Հայերեն   English   Русский  

Սեփականաշնորհվել է շենքի ջրի պոմպակայանը.անթույլատրելի է


  
դիտումներ: 411

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Նամակ եմ ստացել Երևանի Ազատամարտիկների 76 շենքի բնակիչներից այն մասին, որ շուրջ երեք տարի առաջ Ձեր 03.09.2013 թ. հ. 4386-Ա որոշմամբ Վահան Բեգոյանին սեփականության իրավունքով տրված տարածքում է գտնվում շենքին կից ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված ստորգետնյա շինությունը, որը 6 շենքերի է սպասարկում: Ըստ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի տվյալների, պոմպակայաններից մեկում վերջերս տեղադրվել են իտալական արտադրության երկու ավտոմատ կարգավորող նորագույն թանկարժեք պոմպեր, որոնք սպասարկում են հ. 76, 11, 12, 14, 16 և 18 շենքերի ջրամատակարարումը:

Ձեր կողմից 23.09.2015թ. տրված հ. 01/18-Բ-5237-795 շինթույլտվությամբ իրավունք եք տվել Վահան Բեգոյանին Ազատամարտիկների 76/4 հասցեում 2.3*2.3 քառակուսի մետր տարածքում, համարյա մայթի վրա, հողի երեսին իրականացնել նոր պոմպակայանի շինարարություն, որտեղ, բնակիչների մտահոգությամբ, պոմպերը ձմռանը ցրտից չեն պաշտպանվելու (կարծում եմ տեղին է նրանց մտահոգությունը): Հիշեցնեմ, որ գործող պոմպակայանը գետնի մեջ է կառուցված և այնտեղ երկու թանկարժեք, իտալական ավտոմատ կարգավորող նորագույն թանկարժեք պոմպեր են մոնտաժված, որոնց ապամոնտաժման թույլտվություն ունի՞ արդյոք նոր պամպակայանի կառուցապատողը:

Բնակիչները տարիներ շարունակ բողոքում են, որ 6 շենքերի սպասարկող ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված շինության տարածքի սեփականաշնորհումն անօրինական է, որովհետև այդ պոմպակայանը պատկանում է բազմաբնակարան շենքերին և դա իրենց սեփականությունն է ու առանց իրենց համաձայնության իրավունք չունեիք այն սեփականաշնորհել մեկ ուրիշի:

Ձեր N 4386-Ա, 03.09.2013թ. որոշման մեջ նշված է, որ «Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում»։ Այնինչ, 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1) ենթակետն ասում է. «Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար», այսինքն՝ նախատեսված է գործառնական նշանակությամբ՝ պոմպակայան օգտագործելու համար: Փաստորեն, Ձեր որոշման հիմնավորման մեջ օրենքի խեղաթյուրում կա: Հիմնավորումը գրողը օրենքը կամայականորեն է մեկնաբանել:

Խնդրում եմ տրամադրել այս մասին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի եզրակացությունը, որի մասին 19.02.2016թ. 18-08/2-5377 թվակիր նամակով Համատիրությունների նախագահների ասոցիացիայի նախագահ պարոն Գրիգորյանին էր հայտնել պարոն Քասարյանը:

Բնակիչների անունից խնդրում եմ վերանայել տարածքի սեփականաշնորհման մասին որոշումը, որի վրա, ըստ պարոն Քասարյանի ստորագրությամբ 19.02.2016թ. 18-08/2-5377 թվակիր նամակի, տարածքի կառուցապատման վերաբերյալ հայտ չի ներկայացվել, իսկ դրա առկայության դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հարցի քննարկման ժամանակ, ինչպես խոստացել է պարոն Քասարյանը, հաշվի կառնվի բնակիչների դիրքորոշումը:

Հուսով եմ, որ պոմպակայանի տեղափոխման և նրա վրա կառուցապատում իրականացնելու մտադրության վերաբերյալ բնակիչների բարձրացրած հարցերը պատշաճ լուծում կստանան, նամանավանդ` նրանք 21.07.2016թ. ժամը 14:20-ին դիմել են նաև Թեժ գիծ, որին անմիջապես արձագանքել է քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն ու նույն օրը տեղում ուսումնասիրել է բնակիչների ահազանգը:

Խնդրում եմ նաև տրամադրել պարոն Սիմոնյանի գրավոր արձագանքը՝ Թեժ գծի զանգի հետքով տեղում հարցի ուսումնասիրության մասին»:

Տիկին Բախշյանը նամակին կից ուղարկել է նաև համապատասխան լուսանկարներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: