Հայերեն   English   Русский  

Ֆինանսների փոխնախարարը Հանրային խորհրդում պարզաբանումներ է ներկայացրել Հարկային օրենսգրքի վերաբերյալ


  
դիտումներ: 4153

Հանրային խորհրդում շարունակվում են Հարկային օրենսգրքի քննարկումները:

Ս.թ. հուլիսի 13-ին այդ հարցով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի անդամներին օրենսգրքի խնդրահարույց դրույթների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ու նախարարության պետեկամուտների քաղաքականության վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ իրենք պատրաստ են մինչև օրենսգրքի վերջնական ընդունումը որոշակի փոփոխություններ իրականցնել` հաշվի առնելով տարբեր առաջարկներ ու մոտեցումներ:

Մասնավորապես քննարկվել են շրջանառության հարկի շեմի նվազեցման, եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման, շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման հետ կապված փոփոխությունները: Դրանց վերաբերյալ առանձին-առանձին ներկայացվել են պարզաբանումներ ու հիմնավորումներ, որոնց մի մասը բավարարել է աշխատանքային խմբի անդամներին, մի մասը, այնուամենայնիվ, համարվել խնդրահարույց:

Խորհրդի անդամները հետաքրքրվել են, թե արդյոք մինչև օրենսգրքի նախագծի մշակումը իրականացվե՞լ են հետազոտություններ ու գնահատվե՞լ են տնտեսության վրա օրենսգրքի հնարավոր բացասական հետևանքների ռիսկերը:

Միրումյանը հավաստիացրել է, որ իրենք կատարել են վերլուծություններ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցությունների առումով` հավելելով, որ Հարկային օրենսգրքի հիմքում ընկած է լուրջ գաղափարախոսություն և, մի կողմ թողնելով օրենսգրքի մի քանի խնդրահարույց հարցերը, ընդհանուր առմամբ այն աննախադեպ միջոցառումների շարք է նախատեսում, որոնք լուրջ աշխուժություն կմտցնեն տնտեսության մեջ:

Այնուամենայնիվ, խորհրդի անդամներն ընդգծել են, որ առանց ոլորտային շահերը հաշվի առնելու այն շրջանառության մեջ դնելը լի է վտանգավոր հետևանքներով: Մասնավորապես նշվել է, որ հարկային օրենսգիրքն այս ձևով ընդունելը կարող է բացասական հետևանքներ թողնել հարկային համակարգի, գործարար միջավայրի, ՏՏ ոլորտի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա:

ՀԽ աշխատանքային խմբի անդամները բարձրացրել են նաև այն հարցը, որ օրենսգրքում կան հասկացություններ ու սահմանումներ, որոնք արդեն իսկ գոյություն ունեն այլ օրենքներում, և դա իրավաբանական տեսանկյունից կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, շնորհակալություն է հայտնել ոլորտի պատասխանատուներին` նշելով, որ Հանրային խորհուրդը կշարունակի Հարկային օրենսգրքի քննարկումները` հաշվի առնելով նաև այս հանդիպման արդյունքները, որից հետո բոլոր քննարկումների արդյունքնում ձևավորած իր դիրքորոշումը կներկայացնի Հանրապետության ղեկավարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: