«Ոսկե ծիրանը» մեծացնում է Հայաստանի անունը, հռչակն աշխարհում. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
«Այս տարի ևս փառատոնը ակտիվ համագործակցություն է ունեցել ՀՀ-ում աշխատող դիվանագիտական առաքելությունների հետ: Համագործակցությունն աճում է, նոր ձևեր է ստանում և տալիս նոր պտուղներ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ փառատոնը գոյության 13 տարիների ընթացքում մշտապես ներկայացրել գերմանական, ֆրանսիական, լեհական և ռուսական նորագույն ֆիլմերը:
Այս տարի Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին կնվիրվի ամբողջական ծրագիր` «Շեքսպիրն ապրում է կինոյում» խորագրով:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանակական կինոյի օր»:
Փառատոնին ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ փառատոնի կազմակերպիչները պրոֆեսիոնալ են, կազմել են մեծ ու հետաքրքիր ծրագիր, փառատոնի շրջանակում ներկայացվելու են հեղինակավոր ֆիլմեր. «Այս փառատոնը մեկն է այն մշակութային խոշոր իրադարձություններից, որոնք էլ ավելի են մեծացնում Հայաստանի անունը, հռչակն աշխարհում»,- ասաց դեսպանը
Գերմանական ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվի Աննե Զոհրա Բերախեդի Բեռլինալեի մրցութային ծրագիրց՝ «24 շաբաթ» ֆիլմը։ Այս տարի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կներկայացվի նաև գերմանահունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ «Ճակատագիր», «Մայրամուտ», «Անկում», «Քաղցրավենիք»: Մարեն Ադեի՝ գերմանական արտադրության «Թոնի Էրդման» ֆիլմը ներկայացված է Միջազգային խաղարկային մրցույթում։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին:
Տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված ֆրանսիական լավագույն ֆիլմերը: «Ամեն անգամ մեծ հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» փառատոնին, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում կինոյի սիրահարներին և այն էլ տարվա այն եղանակին, երբ հայկական ծիրանի բույրը մեզ ուղեկցում է ամենուրեք»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը:
Հուլիսի 15-ին ծրագրի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով: Ներկայացվելու է նաև «Աննա» (ռեժիսոր Ժակ Տուլըմոնդ), «Մի գնդակով երկու նապաստակ», (ռեժիսոր՝ Ֆեժրիա Դելիբա) ֆիլմերը: Միջազգային խաղարկային մրցույթում ներառված է Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը` Իզաբել Յուպերի դերակատարմամբ։
«Մշակութային բազմազանության խրախուսումը մեր դիվանագիտական գործունեության կարևոր սկզբունքներից է: Եվ շատ բնական է, որ մեր դեսպանությունը վաղուց ի վեր համագործակցում է փառատոնի հետ»,- նշեց ժամանակավոր հավատարմատարը:
Ինչ վերաբերում է բրիտանական ֆիլմերին, այս տարին փառատոնի այս մասը նվիրված կլինի Շեքսպիրին:
Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ, «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները՝ ռեժիսոր Լորենս Օլիվյեի «Համլետ» (1948), ռեժիսոր Քենեթ Բրանայի «Համլետ» (1996), Փիթեր Բրուքի «Լիր Արքա» (1971), Ռոման Պոլանսկու «Մակբեթ» (1971), Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» (1991), Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետ» (1968), Դերեք Ջարմենի «Փոթորիկ» (1979) ֆիլմերը:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»: Կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը։
Նշենք, որ «Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 10-ին: