Հայերեն   English   Русский  

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՈՒՆ ՍԻՄՎՈԼՆԵՐ


  
դիտումներ: 8480

Սիմվոլ ասելիս առաջին հերթին հիշում ենք հայոց զինանշանը (գերբը), դրոշը, գերված Արարատը, բայց որ տարբեր ոլորտներ ունեն իրենց խորհրդանշանը` կապված պատմական ժամանակաշրջանի, տարածքի, արվեստի ու արհեստների հետ, պիտի խոստովանել, շատերս չգիտենք կամ էլ չենք կռահում: Կրկին համոզվում ես, որ հայերս շատ հարցերում առաջամարտիկ ենք:

Չեմ վարանում պնդել, որ այս եզրահանգմանը եկա՝ ծանոթանալով բանասեր, մանկավարժ Սուսաննա Սամսոնյանի ուսումնասիրությանը և այն փաստերին, որոնց մասին իմանում ենք սիմվոլների միջոցով: Այլ խոսքով՝ այն ամենի մասին, ինչ ժամանակին գրի չի առնվել որպես պատմական իրողություն, փաստերով խոսում են սիմվոլները: Օրինակները բազմաթիվ են:

Հայտնի է, որ մ.թ.ա. II հազարամյակի սկզբին աշխարհում առաջին անգամ Հայաստանում է ձուլվել երկաթը, և ահա մ.թ.ա. VIII դարի վերջին Հայաստանում հայտնագործվել է աշխարհում առաջին երկաթագիր այբուբենը:

Ոչ միայն: 30 տարվա մանկավարժը, հղում անելով աստղաբաշխության պատմությունն ուսումնասիրող մի քանի երևելիներին (Մաունդեր, Սվատց, Ճլամմարիոն, Օլկոտ), արձանագրում է, որ կենդանակերպի տասներկու նշանների հայրենիքը դարձյալ Հայաստանն է: Ըստ այդմ, հին պատկերներ հորինողներն ապրել են Եփրատի հովտում և Արարատ լեռան ստորոտում: Սևանա լճի ցամաքած շերտում (Լճաշենի մոտ) դամբարանադաշտերը պեղելիս հայտնաբերվել է տիեզերքի մոդելի եզակի նմուշ, որ վերագրվում է մ.թ.ա II հազարամյակին:

Ոչ պակաս ուշագրավ պատմություն ունի ճիշտ նույն հազարամյակում Սանահին գյուղի մոտ գտնված գոտի-օրացույցը, ըստ որի` հնագույն Հայաստանում կիրառության մեջ էր յոթնօրյա օրացույցը, որի օրերի անվանումները կապված են երկնային յոթ մարմինների` Արեգակի, Լուսնի և հինգ մոլորակների հետ: Այս ամենի հիմքում նույնպես ընկած են սիմվոլիկ պատկերներ:

Տիկին Սամսոնյանը համոզված է, որ հայկական անտիկ մշակույթի պատմության մեջ ոչ մի նախշ, գիծ, նշան կամ պատկեր հենց այնպես չի արվել: Ամեն ինչ իր խորհուրդն ու նշանակությունն ունի: Հակառակ դեպքում մենք չէինք կարողանա հազարամյակներ անց վերծանել դրանց ծագումնաբանությունը, նշանակությունն ու պատմությունը:

Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի խորհուրդը՝ խաչն ու եկեղեցին, պատկերված են ոչ միայն խաչքարերում, որմնապատկերներում, այլև տարազում, որը հայ ժողովրդի նյութական մշակույթի կարևոր դրսևորումներից է համարում տիկին Սամսոնյանը: Այնուհանդերձ, հիշեցնում է, որ տարազն ավելի շուտ մեզ տեղեկացնում է Հայաստանի տարբեր շրջանների մարդկանց ապրելակերպի, զբաղմունքի, աշխատանքի ու սովորույթների մասին: Այս ոլորտում նույնպես շատ եզրահանգումների ենք գալիս սիմվոլների միջոցով:

Իսկ սիմվոլները հիմնականում երկրաչափական պատկերներ են՝ վանդակ, եռանկյուն, ուղիղ գիծ, զիգզագ, ալիքանման, ինչպես նաև բուսական ու կենդանական պատկերներ: Օրինակ, ըստ բանախոսի, զիգզագ գիծը, օձի պատկերը ջրի և անձրևի խորհրդանիշներն էին, վայրի ու գիշատիչ կենդանիների պատկերներով ներկայացվում էին տոտեմները: Թեև օրինակները շատ են, բայց վերադառնալով տարազին` փաստում է, որ դրանում ոչ միայն զարդանախշերը սիմվոլիկ նշանակություն ունեն, այլև հագուստի բաղադրիչ մասերը: Բերում է Վասպուրականի օրինակը: Այդ բնակավայրի կանանց հագուստում կարևոր նշանակություն ուներ գոտին, որը կոչվում էր մեջկապ և բացի հագուստի բաղադրիչ մաս լինելուց, նաև ամրություն, կայունություն և ուժ էր խորհրդանշում: Իսկ լավագույն գոտիները պատրաստում էին ոսկերչության և արծաթագործության կենտրոն Վանում և ամբողջությամբ զարդարվում էին ազգային սիմվոլներով:

Զրուցակիցս զգուշությամբ հիշեցնում է, որ նախքան որևէ երևույթ մեկնաբանելը՝ պետք է իմանալ, որ սիմվոլիկ պատկերներում ոչինչ հենց այնպես չի արվում, որ ամեն խորհրդանիշի հիմքում ընկած է որևէ պատմական իրողություն: Եթե քրիստոնեական եկեղեցիների որմնանկարներում չալմայով կերպարներ տեսնենք, չշտապենք եզրակացություններ անել: «Որովհետև դրանք ոչ թե արաբական կամ այլ ազգի պատմական կամ հոգևորական դեմքերն են, այլ այն իշխանավորները, որոնց տիրապետությունը խալիֆաթի տիրապետության ընթացքում ճանաչվել է արաբների կողմից»,- ասում է նա:

Այլազգի շատ գիտնականներ մեր մշակույթին ծանոթացել են ավելի շատ խաչքարերի և մանրանկարչության միջոցով: Խաչքարերը որևէ իրադարձության կարևոր խորհրդանիշ են, քանի որ դրել ու այսօր էլ դրվում են տարբեր առիթներով:

Գորգագործությունը նույնպես հին պատմություն ունեցող մշակույթ է: Հայկական գորգի կարևոր առանձնահատկությունը նախշերն են, որոնցով և այն առանձնանում է այլազգի գորգերից: Նախշը երբեք ինքնանպատակ չի արվել, յուրաքանչյուր նախշ իր խորհուրդն է ունեցել: Բացի այդ, գորգը ծառայել է ոչ միայն որպես կենցաղային իր, ունեցել է նաև պաշտպանական նշանակություն՝ թե՛ ուղղակի և թե՛ խորհրդանշական իմաստով: Այդ իսկ պատճառով, ըստ ուսումնասիրության հեղինակի, գորգը հիմնականում կախել են մահճակալի մոտ, այն քնած մարդուն պաշտպանելու նշանակություն է ունեցել: Հայկական գորգերը պարունակում են ուրույն գունային երանգներ, պատկերային և սիմվոլային գաղափարներ: Թեմաները տարբեր են: Իսկ բուսականության և որսորդության թեմաները մեր գորգագործությունում հայտնվել են XVIII դարից;

Իր «Խորհրդանիշը հայ մշակույթում» աշխատությունում տիկ. Սամսոնյանը նման բազմաթիվ օրինակներ ունի: Ասում է, որ արցախյան գորգերի մեծ մասը վիշապագորգ է, ու մի քանի անուններ է թվարկում. «Վիշապագորգ Ղարաբաղի» (XIX դար, 243-162 սմ), «Վիշապագորգ Արցախ» (XIX դար, 220-327 սմ): Ըստ նրա՝ 1896 թ. «Ղարաբաղյան գորգի» վրա խտացված են գրեթե բոլոր սիմվոլները:

Արցախի նշանավոր Հասան Ջալալյանների տոհմական գորգը պարունակել է սիմվոլների կոդավորում: Այդ «Առյուծաձև» կոչվող գորգը նվիրում էին տոհմի այն անդամներին, ովքեր նոր ընտանիք էին կազմում: Իսկ XVIII դարում ամենահայտնին և արժեքավորը «Անահիտ» գորգն էր:

Խորհրդային շրջանում Հայաստանում արտադրված գորգերն անվանում էին արտադրող քաղաքի անունով: Այսպես` Երևանի, Իջևանի, Դիլիջանի, Բայազետի, Զանգեզուրի, Նախիջևանի, Սյունիքի, Սասնա:

Այսօր բարձր է գնահատվում իջևանյանը, որը հիմնականում պատրաստվում է հայկական մանրանկարչության տարրերով: «Հիմնական մոտիվը ծաղիկն է` շուռ եկած տերևներով: Կենտրոնում տեղակայված են ավելի խոշոր ծաղիկները, փոքրերը՝ եզրերում: Ծաղկային պատկերներից դուրս են գալիս ատամնավոր նախշեր, ինչպես նաև երկրաչափական պատկերներ, ընտանի կենդանիներ և այլ գազաններ»:

Թեև տիկին Սամսոնյանը գնահատում է պարսկական գորգը, կարծում է, որ հայկականը խիստ տարբերում է դրանցից և այլ երկրների գորգերից: Արաբները հարուստ էին համարում այն մարդուն, որն իր տանը հայկական գորգ ուներ: Արաբական իշխանությանն ամեն տարի 20 գորգ է նվիրվել որպես հարկ, և դա համարվել է ամենաարժեքավոր հարկը, որի շնորհիվ պետական-առևտրային շատ խնդիրներ է կարգավորվել:

Հայկական գորգը միշտ աչքի է ընկել ներկերի տեխնիկական ստացման և սիմվոլների առանձնահատկություններով, հատկապես՝ երբեք չխամրող որդան կարմիր ներկով: «Բայց հիմա այդ գույնը ստանում են հիմնականում տորոնի արմատից, իսկ դեղինը` անթառամ ծաղկից: ժամանակակից գորգարվեստում 22-23 ներկանյութից ստանում են 600-ից ավելի գունային երանգներ»,- ասում է տիկին Սուսաննան ու անցում կատարում առասպելական խորհուրդ ունեցող նռանը, որը որպես խորհրդանշան կարելի է հանդիպել հայկական արվեստի բոլոր ճյուղերում, անգամ բանարվեստում, գրականության մեջ:

«Այն խորհրդանշում է մեր ժողովրդի ճակատագիրը. բացում ես` արյուն է կաթում, ազգի պես միասնական ու կուռ է իր հատիկների հավաքական ամբողջության մեջ: Այն հողից է սնվում և որպես հողեղեն ծաղիկ դեպի արևն է ձգտում»,- ասում է զրուցակիցս՝ հիշեցնելով, որ այն որպես ազգային սիմվոլ նկատվում է դեռևս VII դարից, իսկ XXI դարում վերաիմաստավորվեց և աշխարհին ներկայացավ որպես Հայաստան երկրի զբոսաշրջության սիմվոլ:

Նուռը բազմաթիվ խորհուրդներ ունի` երկրագունդ, տիեզերք, եկեղեցի, ազգ, ընտանիք, կենաց ծառ, արյուն, խաչելություն: Իսկ նռան գինին կենդանության և ուժի խորհրդանիշ է, առասպելական ըմպելիք, որից հարբում է Սասնա Դավիթը: Եթե ճաքած նուռը կապանքներից ազատվել, ազատագրվել է խորհրդանշում, ապա հյութը` զատիկի գառան արյուն:

Դժվար է չհամաձայնել տիկին Սամսոնյանի այն մտքին, թե «մեր սիմվոլները պատմամշակութային արժեքներ են, որովհետև զուտ հայկական են, անջնջելի են, դրանք անխոս վկաներն են բազմադարյա և հարուստ մշակույթ ունեցող ազգի, որ կոչվում է հայ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: