Հայերեն   English   Русский  

Բակո Սահակյանը ծանոթացել է թալիշցիների համար բնակարանների կառուցման ընթացքին


  
դիտումներ: 739

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների եւ հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին:

բակո սահակյան

Նախագահն այցելել է նաեւ Ալաշան տեղամաս եւ տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետեւանքները վերացնելու համար:

բակո սահակյան

Այնուհետեւ Պողոսագոմեր գյուղում նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:

Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

բակո սահակյան

Քննարկվել են Մարտակերտի շրջանի եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր եւ կայուն տեմպերով:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: