Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը կարևորել է հարկային համակարգը նոր մոտեցումներով բարեփոխելու անրաժեշտությունը


  
դիտումներ: 1797

Հանրային խորհրդում հունիսի 23-ին կայացած ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հարկային օրենսգրքին:

Այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են հունիսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները` բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացնելով ոչ միայն օրենսգրքի առանձին դրույթների, այլ առհասարակ օրենսգրքի բովանդակության և գաղափարախոսության վերաբերյալ:

Անդրադառնալով օրենսգրքում տեղի ունեցած առանձին փոփոխություններին` շրջանառության հարկի շեմի նվազեցման, եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման, շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման և այլնի հետ կապված` խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ փոփոխությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ հարկային համակարգի, գործարար միջավայրի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Միժամանակ, առավել կարևորվել է Հայաստանում հարկային քաղաքականության նոր հայեցակարգային մոտեցումներ որդեգրելու և համակարգը նոր մոտեցումներով բարեփոխելու անհրաժեշտությունը, որը երկարաժամկետ հեռանկարների առումով կդառնա երկրի զարգացման անկյունաքարը:

Նիստի ընթացքում որոշվել է կազմակերպել ևս մեկ քննարկում և քննարկմանը հրավիրել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, որը համապատասխան պարզաբանումներ կներկայացնի խորհրդի անդամների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ:

Հանրային խորհուրդը Հարկային օրենսգրքի քննարկումների արդյունքնում ձևավորած իր դիրքորոշումը կամփոփի համապատասխան փաստաթղթում և կներկայացնի հանրությանն ու ՀՀ նախագահին:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգային հարցերից է եղել նաև Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը: Չնայած օրեր առաջ Ազգային ժողովը վավերացրել է համայնքների խոշորացման վերաբերյալ համապատասխան նախագիծը, որով ևս 4 մարզերում կկիրառվի կառավարության ծրագիրը, Հանրային խորհուրդը մտահոգիչ է համարել ծրագրի կիրառումը` գտնելով, որ նախ պետք է խորությամբ ուսումնասիրվեին առաջին պիլոտային ծրագրի արդյունքները և ըստ այդմ որոշվեին հետագա քայլերը:

Հանրային խորհրդի նախագահը ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և այցելել համապատասխան համայնքներ` տեղում ծանոթանալու խոշորացման արդյունքներին:

Նիստի օրակարգային հարցերից է մեկն էլ վերաբերել է կրթության ոլորտին: Վազգեն Մանուկյանը հանձնարարել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի Հանրային խորհրդի անդամ Էդուարդ Ղազարյանը, և նախապատրաստվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ առաջիկայում կազմակերպվելիք հանդիպմանը, որի ժամանակ նախարարի հետ պետք է քննարկվեն հանրակրության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին առնչվող բազմաթիվ խնդիրներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: