Հայերեն   English   Русский  

​Չորացող ճյուղը կտրելու փոխարեն դադարեցնում են ծառը ջրելը


Սոցփաթեթների հանգստի բաղադրիչի կասեցման հետքերով


  
դիտումներ: 7030

Հուլիսի 7-ին կառավարությունը որոշեց ժամանակավորապես կասեցնել պետական ծառայողներին ու պետական համակարգի աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իր հանձնարարականով այս ոլորտում ուսումնասիրություն է կատարել վարչապետի վերահսկողական ծառայությունը, հիմա նաև՝ վերահսկիչ պալատը. սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչում չարաշահումներ կան:

Իհարկե, դեռևս խոսք չկա այդ բաղադրիչն ընդմիշտ հանելու մասին, խոսքը ժամանակավորապես կասեցնելու մասին է, բայց փաստ է, որ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում այս բաղադրիչի համար միջոցներ չեն նախատեսվել:

Սոցիալական փաթեթը ներառում է առողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում: 2015 թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկված անձինք իրավունք ունեն նաև իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 հազար դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:

Անդրադառնանք բուն խնդրին՝ մի կողմ թողնելով շատ տեղին հարցը, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ, քաղծառայողներ, որոնք բարեխղճորեն օգտվել են այդ հնարավորություններից, հիմա զրկվում են դրանցից սոսկ այն պատճառով, որ իրավապահ մարմինները չեն կարողանում պայքարել չարաշահումների դեմ: Պարզ է, որ եթե վարչապետը կառավարության նիստի ժամանակ է առաջ քաշում այդ հարցը, նշանակում է` այն մտահոգիչ ծավալների է հասել:

Այս կապակցությամբ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ ընթացակարգերում կան բացեր, որոնք ժամանակի ընթացքում են ի հայտ եկել: «Քաղաքացիները, քաղծառայողները կեղծ պայմանավորվածությունների են եկել հանգստյան տների հետ, իրականում չեն մեկնել հանգստանալու, սակայն այդ գումարները փոխանցվել են հանգստյան տներին: Նման դեպքերը մեծ ծավալներ են ունեցել, ստացվել է պետական միջոցների վատնում»,- նշեց Մանվել Բադալյանը: Մարդիկ փոխանցել են գումարներ, իսկ հետո դրանք հետ են ստացել, ընդ որում, սրանք ոչ թե մասնավոր դեպքեր են, այլ բավական լայն տարածում ունեն:

Իհարկե նորություն չէ, որ 2012 թ. ներդրված սոցիալական փաթեթներն իրենց նպատակին չեն ծառայում այն պատճառով, որ շատ քաղաքացիներ ուղղակի գերադասում են ոչ թե հանգստանալ, այլ դրանք վերավաճառել այլ քաղաքացու ու կանխիկ գումարով իրենց առօրյա հոգսերը հոգալ: Ու սա «բնական» է` Հայաստանի պես վատ սոցիալ-տնտեսական վիճակ ունեցող երկրում: Սոցփաթեթ ստացողները կգերադասեին փաթեթների փոխարեն ստանալ դրանցով նախատեսված միջոցները կամ ունենալ դրանք կանխիկացնելու հնարավորություն: Իհարկե, սոցփաթեթների սահմանված կարգը որոշ դեպքերում նախատեսում է նաև կանխիկացում: Մասնավորապես` սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել այլ ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ կամ էլ աշխատողի մահվան դեպքում, ժառանգի կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սոցիալական փաթեթներից օգտվում է շուրջ 100 հազար հոգի, որոնց տրամադրվող սոցփաթեթների համար պետական բյուջեում նախատեսված միջոցները կազմում են մոտ 10 միլիարդ դրամ: Ու ենթադրվում է, որ այս 100 հազար հոգու մեջ շատ քաղաքացիներ, ովքեր համապատասխանում են սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու չափանիշներին, օգտվում են այդ իրավունքից: Բայց ենթադրվում է նաև, որ նման անձանց թիվը խիստ սահմանափակ է, ուստի սոցփաթեթ ստացողների մի ստվար զանգված կգերադասի կանխիկացնել իրեն հասանելիք միջոցները` թեկուզ օրենքի գիծը մի քիչ տրորելով, թեկուզ իրենց սոցփաթեթները վաճառելով ինքնարժեքից ցածր, միայն թե իրենց առօրյա սոցիալական հոգսերը «մի քանի դրամով» թեթևացնեն:

Սրանից օգտվում է մի ամբողջ ինդուստրիա` տարբեր ճյուղավորումներով: Նախ` բազմիցս է նշվել, որ շատ տուրիստական կազմակերպություններ բառիս բուն իմաստով զբաղված են սոցփաթեթների առքուվաճառքով: Այսինքն` քաղաքացուց ձեռք են բերում փաթեթը և այն վաճառում այլ քաղաքացու: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն է բազմիցս անդրադարձել այս խնդրին` ամեն անգամ կրկնելով, որ մարդիկ ոչ թե իրենց փաթեթն են օգտագործում, այլ այդ փաթեթն ավելի ցածր գնով վաճառում են որևէ այլ քաղաքացու, որը գնում է հանգստանալու, և այս խնդիրն իրավաբանորեն չի կարգավորվում:

Բայց այս ցանցն ավելի բարդ է ու բազմազան: Յուրաքանչյուր պետական ծառայողի սոցիալական փաթեթով նախատեսված գումարը ամսական կազմում է 11 հազար դրամ, տարեկան` 132 հազար: Ընդ որում, սոցփաթեթի շահառուների համար ներդրվել է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, և 52 հազար դրամը պարտադիր տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը: Փաստորեն, ընդամենը 72000 դրամն է հնարավոր ուղղել մնացած սոցիալական ծառայություններին, այդ թվում նաև հանգստի կազմակերպմանը: Ու քանի որ փաթեթի տերն իր սոցիալական խնդիրները լուծելու համար ցանկանում է այն վաճառել, դիմում է միջնորդներին: Վերջիններս նախծատեսված 72 հազար դրամից անհամեմատ ցածր, դիցուք` 45 հազար դրամով գնում են այս փաթեթները, համապատասխան ձևակերպումներն անում ու ավելի թանկ, օրինակ` 55 հազար դրամով վաճառում են տուրօպերատորներին, որոնք էլ իրենց հերթին են ավելի թանկ, օրինակ` 5 հազար կամ 10 հազար դրամ ավելի գնով վաճառում հանգստյան տներին կամ առողջարաններին, կամ միջնորդներն իրենք են անմիջապես դրանք վաճառում վերջիններիս: Հանգստյան տներն ու առողջարաններն էլ, ի վերջո, գնում են դրանք ինքնարժեքից` 72 հազար դրամից մի 5-10 հազար դրամ ավելի էժան գնով, դրանք ներկայացնում պետությանը, ստանում համապատասխան միջոցները, տարբերությունն էլ մնում է իրենց` առանց հանգստացող ընդունելու և ծառայություն մատուցելու, հետևաբար, առանց նրանց վրա ծախս կատարելու: Բայց լինում են դեպքեր, երբ միջնորդն այդ փաթեթը գնում է պետական աշխատողից, այն վաճառում ավելի «խոշոր» միջնորդի, վերջինս էլ իր խողովակներով դրանք վաճառում է հետագա օղակներին և այլն: Մի խոսքով, ինչպես արդեն նշեցինք, մի ամբողջ ինդուստրիա է աշխատում սրա վրա:

Իսկ արդյունքն այն է, որ կառավարությունը, փոխանակ ծառի չորացող ճյուղը կտրեր կամ բուժեր, գնում է արմատական ճանապարհով` դադարեցնում է ծառը ջրելը` դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: