Հայերեն   English   Русский  

Շվեդական հասարակության պարտությունների թեման՝ «Երկաթգիծ» ֆիլմում


Ոսկե ծիրան. Գունար Բերգդալի ֆիլմը ներկայացված է վավերագրական ֆիլմերի մրցույթում


  
դիտումներ: 942

Շվեդիայում ամեն տարի 80 մարդ է ինքնասպան լինում ՝ գնացքի տակ իրեն նետելով:

Մասնագիտությամբ լրագրող Գունար Բերգդալը յուրահատուկ ոճով է ներկայացրել այս թեման իր «Երկաթգիծ» ֆիլմում

Այն ներկայացված է «Ոսկե ծիրան» 13-րդ փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում:

«Վավերագրական ֆիլմերում սովորաբար ցույց են տալիս մարդկանց, իսկ մենք այնպես արեցինք, որ լսվի ձայնը: Շվեդական հեռուստաընկերությունը մերժեց այս ծրագիրը: Սակայն ուրախ եմ՝ այդ մոտեցումը աշխատեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Ֆիլմի հեղինակը խոստովանեց, որ ինքսպանությունների խնդիրը իր համար առանձնահատուկ նշանակություն ունի. 1980-ականներին նրա մոտ ընկերներից մեկը վերջ էր տել սեփական կյանքին: Նա ուներ ընտանիք, ընկերներ, կայուն կյանք և Բերգդալը մինչև հիմա իրենց հարց է տալիս, թե ինչու նա գնաց այդ քայլին:

Ընդհանուր առմամբ շվեդական հասարակության համար ինքնասպանությունները կարևորագույն հարց են. «Խնդիրն այն է, որ ոչ ոք չի քննարկում այս հարցը Շվեդիայում: Այս թեման լռության է մատնում: Տեղյակ չեմ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Սակայն ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ինքնասպանություն պարտություն է հասարակության համար: Մենք պետք է ավելի շատ խոսենք այդ մասին, քանի որ կյանքը չափից դուրս թանկ է: Կարծում եմ՝ այս ֆիլմը առիթ կդառնա հանրային քննարկման համար»:

Ֆիլմի սինոփսիսը. Ամեն տարի Շվեդիայում 80 մարդ է ինքնասպան լինում՝ կանգնելով երկաթգծին և սպասելով գնացքին: Այս ողբերգություններից յուրաքանչյուրն այսպիսով թափանցում է գնացքի վագոններից ներս: Ինչպե՞ս են մեքենավարները վերաբերվում այն փորձառությանը, որ մահը միշտ ներկա է իրենց ամեն հերթափոխին ու ամեն շրջադարձին: Շվեդական իրականության միջով անցնող երկաթուղային ճամփորդությունը մեզ հաղորդակից է դարձնում մտորումներով լի նման վկայությունների մի շարքի, պատմություններ, որոնք ձայների երգչախումբ են կազմում, մինչ մենք ճամփորդում ենք անողոք երկաթգծով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: