Հայերեն   English   Русский  

​Անգամ մերոնք են նշում, որ մենք հիմա դաշնակիցներ չունենք. Արա Պապյան


  
դիտումներ: 2972

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլից դիվանագետն առանձնապես դրական ակնկալիքներ չունի

Վերջին շրջանում բավականին ակտիվություն է նկատվում արցախյան խնդրի կարգավորման գործընթացներում` սկսած նախագահների հանդիպումից մինչև տարբեր երկրների արտգործնախարարների հանդիպումները: Նաև բավականին շատ հայտարարություններ հնչեցին: Այս թեմայի շուրջ «Անկախը» զրուցել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանի հետ:

- Պարո՛ն Պապյան, Ձեր դիտարկմամբ` ի՞նչ գործընթացներ են այսօր ծավալվում:

- Գիտեք` տարբեր աղբյուրներից տեղեկություններ կան, որ իսկապես բանակցություններ են ընթանում հինգ շրջանները զիջելու մասին: Այսինքն` դիտարկվում են Կազանի փաստաթղթի «լավրովյան» զարգացումները, ինչը, բնական է, անընդունելի է: Եվ դա շատ ծածուկ է կատարվում, առանց բաց քննարկման: Իհարկե, երբեմն պետությունը կարող է իսկապես հարկադրված լինել ինչ-որ բան զիջել, բայց դա պետք է ժողովրդի հետ քննարկվի, ժողովրդին բացատրվի, թե ինչ է կատարվում, ու եթե ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել և պաշտպանել իր հայրենիքը, ես չեմ կարծում, որ իշխանությունները զիջումներ անելու իրավունք ունեն առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

- Լավրովն այցելեց Բաքու, հանդիպումներ ունեցավ, այնուհետև հնչեցին որոշ հայտարարություններ, թե բանակցային գործընթացն ավելի քան երբևէ մոտ է հանգուցալուծմանը, էլ չասած տարբեր ոչ պաշտոնական մեկնաբանությունների մասին: Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ է ցույց տալիս:

- Դա նշանակում է, որ այսօր Ադրբեջանն է Ռուսաստանի համար հիմնական նպատակակետը. ուզում է Ադրբեջանին համոզել: Իսկ ինչո՞վ պետք է համոզեն, շահագրգռեն. ինչ-որ բան Ադրբեջանին տալով: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ ռուսական կողմը մերոնց իսկի բանի տեղ էլ չի դնում: Այսինքն` ոչ թե ձևականորեն կանչում են, երեքով նստում սեղանի շուրջը, որ գոնե ձևականորեն ասեն, թե երեք կողմերը տեղյակ են ու համաձայն, այլ Լավրովը գնում է, որ, ի դեպ, միջնորդ է ու ընդհանրապես կապ չունի, ինչ-որ բաներ է պայմանավորվում, հետո էլ հայտարարություններ են անում, թե խնդիրը մոտ է հանգուցալուծմանը: Ինչպե՞ս կարող է Լավրովը հայտարարել, թե հարցը մոտ է հանգուցալուծման, երբ հայկական կողմը ներկայացված չէ, իսկ հայկական կողմն էլ քանի անգամ հայտարարել է, որ առանց ղարաբաղյան կողմի այս հարցը չի լուծվի: Այսինքն` մի բան ասում են, մի այլ բան անում: Պետք էր ուղերձով դիմել ժողովրդին, բացատրել իրերի իսկական դրությունն ու ընթացքը: Անգամ ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի հետ չխոսեցին. այն ժողովրդի, որը, ըստ էության, պատերազմի ամբողջ ծանրությունն իր վրա վերցրեց բանակի հետ հավասար:

- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ այցելեց Ռուսաստան ու այնտեղից որոշ ուղերձներ հղեց, մասնավորապես ողջունեց ռուսական կողմի նախաձեռնողականությունը և շնորհակալություն հայտնեց Պուտինին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ցուցաբերած նախաձեռնողականության համար: Դա ի՞նչ կարող է նշանակել, ԱՄՆ-ն Ռուսաստանի՞ն է թողնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մենաշնորհը»:

- Իրականում մենք չգիտենք, թե ինչ են խոսել, հաղորդվում է, թե ով ինչ է ասել: Որովհետև կար այլ տեղեկատվություն: Ճիշտ է` լուրերը հարուստ չեն, բայց բնական է` դիվանագիտության մեջ, եթե պետք է ինչ-որ կարևոր «ոչ» ասես, սկզբում «այո» ես ասում, գովում-գովում ես, ու ամենակարևոր միտքը վերջին պարբերությամբ է ասվում: Կարծում եմ` հիմնական միտքն այն էր, որ դա պետք է Մինսկի խմբի շրջանակներում լուծվի և խաղաղ ճանապարհով: Այսինքն` ԱՄՆ-ն վերահաստատում է այդ ուղերձը ու պարզ է` իրենց շահի տեսանկյունից, այլ ոչ մեր: Եվ անգամ իրենց շահի տեսանկյունից ընդունելի չէ այս խնդրի Ռուսաստանի առաջարկած լուծումը: Ես այնքան էլ վստահ չեմ, որ Ռուսաստանն իսկապես ուզում է լուծել, որովհետև այս չլուծված կամ կիսալուծված տարբերակն իրեն ձեռնտու է, բայց անգամ այդ պարագայում թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Եվրամիությունը` հանձին Ֆրանսիայի, իրենց շահերից ելնելով, չեն գնա այդ համաձայնությանը:

- Թուրքիայի արտգործնախարարն էլ Բաքվում էր հայտարարել, թե Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն Թուրքիա` քննարկելու ղարաբաղյան հարցը: Իհարկե դա չեղավ հայտնի պատճառով, բայց դա ի՞նչ կարող է նշանակել, եթե գումարենք նաև այն, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էլ, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին, նշել էր, թե Ռուսաստանը կողմ է ցանկացած կառուցողական առաջարկի:

- Դա լավ նշան չէր: Մեր և իրենց «կառուցողականի» գնահատականները կարող են տարբեր լինել, ինչ որ Ռուսաստանը համարում է կառուցողական, մեզ համար կարող է ընդհանրապես կառուցողական չլինել: Այդուհանդերձ, եթե համանախագահները Թուրքիա են գնում, արդեն վատ է: Որովհետև մենք գիտենք` թուրքերը շողոքորթ դիվանագիտություն ունեն, բացի այդ, մթնոլորտն է ազդում, ամեն ինչ ազդում է դիրքորոշումների վրա: Ուստի լավ է, որ չեղավ այդ այցելությունը, գոնե այդ մի հարցով Թուրքիայի տապալված հեղաշրջման փորձը միգուցե մեզ օգնեց:

- Այս ամենով հանդերձ` այս պահի դրությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ի՞նչ ակնկալիքներ կամ սպասելիքներ պետք է ունենանք:

- Լավ ակնկալիքներ չկան, որովհետև, ըստ էության, անգամ մերոնք են ասում, որ մենք դաշնակից չունենք: Նման հայտարարություն անելուց հետո արտգործնախարարը պետք է հրաժարական տար նախագահի հետ միասին: Այսինքն` նրանք, ովքեր արտաքին քաղաքականության համար պատասխանատու են: Այսինքն` դուք հասցրել եք երկիրը մի վիճակի, երբ մենք դաշնակից չունենք… Ի վերջո, պատերազմը կանխարգելող կարևոր գործոններից մեկը արտաքին քաղաքականությունն է, և պաշտպանության առաջին գիծը դիվանագիտությունն է: Երբ բանակն է մտնում խաղի մեջ, նշանակում է՝ այս գծում ձախողել են: Իսկ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկել արտաքին քաղաքականություն իրականացնողներին ու որոշողներին: Ցավով եմ ասում` ես առանձնապես դրական ակնկալիքներ չունեմ, որովհետև մենք տեսնում ենք, որ էլի մնում է «հող՝ ինչ-որ մի բանի դիմաց» սկզբունքը, և եթե նախկինում «հող՝ կարգավիճակի դիմաց» էր, ապա հիմա սկսել է գործել «հող՝ ավելի կայուն վիճակի համար» սկզբունքը, որն ավելի անընդունելի է ու մինչ այժմ առաջարկված բոլոր սկզբունքներից ամենավատը. արդեն խաղաղություն էլ չեն երաշխավորում, այլ ընդամենը ավելի կայուն վիճակ:

- Եվ ի՞նչ պետք է անի հայկական կողմը, որպեսզի մեզ համար այս «պատային» վիճակից դուրս գանք:

- Պետք է վերականգնի հավասարակշռությունը, դադարեցնի իր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից: Այսինքն` մենք առաջ ինչպե՞ս էինք կարողանում հակակշռել ազդեցությունները. ուզում եք հիմա «կոմպլիմենտար» կոչեք, ինչ ուզում եք` կոչեք, բայց դա իրական բովանդակություն ունեցող հարց է, մենք դրա վրա խաղում էինք, ունեինք սերտ ռազմական համագործակցություն Ռուսաստանի հետ և նույնքան սերտ քաղաքական համագործակցություն` Արևմուտքի հետ, և այդ հավասարակաշռությունը կարողանում էինք պահել: Եվ հենց դրա շնորհիվ էր, որ պատերազմ չէր լինում: Պատերազմն եղավ, որովհետև մենք, այսպես ասած, մնացինք մեկ երկրի հույսին, իսկ այդ երկիրն էլ տեսանք՝ առանձնապես բան չի անում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: