարցին` արդյո՞ք Թուրքիայի խնդիրը ծայրահեղականությունից բացի, նաև գիտելիքի պակասն է, պատգամավորը պատասխանում է. «Այո, դժբախտաբար այստեղ գիտելիքի լուրջ պակաս կա: Նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել «սև արկղը», իսկ մենք պահանջում ենք բացել այն, թուրքերն ասում են, որ իրենք են այս երկրի հիմնադիրներ հերոսները, մինչդեռ մենք ասում ենք, որ նրանք հայոց ցեղասպանությունն իրականացնողներն են: Սա լուրջ խնդիր է նրանց համար, քանի որ այս երկրում Թալեաթ, էնվեր փաշաները դեռ ապրում են: Արդեն 100 տարի է` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր , Ջեմալ փաշաները հերոսներ են»:

Պատգամավորն ասում է, որ իրենք ջանում են այս մտածողությունը փոխել` ոչ միայն հայերի, այլև բոլորի համար: Նա այն համոզմունքին է, որ քրդերը հարյուր տարի անց անցնում են նույնի միջով` միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը, ինչն էլ թույլ է տալիս շարունակել հանցագործությունը: Պայլանն անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ ծավալվող զարգացումներին: Պատգամավորը բանաձևի կարևորությունը տեսնում է այն տեսանկյունից, որ Գերմանիան, որը Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, այս կերպ փաստացի ընդունում է մեղսակցության իր բաժինը` Թուրքիային ևս կոչ անելով առերեսվել սեփական անցյալի հետ.

«Թուրքիայի վարչապետը, ցավոք սարսափելի պատասխան տվեց, հատկապես Օզդեմիրի մասին, թե պետք է նրա արյունը լաբորատորիայում ստուգել: Դա նացիստական պատասխան էր: Այսօր Թուրքիան սև օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, ծայրահեղական, իսլամական գաղափարներ ունեցողների ջրերը սկսել են կրկին նույն առվով հոսել»: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիայի իշխանություններն այսօր Եվրամիության մասին «շատ չեն մտածում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: